[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ առողջապահության նախարարի ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ

 

Այսօր՝ հունիսի 21-ին նշվում է Բուժաշխատողի օրը: Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն ուղերձ է հղել բուժաշխատողների մասնագիտական տոնի կապակցությամբ.«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Տոնն առիթ է ոչ միայն ամփոփելու առողջապահական համակարգի ձեռքբերումները և մատնանշելու խնդիրները, այլև հրաշալի հնարավորություն՝ երախտիքի անկեղծ խոսք հղելու մեր բազում բժիշկներին, բուժքույրերին ու մայրապետներին, ովքեր գիշեր ու զօր մեծ նվիրումով, իրենց առաքելությանը հավատարիմ, համեստորեն մատուցում են իրենց ծառայությունը: Ոլորտը, որը ներկայացնում եք դուք, առանձնակի կարևորություն ունի մեր հանրության կյանքում, քանզի մարդիկ Ձեզ են վստահում ամենաթանկը՝ իրենց առողջությունը։ Մասնագիտական Ձեր բարձր պատրաստվածությամբ և պատրաստակամությամբ, ամեն օր տասնյակ կյանքեր են փրկվում, իսկ նվիրված աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ հարյուրավոր մարդիկ ապաքինվում են: Մասնագիտական այս գեղեցիկ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ նաև Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակից գործընկերներին։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ռազմական բուժաշխատողներին, ովքեր ինքնամոռաց նվիրված են հայ զինվորի կյանքն ու առողջությունը պահպանելու գործին: Վստահ եղեք, որ յուրաքանչյուրիդ ամենօրյա բարեխիղճ աշխատանքը կարևոր ներդրում է Արցախի Հանրապետության բնակչության առողջության պահպանման գործում: Որպես առողջապահական համակարգի առաջնային պատասխանատու՝ խոստանում եմ շարունակաբար գործադրել բոլոր ջանքերը՝ մեր մեծ ընտանիքի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները միասին հաղթահարելու և մրցունակ ու բարձր արդյունավետությամբ առողջապահություն ունենալու համար։ Սիրելի՛ գործընկերներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն և հաջողություններ Ձեր չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանքում: Խաղաղություն և բարեկեցություն Ձեր ընտանիքներին»: