[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը« հատկապես հետպատերազմյան շրջանում« կարևորում է ոչ միայն հաշմանդամության սահմանման գործընթացի կարգավորումը, այլ նաև հաշմանդամների վերականգնողական միջոցառումների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը և սոցիալական ներառման ապահովումը: Մեր հարցերին պարզաբանում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության սոցիալական աջակցության և հաշմանդամների հիմնահարցերի վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Մելինե ՊԵՏՐՈՍՅԱՆԸ։ 

-Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, նրանց կյանքի որակի բարձրացման և առողջության վերականգնման առումով գործում են պետական տարբեր ծրագրեր։ Հաշմանդամներին հասարակության մեջ ինտեգրելու նպատակով ներկայիս գործող ծրագրերը։

-Ամեն տարի մշակվում և ԱՀ պետական բյուջեի նախագծի կազմում Ազգային ժողով է ներկայացվում Հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը, որի նպատակը հաշմանդամների իրավունքների պաշտպանության և նրանց սոցիալական ներառման համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումն է: Տարեկան ծրագիրը կազմելիս հաշվի են առնվում շահագրգիռ գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկությունները։

Հաշմանդամներին վճարվում են աշխատանքային, զինվորական, սոցիալական հաշմանդամության կենսաթոշակներ։ Ամեն տարի ԱՀ հիշարժան օրերի կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց, ինչպես նաև զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին տրամադրվում է միանվագ դրամական օգնություն: Բացի դրանից, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող և մահացած, Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով ստացած վնասվածքների, խեղումների, առաջացած հիվանդությունների պատճառով հաշմանդամության կենսաթոշակ ստացած և մահացած զինծառայողների ընտանիքներին հատուցվում են գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը:

Հաշմանդամների կյանքի որակի բարձրացման հարցում մեծ դերակատարում ունեն պրոթեզաօրթոպեդիկ և օժանդակ այլ պարագաները, ուստի պետական միջոցներով նրանց տրամադրվում են տարատեսակ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, օժանդակ միջոցներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության միջև կնքված Համագործակցության մասին հուշագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, մասնավորապես՝ ձեռքի պրոթեզներ և ձայնաստեղծ սարքեր, որոնց հատկացման գործընթացն Արցախում դեռևս չի իրականացվում։

Օրենսդրությամբ սահմանված կարգով շարունակվում են հաշմանդամներին տրամադրվել առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր:

Տարիներ շարունակ նախարարությունը մանկական ուղեղային կաթվածով տառապող հաշմանդամ երեխաներին ուղեգրում է առողջարանային բուժման, ինչը դրական է անդրադառնում այդ երեխաների առողջության վրա: Յուրաքանչյուր տարի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից առողջարանային բուժման կարիք ունեցող երեխաների տվյալները տրամադրվում են նախարարության վերականգնողական ծրագիրն իրականացնող կառուցվածքային ստորաբաժանմանը, որի պատասխանատուներն էլ դրա մասին անհատական իրազեկում են մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր երեխաներին ու նրանց հարազատներին և ընդգրկում տվյալ ծրագրում:

-Ինչպե՞ս են կարգավորվում սահմանափակ կարողություններով անձանց զբաղվածության խնդիրները և այդ առումով գործող ծրագրերի մասին տեղեկատվությունը մի՞շտ է հասանելի։

-ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից իրականացվող պետական տարբեր ծրագրերի վերաբերյալ պարբերաբար իրազեկվում է նախարարության ֆեյսբուքյան էջով և զանգվածային այլ լրատվամիջոցներով:

Սահմանափակ կարողություններով անձանց զբաղվածության խնդիրների լուծման նպատակով ներդրվել են ծրագրեր։ Այսպես, ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին տրամադրվում է միանվագ փոխհատուցում: Ծրագրի նպատակն է՝ աշխատաշուկայում անմրցունակ անձանց ընձեռել հնարավորություններ աշխատանքի վայրում ձեռքբերելու համապատասխան ունակություններ ու կարողություններ, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման աջակցության միջոցով լուծել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը: Ծրագրում ներառված են երկու ենթածրագրեր, որոնք աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար կարող են իրականացվել ինչպես համատեղ, այնպես էլ՝ առանձին. ա) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին, բ) հաշմանդամություն ունեցող գործազուրկների աշխատատեղի հարմարեցման համար միանվագ փոխհատուցում գործատուին:

Տեսողությունից կամ տեղաշարժման (սայլակով տեղաշարժվող) խնդիրներով առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հարմար աշխատանքի տեղավորման դեպքում յուրաքանչյուր անմրցունակ անձի համար օրացուցային վեց ամիս ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է փոխհատուցում` տվյալ անմրցունակ անձի համար սահմանված ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Գործում և նախարարության կողմից ֆինանսավորվում է նաև սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը: Սույն ծրագրից կարող են օգտվել ինչպես հաշմանդամները, այնպես էլ նրանց ընտանիքի անդամները: 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ