ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հարցազրույց ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալության անհատական վերականգնողական ծրագրերի բաժնի պետ Լիլիթ ԱՍՐՅԱՆԻ հետ։
-Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով «բնականաբար» աճել է ԱՀ հաշմանդամների թիվը։ Ո՞ր դեպքերում են քաղաքացուն տալիս հաշմանդամության կարգավիճակ:
-Անձի հաշմանդամությունը որոշվում է բժշկասոցիալական փորձաքննությամբ, որն իրականացնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը: Փորձաքննվելու նպատակով անձը դիմում է ԲՍՓ հանձնաժողովին՝ դիմումին կցելով առողջության խաթարումը հավաստող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաև համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացրած բուժհաստատության կողմից տրված ուղեգիրը: ԲՍՓ հանձնաժողովն ուսումնասիրում է ֆունկցիայի կայուն խանգարումները բնութագրող որակական և քանակական ցուցանիշները, դրանց առաջացրած սոցիալական անբավարարությունը, գնահատում անձի կենսագործունեության սահմանափակման աստիճանը, ձևակերպում փորձաքննական ախտորոշումը, քննարկում ստացված արդյունքները և դրանց հիման վրա ընդունում անձին հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու որոշում: Հաշմանդամության հանգեցրած պատճառներից անկախ՝ հաշմանդամությունը սահմանվում է ԱՀ օրենսդրությամբ ամրագրված չափորոշիչներին համապատասխան:
- Պատերազմից հետո ի՞նչ փոփոխություններ են կատարվել կառույցի գործունեության մեջ։ Որոշակի ժամանակահատվածում կենտրոնը դադարեցրել էր հաշմանդամների կարգավիճակի սահմանման գործընթացը։ Ինչպե՞ս են կանոնակարգվում այդ հարցերը։
-2020թ. օգոստոսից Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հետևանքով հնարավոր չեղավ նախատեսվող ժամկետներում իրականացնել համապատասխան կառուցվածքային փոփոխություններ և վերականգնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի բնականոն աշխատանքը: Դրանից ելնելով՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները՝ հանձնաժողովի գործունեության դադարեցմամբ պայմանավորված առաջացած խնդիրները մեղմելու ուղղությամբ: Կառավարության որոշման համաձայն երկարաձգվել են հաշմանդամություն ունեցող անձանց վերափորձաքննության ժամկետները՝ շարունակելով վճարել քաղաքացիների կենսաթոշակներն ու սոցիալական այլ վճարներ՝ նախկին հաշմանդամության խմբի համար հաշվարկված չափերով։ Զուգահեռ՝ նախարարության կողմից կազմակերպվել է բժշկասոցիալական փորձաքննության առաջին անգամ և առողջության վատթարացմամբ պայմանավորված վերափորձաքննության համար դիմած անձանց փորձաքննությունները ՀՀ Գորիս քաղաքում։
ԱՀ կառավարության 2021թ. մարտի 4-ի համապատասխան որոշմամբ դադարեցվել է ՙԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոն՚ ոչ կառավարչական հիմնարկի գործունեությունը և ԱՀ կառավարության 2021թ. մարտի 4-ի մեկ այլ որոշմամբ ստեղծվել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը, որն էլ բնականոն գործում է 2021թ. ապրիլի 1-ից սկսած: Հետպատերազմյան շրջանում փոփոխություններ են իրականացվել ԼՂՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 29-ի ՙԲժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին՚ N 488 և 2004թ. դեկտեմբերի 21-ի ՙՏուժած անձանց արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինվորական ծառայության և այլ հանգամանքների հետ մահվան պատճառական կապը որոշելու կարգը հաստատելու մասին՚ N 507 որոշումներում: Այդ փոփոխություններով վերանայվել է բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման կարգը և 2021թ. հունիսի 10-ից մինչև 2022թ. հունիսի 1-ը սահմանվել էր բժշկասոցիալական վերափորձաքննությունների (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված որոշակի դեպքերի) իրականացման հատուկ պարզեցված ընթացակարգ (վերափորձաքննության համար դիմող անձը ներկայացրել է միայն բժշկասոցիալական փորձաքննության իրականացման դիմումը, առանց դիմումին կցվող՝ հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի), ապահովվել է ԲՍՓ գործակալության կանոնադրությամբ սահմանված գործառույթների իրականացումը: Հատուկ պարզեցված ընթացակարգով փորձաքնությունների իրականացման արդյունքում շուրջ մեկ տարի հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց հաշմանդամության խմբերը պահպանվել են՝ առանց հիվանդի օբյեկտիվ զննության և առողջական վիճակի գնահատման:
Ապահովվել է նաև ԲՍՓ հանձնաժողովի ինքնուրույնությունը՝ բացառելով այլ անձանց միջամտությունը փորձաքննական որոշումների կայացմանը։ Միաժամանակ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի հրամանով ստեղծված ԲՍՓ բողոքարկման և վերահսկողական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր անգամ տարբեր բժիշկների ընդգրկումը խստացրել է փորձաքննական որոշումների նկատմամբ իրականացվող վերահսկողությունը և բարձրացրել ոլորտի նկատմամբ բնակչության վստահությունը:
-Ինչպե՞ս են սահմանվում հաշմանդամության ժամանակավոր և անժամկետ խմբերը։
-1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է 2 տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը՝ 1 տարի ժամկետով, իսկ ՙհաշմանդամ երեխա՚ կարգավիճակը՝ 2 տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը: Հաշմանդամության խումբն անժամկետ սահմանվում է՝
ա) 63 տարին լրացած անձանց,
բ) վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության, հաշմանդամի սոցիալական անբավարարության վերացման կամ նվազեցման անհնարինության դեպքերում, որոնք հետևանք են անատոմիական արատով կամ անդառնալի կառուցվածքային փոփոխություններով կամ օրգանիզմի օրգան-համակարգերի ֆունկցիաների խանգարումով առողջության խաթարմամբ պայմանավորված կենսագործունեության կայուն սահմանափակման,
գ) իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, որը բերում է հաշմանդամի մշտական սոցիալական պաշտպանության անհրաժեշտության (առնվազն 7 տարվա ընթացքում բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների դիտման պայմաններում), իսկ երկու և չորս տարի դիտման պայմաններում՝ համաձայն ԼՂՀ կառավարության 2003թ. ընդունված համապատասխան որոշմամբ հաստատված հավելվածների, դ) մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում:
-Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերը բազմաբնույթ են։ Նրանց կյանքի որակի բարձրացման և առողջության վերականգնման առումով գործում են պետական տարբեր ծրագրեր։ Որքանո՞վ են հաշմանդամները տեղյակ այդ ծրագրերին և ի՞նչ արդյունավետությամբ են դրանք գործում։
- Հետպատերազմյան շրջանում նախարարության կողմից կարևորվում է ոչ միայն հաշմանդամության սահմանման գործընթացի կարգավորումը, այլ նաև հաշմանդամների վերականգնողական միջոցառումների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը և սոցիալական ներառման ապահովումը: Այդ կապակցությամբ ԲՍՓ գործակալության կազմում սկսել է գործել նաև անհատական վերականգնողական ծրագրերի բաժինը, որը մշակում և հաստատում է հաշմանդամների անհատական վերականգնողական ծրագրերը, իսկ առողջապահական և պրոթեզաօրթոպեդիկ ծառայություններ մատուցող կազմակերպություններին, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին տրամադրում խորհրդատվություններ և եզրակացություններ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական միջոցառումների, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու և այլ հարցերի վերաբերյալ՝ աջակցելով դրանց իրականացմանը: Հաշմանդամության սահմանման հետ միաժամանակ յուրաքանչյուր հաշմանդամի համար կազմվում է անհատական վերականգնողական ծրագիր, որն էլեկտրոնային տարբերակով հասանելի է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հաշմանդամների վերականգնողական միջոցառումներ իրականացնող բոլոր կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին, ինչպես նաև ՙՍտեփանակերտի պրոթեզաօրթոպեդիկ կենտրոն՚ ՊՈԱԿ-ին: Նախարարության կողմից իրականացվող պետական տարբեր ծրագրերի վերաբերյալ իրազեկումը պարբերաբար իրականացվում է նաև նախարարության ֆեյսբուքյան էջով և զանգվածային այլ լրատվամիջոցներով:
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ