[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԾՐԱԳԻՐ ՈՒ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՍՊԱՍՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում տնազուրկի կարգավիճակում հայտնված հազարավոր քաղաքացիների տարաբնույթ խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար ստեղծված կառույցները քիչ չեն։ Նրանց համար ամենացավոտ՝ բնակապահովման հարցով զբաղվում է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն։ «ԱԱ»-ն զրույցի է հրավիրել Կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանին՝ պարզելու, թե ինչ հուսադրող նորություններ ունի կառույցը տևական ժամանակ բնակարանի սպասող քաղաքացիների համար։

-Տեղահանված քաղաքացիներին ժամանակավոր բնակության պայմաններ ապահովելու հարցով նախկինում զբաղվում էր ՏԿԵ նախարարությունը, այդ գործառույթը վերապահվել է ձեր կառույցին։ Ինչպե՞ս է ընթանում գործընթացը։
-Ասեմ, որ ծրագիրը մեզ է հանձնվել արդեն փոփոխության ենթարկված տարբերակով, ինչն արվել է հօգուտ մեր տեղահանված քաղաքացիների։ Փոփոխվել են աջակցության տրամադրման մեխանիզմն ու չափը։ Ինչպես գիտեք, նոր ծրագրի համաձայն շահառու հանդիսացող (բնակարանի կարիք ունեցող) յուրաքանչյուր տեղահանված անձի ամսական 40 հազար ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրվելու՝ մինչև նրանց բնակարանային կարիքի բավարարումը, որը կարող է օգտագործվել բնակվարձի մարման կամ կեցության այլ ծախսերի համար։ Ծրագրից օգտվելու իրավունք կունենան միայն բնակարանի կարիք ունեցող մեր քաղաքացիները։ Աջակցությունը չի գործելու ԱՀ-ում և ՀՀ-ում գրանցված անշարժ գույքի սեփականատերերի, արդեն բնակարան ստացած, հյուրանոցներում, հանրակացարաններում, պետության կողմից վարձակալած այլ օբյեկտներում ժամանակավոր ապրող, ինչպես նաև պետության կողմից կառուցված ու վերակառուցված տներում ապրող մեր քաղաքացիների համար։ Ժամկետային զինծառայողները ևս մինչև ծառայության ավարտը չեն կարողանա օգտվել այդ ծրագրից։
- Աջակցության ծրագրերը տեղահանվածներին են հասնում ուշացումներով, արդեն նախադրյալներ կան կարծելու, որ այս գումարները ևս կուշանան։ Ո՞րն է ուշացման պատճառը։
-Ծրագիրը չի ուշանում։ Հուլիսի մեկից այն արդեն մեկնարկել է, աջակցության առաջին գումարները մեր քաղաքացիները կստանան մինչև օգոստոսի 20-ը։ Յուրաքանչյուր ամսվա վճարման համար կառավարության որոշմամբ այդպիսի սահման է նախատեսված. բոլոր տվյալները գերատեսչություններից մինչև հերթական ամսվա 5-ը կհավաքագրվեն, կտրամադրվեն ծրագիրը սպասարկողներին, որից հետո այն կվերամշակվի, 12-20-ը կընդունվեն հայտեր և կիրականացվեն վճարումներ։ Առաջին ամսում այս աշխատանքների, նաև` էլեկտրոնային ծրագրի հետ պայմանավորված, դանդաղում գրանցվեց։
- Չի բացառվում, որ նոր ծրագրից ոգևորված, շատ տանտերեր կձգտեն բարձրացնել առանց այն էլ բարձր բնակվարձերը. ի՞նչ կարելի է անել նման դեպքերը կանխարգելելու համար։
- Համամիտ եմ, այս ուղղությամբ ևս անելիքներ ունենք. Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկումների մեջ ենք, որոշելու, թե ինչպես կարող ենք պաշտպանել տեղահանված ընտանիքների իրավունքները` առանց ազդելու մասնավոր սեփականության իրավունքին։ Շեշտեմ նաև, որ եթե ընտանիքը տանտիրոջ հետ վարձակալության պայմանագիր չունի, պետությունն այստեղ ոչինչ չի կարող անել։
-Այս ընթացքում ՀՀ-ում ապաստանած քաղաքացիների կողմից Արցախ վերադառնալ ցանկացողներ շա՞տ են եղել։ Այս հարցում ի՞նչ համագործակցություն կա ձեր և ՀՀ-ում գործող կառույցնեի միջև։
-Երևանում գործող շտաբի հետ անընդհատ կապի մեջ ենք։ ՀՀ-ում ևս ունենք բնակապահովման ծրագիր, համաձայն որի` պատերազմում զոհ ունեցած ընտանիքները ստանում են վկայագիր, որի միջոցով նրանք օգտվում են հիփոթեքային վարկավորման ծրագրից։ Գործում է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված հիփոթեքային ծրագիրը վերաբնակ տեղահանվածների համար։
- Ինչպե՞ս է ընթանում տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը։ Արդեն որքա՞ն դիմումներ ունեք։
-Այս ընթացքում շուրջ 5 հազար դիմում ենք ստացել, որոնք մուտքագրվել են։ Ասեմ, որ հերթացուցակները կազմվում են բալային համակարգով, յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է բալ, ըստ որի որոշվում է բնակարան ստանալու առաջնահերթությունը, իսկ այդ առաջնահերթությունը որոշվում է կարիքի աստիճանով։
-Կարիք ասվածի մեջ ի՞նչն է առաջնային դիտարկվում։
-Ընտանիքի կազմը, անչափահասների թիվը, զոհ կամ հաշմանդամություն ունեցող անդամի առկայությունը, պատերազմական գործողություններին մասնակցելու փաստը, զինծառայողի կարգավիճակը. տարբեր կետեր կան, որոնց միջոցով բալային համակարգ է ստեղծվել։
- Այդ գործընթացում ներառե՞լ եք շրջվարչակազմերի ներկայացուցիչներին։
-Այո, իհարկե, շրջվարչակազմերը համայնքապետերի հետ օրենքով նախատեսված իրավասու մարմին են։ Նրանք տեղահանված շատ ընտանիքների բնակարանային գործեր հավաքագրել ու հանձնել են մեզ։
-Այս ընթացքում քանի՞ ընտանիք է արդեն ապահովվել բնակարանով։
-2021թ. նոյեմբերից մինչև 2022 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում 377 ընտանիքի տրամադրվել է նորակառույց բնակարան ու բնակելի տուն։ Բայց նշեմ, որ այդ թվի մեջ են ոչ միայն տեղահանվածները, այլև հանրապետությունում գործող ընդհանուր հերթացուցակների բնակարանի կարիք ունեցող սոցիալական տարբեր խմբերում ներառված ընտանիքներ։ 305 բնակարան և բնակելի տուն գնվել է երկրորդային շուկայից։ Ավելի քան 300 հին կամ տիրազուրկ ճանաչված տներ էլ վերանորոգվել և տրամադրվել են տեղահանվածներին։ Այսինքն, ունենք շուրջ հազարի հասնող թվական տվյալ։ Այս տարի նախատեսվում է շահագործման հանձնել ավելի քան 600 բնակարան և բնակելի տուն, որոնց գերակշիռ մասը գտնվում է շրջաններում։ Այս պահին 1300 բնակարանի շինարարական աշխատանքներ են ընթանում միայն Ստեփանակերտ քաղաքում, շրջաններում` շուրջ 1500, որոնց ավարտը նախատեսվում է 2024-2025թթ.։ Նաև շուրջ 1000 բնակարան նախագծային-նախահաշվարկային ընթացքում են, առաջիկայում դրանց շինաշխատանքները ևս կմեկնարկեն։ Նման տեմպերով 2-3 տարում հնարավոր կլինի բավարարել բոլոր կարիքավորներին։
-Աշխատանքներն, իրոք, ընթանում են ամբողջ ծավալով, սակայն տեղահանվածների շրջանում դժգոհությունները չեն նվազում։ Նրանք նաև բողոքում են, որ ոչ միայն բնակապահովման, այլև աջակցության այլ ծրագրերում թափանցիկ գործելաոճ չկա։
- Ցավոք այդպես է, դժգոհությունները շատ են, և ինչքան էլ մեր կոմիտեն աշխատի արդարության ու թափանցիկության սկզբունքով, դա չի փոխվելու։ Մենք բոլորս ենք շահագրգիռ, որ տեղահանված հազարավոր ընտանիքներ ապրեն արժանապատիվ պայմաններում, գոնե ինչ-որ չափով վերականգնվի նրանց կենսագործունեության նախկին ռիթմը, սակայն սրան հասնելու համար ժամանակ ու համբերություն է անհրաժեշտ։ Ավելին ասեմ. ունենք ավելի քան 9 հազար տեղահանված ընտանիքներ, որոնց մի փոքր մասն է միայն վերաբնակ և կկարողանան օգտվել ՀՀ հիփոթեքային պետական ծրագրից։ Այս իրողության մեջ 377-ը, իսկապես, փոքր թիվ է բնակարանի կարիք ունեցող այդքան ընտանիքների համեմատ։ Տեղահանվածների մոտ բողոքներ լինելու են, քանի որ ունենք շուրջ 7 հազար տեղահանված ընտանիքներ, որոնց պետությունը պարտավորվել է Արցախի Հանրապետության տարածքում ապահովել բնակարանով։ Հանրապետության ղեկավարությունը հանձն է առել մինչև 2024թ. ավարտը լուծել այս խնդիրը, չեմ կարծում, որ վատ ցուցանիշ է։ Բողոքներ լինելու են մինչև վերջին տեղահանված ընտանիքը չունենա սեփական տանիք։ Արձանագրենք, որ առաջին փուլում շեշտը դրվել է զոհվածների ընտանիքների բնակապահովման վրա։ Չմոռանանք նաև, որ ունենք զոհվածների շատ ընտանիքներ, որոնք տեղահանված չեն, սակայն բնակարանի կարիք ունեն։ Հաջորդ փուլի բնակարանների մի մասը կծառայի նույն նպատակին, իսկ մյուս մասն արդեն վիճակահանության միջոցով կհատկացվի տեղահանված և տնազուրկ կարիքավորներին։ Այնուամենայնիվ, հույս ունենք, որ դժգոհությունները կնվազեն։
-Նշեցիք, որ տեղահանվածներին նաև երկրորդային շուկայից են բնակարաններ տրամադրվել։ Մեծածավալ բնակարանաշինություն է ընթանում, սակայն, փաստորեն, նման հնարավորություն ևս ընձեռվում է։
- Այո, նման հնարավորություն ևս ստեղծված է, բայց այստեղ ևս գոյություն ունի հաստատված կարգ, ըստ որի` մայրաքաղաքում բնակարան կարող են ձեռք բերել միայն Շուշիում և Հադրութում սեփականության իրավունքով բնակտարածք կորցրած ընտանիքները։ Արդեն նշեցի, որ շուրջ 300 ընտանիք օգտվել է այդ ծրագրից։ Իհարկե, ամեն անգամ նման նպատակով կոմիտե այցելող մեր քաղաքացիներին մենք փորձում ենք բացատրել, որ նորակառույցում բնակարանի սպասելն ավելի ձեռնտու է։
-Երկրորդային շուկայում բնակարան ձեռքբերողները շատ դեպքերում նաև մեկ այլ խնդրի առաջ են կանգնել. մեկից ավելի անշարժ գույք ունեցող բնակարանատերերը շատ հաճախ պահանջում են հավելյալ գումար` չբավարարվելով պետության նշանակած չափով։ Այս դեպքում ո՞ւմ օգնությանը կարող է դիմել քաղաքացին։
-Մենք բոլոր դիմողներին նախապես զգուշացնում ենք, որ Կոմիտեն երկրորդային շուկայից բնակարանը ձեռք է բերում սահմանված արժեքով։ Առավելագույն արժեքից բարձր գին պահանջելու դեպքում պետությունը ոչնչով չի կարողանում օգնել բնակարանի կարիք ունեցող տեղահանվածին։ Հուսով եմ, 40 հազար աջակցության գումարները կօգնեն մեր հայրենակիցներին` համբերատար լինել ու սպասել սեփական բնակարանին։

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ