Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Վիճակահանության միջոցով առանձնատներ են բաշխվել տեղահանված ավելի քան 90 ընտանիքի

 

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված ընտանիքների համար Աստղաշեն համայնքի վարչական տարածքում կառուցված առանձնատների բաշխման նպատակով կազմակերպվել է վիճակահանություն։ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել է, որ առանձնատների վիճակահանությանը մասնակցել է տեղահանված 95 ընտանիք։ Օրհնության խոսքում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կարևորել է ժողովրդագրական աճը՝ որպես Արցախի հզորացման գրավական, որի համար պետության կողմից այսօր հնարավորություններ են ստեղծվում: ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը համոզմունք հայտնեց, որ հետպատերազմյան դժվարին իրավիճակում լավագույն ձևն է Արցախի Հանրապետության օրը նշել բնակարանամուտով: «Պետական միջոցներով այստեղ շուրջ 136 տուն է կառուցվում։ Առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքներ նույնպես տուն կստանան այս բնակավայրում։ Մենք կորցրածի դիմաց բազմապատիկ կառուցում ենք՝ մեր կեցությամբ, գոյությամբ ու արարմամբ Արցախը հայկական պահելու համար»,-ասել է պետնախարարը։ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արման Մանգասարյանի խոսքով՝ մեկամյա գործունեության ընթացքում Կոմիտեն 1000-ից ավելի բնակարան է տրամադրել համապատասխան շահառուներին։ «Բոլորիս պարտքն է արժանապատիվ ապագա կառուցել մեր սերունդների համար։ Վստահ եմ, որ մեր միասնականությամբ, պայքարելու անկոտրում կամքով և յուրաքանչյուրիս ներուժի օգտագործմամբ կկարողանանք հասնել մեր բաղձալի ապագային»,-համոզմունք հայտնեց Մանգասարյանը: Ըստ նրա՝ վիճակահանությունը վաղ կազմակերպելու նպատակը նաև տանտերերին շինաշխատանքներին մասնակից դարձնելն է, ինչպես նաև հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք արդեն իսկ կարողանան զբաղվել տնամերձ հողամասի մշակմամբ, գյուղատնտեսական աշխատանքներով: Մեզ հետ զրույցում Կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանը տեղեկացրեց, որ Ասկերանի վերին ենթաշրջանի 4 համայնքներից տեղահանված ընտանիքների համար նախատեսված նոր բնակավայրում շինաշխատանքները դեռ շարունակվում են: Բոլոր տները, համապատասխան գույքով ու կահավորմամբ, շահագործման կհանձնվեն առաջիկա հունվարին:

Ալվարդ Գրիգորյան