[ARM]     [RUS]     [ENG]

ԸՆԹԱՑԻԿ, ԱՎԱՐՏՎՈՂ ՈՒ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ. ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

 

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կառուցվում է երկու թաղամաս՝ բազմաբնակարան շենքերի ու առանձնատների տեսքով: Ընթացքում են 20 բնակելի շենքի շինաշխատանքները, որից 10-ը՝  120 բնակարանով շահագործման կհանձնվի ընթացիկ տարում, իսկ կառուցվող  107 առանձնատներով թաղամասում նախատեսվում է շահագործման հանձնել 60 տուն: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Ներկա պահին ենթակառուցվածքների աշխատանքներ են իրականացվում՝  էլեկտրամատակարարման գծերի ու արտաքին լուսավորության ցանցի անցկացման, ջրամատակարարման ու  գազամատակարարման ապահովման, կոյուղու և հեղեղատարի կառուցման ուղղությամբ»,-ասաց գերատեսչության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ եղանակային պայմանները թույլ կտան մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր  ավարտել այդ աշխատանքները:

Ինչպես նշեց նախարարը՝ տների կահավորման պարտավորությունը ստանձնել է պետությունը: Նրա կարծիքով՝ դեկտեմբերից կսկսվի նաև այդ գործընթացը:

«Մնացած 57 առանձնատունը և 120 բնակելիներով եռահարկ շենքերը  շահագործման կհանձնվեն  2023 թվականի առաջին կիսամյակում»,-ասաց Արամ Սարգսյանը:

Անդրադառնալով ենթակառուցվածքներին, նախարարն ասաց, որ փորձելու են օգտվել  համայնքներում գործող  ենթակառուցվածքներից: Նրա խոսքով՝ նոր թաղամասի հարակից տարածքում գտնվող եռահարկ շենքն ըստ նախնական պայմանավորվածության,  ծառայելու է որպես դպրոց:

Արամ Սարգսյանի տեղեկատվությամբ՝ բնակելի շենքերը  նախատեսված են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքից տեղահանված  բնակիչների, իսկ առանձնատների մեծ մասը՝ Ասկերանի շրջանի Ուղտասար համայնքից  տեղահանվածների համար:

Նրա խոսքով՝ Արցախում, ընդհանուր առմամբ, ավարտին են մոտենում Ասկերանի շրջանի Իվանյանի 10 նոր շենքի ու 60 առանձնատան, ինչպես նաև Աստղաշեն համայնքի տարածքում  կառուցվող՝ 100 և ավելի քան 50  առանձնատան շինաշխատանքներ էլ Հովսեփավանում:

«Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանը, հետպատերազմյան շրջանում Արցախում իրականացվող ամենամեծ ծրագիրը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ մայրուղին է, որի ասֆալտապատումն ավարտված է, այժմ ճանապարհահատվածի կահավորման աշխատանքներն են իրականացվում»,-ասաց գերատեսչության ղեկավարը: Նրա հաղորդմամբ՝ ավարտման  փուլում է նաև  մայրուղու՝ Աստղաշեն, Պատարա ճանապարհահատվածի շինարարությունը, որտեղ նույնպես ասֆալտապաման աշխատանքներն ավարտված են և կահավորման աշխատանքներ են իրականացվում, իսկ  առաջիկայում կավարտվի Դահրավ ճանապարհի ասֆալտապատումը:

«Այս ճանապարհները հիմնականում կառուցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի  միջոցներով: Հիմնադրամը մեծ ներդրում ունի հետպատերազմյան Արցախի վերականգնման գործում»,-ընդգծեց նախարարը՝ նշելով, որ պետական միջոցներով իրականացվել է  Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր, Զագլիկ, Ակնաբերդ, Մարտունու շրջանի՝ Կոլխոզաշեն, Քերթ գյուղեր տանող  ճանապարհների ասֆալտապատումը:

Ընթացիկ տարում հիմքից ի՞նչ բնակարանաշինական աշխատանք են սկսել, որքա՞ն բնակարանով և ու՞մ համար հարցին ի պատասխան՝նախարարը նշեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկել է Իվանյանում կառուցվող 20 շենքից 5-ի շինարարությունը, Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքում՝ 32, Կարմիր գյուղում  64 առանձնատներով թաղամասերի, ինչպես նաև  Խնածախում՝ Հադրութի Տող, Տումի համայնքներից տեղահանվածների համար նախատեսված 250  և Նորագյուղին կից՝ Դրախտիկից ու Շուշիի Քարինտակից  տեղահանվածների համար երկու թաղամասի  շինաշխատանքները: Կառուցվել է նաև  արագ հավաքվող կոնստրուկցիաներով 6 տուն: 

Արամ Սարգսյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսվող ծրագրերի  առումով նախագծման բավականին մեծածավալ աշխատանք է իրականացվել դեռ 2021 թվականին, բայց բոլոր թաղամասերի շինաշխատանքները չէ, որ սկսվել են:

«Ունենք Առաջաձոր համայնքում՝ 55, Պառավաթումբում 50 տներից բաղկացած բնակելի թաղամասերի, Մարտակերտ քաղաքում 6 բնակելի  շենքի, Ասկերան քաղաքում՝ 4-ի, իսկ Իվանյան համայնքում ևս 4 շենքի կառուցման նախագծեր, որոնք, հուսով եմ, 2023 թվականի կապիտալ ներդրումների ծրագրով անպայման կյանքի կկոչվեն»,-ասաց նախարարը՝ նշելով, որ Նախագահի հստակ հանձնարարականի համաձայն՝ մինչև 2025 թվականը ավարտելու են տեղահանված հայրենակիցների,  զոհված ազատամարտիկների, առաջին կարգի վիրավորում ստացած անձանց, սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների բնակարանաշինության ծրագիրը: Կասֆալտապատվեն նաև բոլոր համայնքներ տանող ճանապարհները:

Լուսինե ՇԱԴՅԱՆ