Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲՆԱԿՎԱՐՁԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ ՀԱՏԿԱՑՄԱՆԸ

Մեր թերթը բազմիցս անդրադարձել է տեղահանվածների հիմնահարցերին: Դժվար է ասել, թե այս կամ այն հրատապ լուծում պահանջող խնդրի լուծմանը որքանով է օգնել մեր անդրադարձը, վստահ էլ չենք, որ  որևէ պատկան պետական կառույց հետևում է մեր հրապարակումներին: Հանրության աչքում  տպագիր մամուլը վաղուց կորցրել է նախկին դիրքերը, էլեկտրոնային պարբերական մամուլը ևս շատ փոքր լսարան ունի, փոխարենն աճում է սոցիալական ցանցերի` շատ հաճախ կեղծ ու մանիպուլյատիվ բնույթի քննարկումներում ներգրավվածների քանակը: Չնայած այս իրողությանը, մեր թերթին հետևում են, ու  հետևում են ամենից առաջ իրենց հոգսն ու ցավը մեզ պատմած մարդիկ, որոնց մեջ շատ են տուն ու տեղից զրկված,  մայրաքաղաքում ու հանրապետության տարբեր բնակավայրերում, ՀՀ մարզերում ժամանակավոր բնակություն հաստատած մեր հայրենակիցները: Նման ընտանիքներից մեկն օրերս  հայտնվել է ժամանակավոր բնակարանից զրկվելու վտանգի տակ ու հուսահատության մեջ  զանգել մեզ:  Ն. և Ա. Մարգարյանների երեք անչափահաս երեխաներով ընտանիքը երեք ամիս է, ինչ հյուրատնից տեղափոխվել էր առավել բարվոք պայմաններով առանձնատուն, որը  մեծ դժվարությամբ էին գտել: Իսկ որոշել են տեղափոխվել, քանի որ ընտանիքում հիվանդ երեխայի առկայությունը  որոշակի բարոյահոգեբանական բարդույթներ էր ստեղծում ընդհանուր խոհանոցի ու սանհանգույցի պայմաններում: Այս ընտանիքը նման որոշում էր ընդունել նաև պետության առաջարկած 40-հազարական ամենամսյա աջակցության ծրագրի շնորհիվ, որը պիտի գործի մինչև տեղահանված բոլոր ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Հիշեցնենք, որ այդ ծրագրի մեկնարկին մենք բավական ծավալուն հարցազրույց էինք տպագրել ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ:  Կառույցի պատասխանատուն շեշտել էր, որ ծրագրի համաձայն` շահառու հանդիսացող (բնակարանի կարիք ունեցող) ընտանիքների  յուրաքանչյուր անդամի ամսական 40 հազար ՀՀ դրամ ֆինանսական աջակցությունը նախատեսված է  բնակվարձի մարման կամ կեցության այլ ծախսերի համար: «Հուլիսի մեկից այն արդեն մեկնարկել է, աջակցության առաջին գումարները մեր քաղաքացիները կստանան մինչև օգոստոսի 20-ը:  Յուրաքանչյուր ամսվա վճարման համար կառավարության որոշմամբ այդպիսի սահման է նախատեսված. բոլոր տվյալները գերատեսչություններից մինչև հերթական ամսվա 5-ը կհավաքագրվեն, կտրամադրվեն ծրագիրը սպասարկողներին, որից հետո այն կվերամշակվի, ամեն ամսվա 12-20-ը  կընդունվեն հայտեր և կիրականացվեն վճարումներ: Առաջին ամսում այս աշխատանքների, նաև էլեկտրոնային ծրագրի հետ  պայմանավորված, դանդաղում գրանցվեց». սա հատված է մեր հարցազրույցից: Այսօր ցավով պետք է արձանագրենք, որ  պետական աջակցության ծրագիրը, որի շահառու են հանդիսանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, մեկնարկել է հուլիսի մեկից. սկսվել է նոյեմբերը, սակայն առայսօր պետությունը կարողացել է համապատասխան խմբի քաղաքացիներին վճարել միայն առաջին` հուլիս ամսվա գումարները: Արմենավանում բնակվող մեզ ծանոթ ընտանիքին ամեն ամսվա վերջին տանտերը խորհուրդ է տալիս բնակվարձի գումարը պարտքով մեկից խնդրել ու վճարել, մինչև փոխանցումները տեղ կհասնեն: Իսկ քանի որ տեղահանված և մեկ աշխատող ունեցող ընտանիքն օգնող կամ  պարտք տվող մեկը չունի` ամսեամիս տանտիրոջ համբերությունը սպառվել է ու օրերս պահանջել է ազատել տունը: Ի՞նչ կարող ես անել, տունն իրենն է, ինչ կուզի կանի: Նման օրինակները բազմաթիվ են:
Օգոստոս ամսվա աջակցության գումարների տրամադրման գոնե մոտավոր ժամկետը հստակեցնելու համար դիմեցինք Բնակարանային հարցերի կոմիտե, որտեղ պարզաբանեցին, որ աջակցության տրամադրումն, ըստ ամենայնի, կսկսվի այս շաբաթվա վերջից, այսինքն՝ նոյեմբերի սկզբից: Կառույցի մամուլի պատասխանատուն հայտնեց, որ այս անգամ առաջինը կատարվելու են «Հայփոստի» հատկացումները: Սովորաբար նման հարցերով պետական կառույց դիմելիս պատասխանն ու արդարացումը մեկն է լինում` պատկան մարմինն ամեն ինչ անում է, սակայն ինքներդ գիտեք, թե ինչ վիճակում է մեր հանրապետությունը. այս դեպքում ևս տարբերություն չեղավ: Մեր զրուցակիցը հավելեց միայն, որ հուլիս ամսվա հատկացումները որոշակի դանդաղությամբ են ընթացել, քանի որ շահառուների ցուցակներում անճշտություններ են եղել, որոնց վերհանումն ու շտկումը ժամանակ է պահանջել, շատ շահառուներ առցանց դիմումները լրացնելիս ու տվյալները նշելիս սխալներ են թույլ տվել և այլն: Կոմիտեի աշխատակիցը խորհուրդ տվեց դիմել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն`ընտանիքը հյուրատներից մեկում տեղավորելու համար: ԱՀ ՏԿԵ նախարարության մամուլի պատասխանատու Տաթև Խաչատրյանը  հիշեցրեց, որ ի սկզբանե նախարարությունը դեմ է եղել 40 հազարների ծրագրի գաղափարին, քանի որ ակնհայտ էր, որ նման խնդրի ի հայտ գալն անխուսափելի է: Այսօր տեղահանվածը բնակարան է վարձում առանց նախկինում գործող պայմանագրերի, քանի որ պետությունից ստանում է գումար ու լուծում իր բնակարանային խնդիրը: Եթե տարբեր պատճառներով աջակցության գումարներն ուշանում են, վարձակալը մենակ է մնում տանտիրոջ հետ իրավահարաբերություններում ու ստացվում է մի իրավիճակ, որում միայն վերջինիս խղճից ու քաղաքացիական պարտքի զգացումից է կախված տեղահանված ընտանիքի բնակարանային գոնե ժամանակավոր ապահովվածության հարցը:

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Հ.Գ. Հատկացումներն ուշանում են, Բնակարանային կոմիտեն խորհուրդ է տալիս ցուցաբերել համբերություն, ըմբռնում և ժամանակ:  Մենք համբերատար ժողովուրդ ենք, այսօր էլ, թերևս, առավել քան երբևէ, ըմբռնող ենք, սակայն պետք է արձանագրենք, որ եթե մշակվել է պետական աջակցության կարևոր ու պահանջված ծրագիր, ապա չէ՞ որ հաշվի է առնվել պետության ունեցած և նախանշվող միջոցների հնարավոր չափն ու հետո է այն հաստատվել: Բացի այդ, եթե տվյալ ոլորտը հանվել է մեկ գերատեսչության պատասխանատվությունից ու տեղահանվածների բնակարանային խնդիրներն առավելագույնս արագ և արդյունավետ լուծելու նպատակով ստեղծվել է նոր կառույց, ուրեմն գործընթացը չպետք է դանդաղեր: Փաստն այն է, որ այսօր էլ տեղահանվածը ամիսներով սպասում է պետության համեստագույն աջակցությանն ու համոզված է, որ տվյալ իրավիճակում շահող են միայն այդ նորաստեղծ կառույցների աշխատակիցները, որոնց աշխատավարձը եթե ամիսներով ուշանա, հազիվ թե ծով համբերություն դրսևորեն: