ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԼՈՐՏԻ ԳԼԽԱՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար
Արամ ՍԱՐԳՍՅԱՆԸ
մեզ հետ զրույցում անդրադարձել է շինարարական աշխատանքների խնդիրներին ու ոլորտի ձեռքբերումներին
- Պարոն Սարգսյան, շինարարության տեմպերը վերջին շրջանում որոշակի դանդաղել էին. ի՞նչ խնդիր էր։ Այժմ վերականգնվա՞ծ է շինաշխատանքների բնականոն ընթացքը։
- Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում շինարարության տեմպերը դանդաղել էին՝ նախ նախարարությունում փաստաթղթավորման գործընթացի գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված։ Անցած տարվանից սկսված շինարարությունը տեղափոխվել է ընթացիկ տարի, ինչպես նաև սկսվել է նոր օբյեկտների շինարարություն։ Այդ պատճառով որոշակի խնդիրների առաջ ենք կանգնել՝ պայմանավորված նախագիծ պատվիրելու, նախահաշիվ կազմելու և այլ փաստաթղթային գործընթացներով։ Որոշել ենք կարճաժամկետ դադար տալ, որպեսզի կարողանանք փաստաթղթերն ի մի բերել, որից հետո ըստ կարգի մրցույթները հայտարարել և մնացած աշխատանքները շարունակել։ Բացի դրանից, շուկայում ներկայումս շինանյութի հետ կապված խնդիր կա՝ ցեմենտի ու բիտումի ներկրման հետ կապված։ Նույն խնդիրն առկա է ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում։ Հիմա ցեմենտի հետ կապված հարկային դաշտի բարելավմանը միտված օրենք է ընդունվել, որի շրջանակներում վերականգնվում են մատակարարումները, սակայն ներկա պահին նույն դեֆիցիտն Արցախում դեռ պահպանվում է։ Ընդհանուր առմամբ, նախարարության աշխատանքի հետ կապված խնդիրները՝ ուղղված շինարարության տեմպերի վերականգնմանը, հիմնականում լուծվել են։
- Արցախի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարում շինարարության ցուցանիշները շարունակաբար աճել են։ Եթե տեմպերը դանդաղել են, ինչի՞ շնորհիվ է աճ արձանագրվում։
- Արցախում շինարարությունն իրականացվում է պետական բյուջեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և մասնավոր ընկերությունների միջոցներով։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրի մեկնարկը տրվել է անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին, ընթացքում հիմնադրամի կողմից հատկացվող ֆինանսական միջոցները աճել են։ Նաև Քաղաքաշինության նախարարության ծրագրերն են մեկնարկել /անցած տարվա կեսերից/, դրա համար 2022 թվականին համեմատաբար ավելի բարձր ցուցանիշ է արձանագրվում։ 2021թ. ավելի շատ գումար ենք ծախսել՝ հաշվի առնելով, որ անցած տարի հրետակոծությունից վնասված բնակֆոնդերի վերականգնման, վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ ևս իրականացվել են։ 2022 թվականին հիմնականում ենթակառուցվածքների, ճանապարհների և մեծածավալ բնակարանաշինության ծրագրեր ենք իրականացրել։ Նաև հրետակոծված կամ սոցիալական այլ խմբերի պատկանող բնակարանների վերանորոգմանն ուղղված աջակցություն է ցուցաբերվել։
- Ի՞նչ ընթացքում են շինաշխատանքները Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում։ Քանի՞ տուն է կառուցվել ու հանձնվել շահագործման։ Լուծվե՞լ են վերջերս քաղաքացու կողմից բարձրաձայնված խնդիրները։
-Պատերազմից հետո Շահումյանի շրջանի վարչակազմի կողմից ստացել ենք գրություն, որ գյուղի բնակիչները ցանկություն են հայտնել վերադառնալ և բնակվել Չարեքտարում։
Կազմակերպվել են գյուղի վառված, ավերված տների վերանորոգման, վերակառուցման աշխատանքները։ Ավելի քան 25 առանձնատուն է վերանորոգվել, վերակառուցվել և կահավորվել։ Ջրամատակարարման համար պատրաստ է արտեզյան ջրհորը։ Վերանորոգվել է դպրոցը, վերականգնվել գյուղի էլեկտրամատակարարումը։ Հաշվի առնելով, որ բնակիչների մի մասը չի վերադարձել, նախարարությունը նպատակահարմար չի գտել շարունակելու նախանշված որոշ ծրագրեր և աշխատանքներ դադարեցվել են։
Քաղաքացու ներկայացրած դիմում-բողոքին ի պատասխան՝ Պետական վերահսկողության ծառայության կողմից մեր մասնագետների հետ միասին իրականացվել է զննություն։ Այս ընթացքում անբնակ մնալու հետևանքով որոշ տներում վերանորոգման հետ կապված մանր-մունր խնդիրներ էին առաջացել, որոնք սեղմ ժամկետում լուծվեցին շինարարական կազմակերպության կողմից։
-Ընդհանուր առմամբ, պատերազմի հետևանքով վնասված շենք-շինությունները, օբյեկտներն ամբողջությամբ վերականգնվե՞լ են։
-Պատերազմի ավարտից հետո ստեղծվեց ՙԹեժ գիծ՚, որի միջոցով գրանցվել է հրետակոծության հետևանքով վնասված ավելի քան 7000 շենք-շինություններ։ Քաղաքացիների բարձրաձայնած խնդիրները, ավերածությունների հետ կապված, հիմնականում լուծվել են։ Նաև տնտեսվարողներին է բավականին մեծ աջակցություն ցուցաբերվել՝ շինանյութերի տրամադրմամբ ու արհեստավորներին համապատասխան վճարմամբ։ Ռազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունների վերականգնումը մոտ 90 տոկոսով ավարտված է, բացառությամբ՝ 120 օբյեկտի, որ հիմնովին են ավերվել և փոխարենը վերակառուցում է ընթանում կամ նորն է կառուցվում։
-Ներկա փուլում ի՞նչ խնդիրներ են առկա քաղաքաշինության ոլորտում։
-Հետպատերազմյան շրջանում մոտ 4000 նոր բնակելի տան շինարարական աշխատանք է սկսվել՝ պետական, Համահայկական հիմնադրամի և մասնավոր ներդրումներով։ Արցախյան առաջին պատերազմից հետո մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը Արցախում երբեք նման մեծ ծավալի բնակարանաշինական աշխատանքներ չեն իրականացվել։ Այս ընթացքում վերանորոգել ենք նաև տեղահանվածների համար նախատեսված ավելի քան 450 հին, տիրազուրկ տուն, զոհված ազատամարտիկների ընտանիքներին պատկանող՝ մոտ 300 տուն։ Նման ծավալները, բնական է, որ առաջացնելու էին համապատասխան խոչընդոտներ ու խնդիրներ։ Դրանցից հիմնականն աշխատուժի խնդիրն է, որ զգացել ենք պատերազմից հետո և առկա է մինչև հիմա, ինչպես նաև շինանյութերի հետ կապված խնդիրն կա։ Որոշ չափով չեն բավարարում ֆինանսական միջոցները, քանի որ ծրագիրը բավականին մեծ ու ծախսատար է։
- Ընդհանրապես, հետպատերազմյան շրջանում գլխավոր ձեռքբերումը ոլորտում ո՞րն եք համարում։
-Բնակարանաշինությունը, ասում են, չէ՞, եթե կառուցվում է, ուրեմն կառուցվում է ապրելու համար։ Իրականում շատ ծանր օրեր ենք ունեցել այս ընթացքում, սակայն այն, ինչ իրագործվել է, իմ կարծիքով, հուսադրող է։ Ճգնաժամը որոշակիորեն հաղթահարվել է։
-Հնարավո՞ր է, որ Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղում նույնպես լուսավորման համակարգ անցկացվի։
-Արցախի նախագահի հրամանով Ստեփանակերտից մինչև Հայաստանի Հանրապետության սահման հասնող նոր երթուղու երկայնքով լուսավորության ցանց անցկացնելու աշխատանքների համար նախագիծ ենք մշակում։ Նախագծային աշխատանքները կավարտվեն մոտավորապես մինչև այս տարվա նոյեմբերի վերջ, որից հետո անմիջապես կներկայացնենք Հանրապետության Նախագահին։
Հարցազրույցը ՝
Լուսինե ՇԱԴՅԱՆԻ