ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«Ազատ Արցախ»-ի հարցերին պատասխանում է ԱՀ փաստաբանների պալատի փաստաբան, «Իրավագիտակից հասարակություն» ՀԿ նախագահ Արմեն Բաղդասարյանը
- Ինչպես գիտենք, ԱՀ դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած տեղահանված անձանց ՀՀ և ԱՀ կառավարության համապատասխան որոշումներով տարաբնույթ պետական ֆինանսական աջակցություններ են տրամադրվում։
Պարոն Բաղդասարյան, կարելի՞ է ընդունել, արդյոք, որ Գործադիրի կողմից ընդունված իրավական ակտերը բավարար չափով կանոնակարգում են այն տեղահանվածների խնդիրները, որոնք պատերազմի հետևանքով գույք են կորցրել։
-Պատերազմից հետո ՀՀ և ԱՀ կառավարությունները անմիջապես ձեռնամուխ եղան Ձեր կողմից նշված իրավաստեղծ գործունեությանը՝ յուրաքանչյուրն իր իրավասության սահմանում ընդունելով մի շարք ենթաօրենսդրական ակտեր, որոնք վերաբերում են պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած, վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված, պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած, Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքներում հաշվառված, Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին համապատասխան դրամական օգնության տրամադրման միջոցառումներին։
Վերոհիշյալ միջոցառումները կյանքի կոչելու համար նույն իրավական ակտերով սահմանվել են նաև այն պետական մարմինները, որոնք իրենց իրավասության սահմաններում կազմակերպում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները։ Սակայն ընդունել, որ տեղահանվածների խնդիրները՝ կապված իրենց գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի առկայության կամ բացակայության հետ, առանց խոչընդոտների լուծվում են՝ ճիշտ չէր լինի։
Գործադիրի ընդունած իրավական ակտերով հստակ ամրագրված են բոլոր այն պայմաններն ու պահանջները, որոնց լիարժեք բավարարման դեպքում անձը կարող է շահառու ճանաչվել։ Մասնավորապես՝ պայմաններից մեկը, որի հետ առնչվում ենք նաև մենք՝ փաստաբաններս, թշնամու հսկողության ներքո թողնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի, տեղեկությունների առկայությունն է, որոնք ոչ բոլոր տեղահանվածների դեպքերում են պահպանվել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Բազմաթիվ տեղահանվածներ կան, ովքեր լքել են իրենց բնակավայրն, այսպես ասած, րոպեների ընթացքում, նրանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից խուսափելու և անվտանգ վայր տեղափոխվելու անհրաժեշտության ծագման պահին շատերի մտքով անգամ չէր անցնում, որ լքում են հայրենի բնակավայրը, տունն ու ունեցվածքը ոչ ժամանակավորապես։ Բազմաթիվ տեղահանվածներ ունենք, ովքեր անգամ իրենց անձը հաստատող փաստաթղթերը չեն վերցրել իրենց հետ կամ չեն հասցրել վերցնել։ Այս համատեքստում հարկ է արձանագրել, որ տեղահանվածներից որոշները, նախքան պատերազմը սկսվելը, գործարքներ էին կնքել այլ անձանց հետ. վաճառել էին տրանսպորտային միջոցներ, անշարժ գույք՝ չհասցնելով օրենքով սահմանված կարգով և ժամկետներում գրանցել համապատասխան մարմիններում, այսպես ասած, օրինականացնել այդ գործարքները։ Տեղահանվածներից որոշները, նախապատերազմյան ժամանակաշրջանում բնակելի տուն, արտադրական կամ գյուղատնտեսական նշանակության օբյեկտներ էին կառուցել՝ չհասցնելով ավարտին հասցնել այդ գույքի նկատմամբ իրենց իրավունքների գրանցման գործընթացը։
Վերոհիշյալ անձանց դիմումները ԱՀ բնակարանային հարցերի և անշարժ գույքի կադաստրի կոմիտեների կողմից մերժվել և շարունակվում են մերժվել՝ այն պատճառաբանությամբ, որ բացակայում են իրավահաստատող փաստաթղթերը կամ անհրաժեշտ տեղեկությունները, որոնք կհաստատեն խնդրո առարկա գույքերի նկատմամբ այս կամ այն իրավունքի առկայությունը։ Ըստ այդմ, քաղաքացիներին այլ ելք չի մնում, քան փորձել դատական կարգով վերականգնել նշված գույքի նկատմամբ կորցրած իրավահաստատող փաստաթղթերը կամ սեփականության իրավունքով տիրապետման փաստը հաստատել։ Միայն նշված փաստաթղթերի վերականգնման և սեփականության իրավունքով տիրապետման փաստը հաստատող վճռի առկայության դեպքում տեղահանված քաղաքացիները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով շահառու ճանաչվել և ընդգրկվել համապատասխան միջոցառումներում։
- Այդ դեպքում, ինչպե՞ս են տեղահանված քաղաքացիներն իրականացնում իրենց իրավունքները և ունե՞ք, արդյոք, վիճակագրություն՝ խնդրո առարկա դիմումների քանակի, վերջիններիս քննության արդյունքներով կայացված դատական որոշումների վերաբերյալ։
- 44-օրյա պատերազմից հետո ԱՀ դատարաններ մուտք գործեցին մեծ թվով դիմումներ, որոնցում իրենց ակտիվ մասնակցությունն ունեն ԱՀ փաստաբանների պալատի փաստաբանները։ Նրանց մասնակցությունն արտահայտվում է տեղահանված քաղաքացիներին իրավական օգնություն և աջակցություն ցուցաբերելու եղանակով, մասնավորապես՝ դատարանին ներկայացվող դիմումներին առաջադրվող օրենսդրական պահանջների պահպանման, ինչպես նաև՝ տեղահանված քաղաքացիների իրավունքների և շահերի պատշաճ պաշտպանության համար դատարանում ներկայացուցչություն ապահովելու նպատակով։
Կոնկրետ ես դատարան մուտքագրված դիմումների ընդհանուր վիճակագրությանը հստակ չեմ կարող տիրապետել, քանզի նման տեղեկատվություն պաշտոնապես չունեմ։ Դատարանի աշխատակազմը, թերևս, կունենա այդպիսի վիճակագրություն, սակայն կարող եմ նշել, որ իմ վարույթում առկա էին մեկ տասնյակից ավելի դիմումներ։ Դիմումների մի մասը՝ իրենց սեփական միջոցներով ստեղծած, սակայն իրավասու պետական մարմիններում չգրանցված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքով տիրապետման փաստի հաստատման պահանջներով էր, մի մասն էլ՝ տրանսպորտային միջոցների ձեռք բերման արդյունքում փոխանցված իրավունքը օրենքով սահմանված կարգով իրավասու մարմնում չգրանցված լինելու ոչ բարենպաստ փաստի առկայությամբ նշված գույքի նկատմամբ սեփականության իրավունքով տիրապետման փաստը հաստատելու։
- Դատարաններն ինչպիսի՞ մոտեցում են ցուցաբերում խնդրո առարկա դիմումների նկատմամբ. բավարարվու՞մ, թե՞ մերժվում են դրանք։
- Պետք է փաստեմ, որ ոչ բոլոր դեպքերում ենք ունենում դրական արդյունք։ Կոնկրետ իմ վարույթում գտնվող դիմումներից, որոնց ըստ էության դատարանի կողմից քննվելու արդյունքում 10-ը 8-ի հարաբերակցությամբ ունեցել եմ դրական ելք, այսինքն՝ կայացվել են բարենպաստ դատական ակտեր, հաստատվել են դիմումատուների սեփականության իրավունքով տիրապետման փաստերը։ Իհարկե, մի քանի ոչ բարենպաստ դատական ակտի դեպքով չենք կարող համակերպվել դատարանների կայացրած ակտերի կամ նրանց դիրքորոշումների հետ։ Ըստ այդմ, Վերաքննիչ դատարան ներկայացվում են նաև բողոքներ, որոնք նույնպես ոչ բոլոր դեպքերում են բավարարվում։ Ըստ իս՝ խնդիրը գործը քննող դատարանի իրավական դիրքորոշման մեջ է։ Բոլոր դատարաններն էլ ունեն իրավագիտակցության, իրավական ակտերի մեկնաբանության և իրավաընկալման տարբեր աստիճաններ, հակառակ դեպքում դատական եռաստիճան համակարգի գոյությունն ու բովանդակությունը կկորցներ իմաստը։ Սակայն խնդիրը ոչ այնքան իրավական, որքան բարոյական կողմ ունի։ Եթե գործող օրենսդրության համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը դատական միջամտության դիմելն է, արդարադատությունն էլ իրականացվում է բացառապես դատարանների կողմից, ապա այլընտրանք չի մնում, քան դատարանի միջնորդությամբ իրացնել այս կամ այն քաղաքացիական իրավունքը։
Կարծում եմ, դատարաններն իրենց որոշումներն ընդունելիս՝ անկախ նրանից, ինչպես են մեկնաբանում կամ ընկալում իրավունքի նորմը, պետք է առաջնորդվեն նաև մարդասիրության, արդարության և հումանիզմի սկզբունքներով։ Պատահական չէր, որ նախկին ԽՍՀՄ տարիներին դատարաններն անվանվում էին ժողովրդական դատարաններ։ Ցանկացած որոշում պետք է բխի ժողովրդի իրավունքներից և շահերից։
ԱԱ