Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Արցախի Հանրապետության ազային վիճակագրական ծառայության ղեկավար Մանուշ Մինասյանը նոյեմբերի 11-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրեց 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Արցախի սոցիալ-տնտեսական վիճակի հիմնական ցուցանիշները։ Կառույցի կողմից ավելի քան մեկ ամիս հավաքագրված վիճակագրական հաշվետվությունների տվյալները համադրելուց հետո Վիճակագրական ծառայության ղեկավարը նախ անդրադարձավ տնտեսական ամենակարևոր ցուցանիշին ՝ համախառն ներքին արդյունքին (ՀՆԱ)։

«2022թ. հունվար-սեպտեմբերին մեր գնահատումներով և ներկայացված տվյալներով հանրապետությունում համախառն ներքին արդյունքի ցուցանիշը հաշվարկել ենք 199,6 մլրդ դրամ` 2021թ. հունվար-սեպտեմբերի 162,8 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 18,2%, ինդեքս-դեֆլյատորը` 103,7 % (2021թ. համապատասխանաբար 73,6 և 102,5%-ի փոխարեն): Այս ժամանակահատվածում ունենք տնտեսական ցուցանիշի բավականին բարձր արդյունք, ինչը սակայն պայմանավորված է որոշ հանգամանքներով։ Որպես կանոն, ամբողջ աշխարհում ցուցանիշները ներկայացնում են նախորդ տարվա համեմատ, իսկ 2021թ. հունվար-սեպտեմբերին ունեցել ենք տնտեսական անկման բավական բարձր ցուցանիշ՝ 26,4 % ( 2020թ.-ի համեմատ)։ Անկման ցուցանիշ գրանցվել է նաև 2019թ. հունվար-սեպտեմբերի համեմատ և այս պարագայում մենք դեռևս հեռու ենք նախապատերազմական շրջանի մակրո տնտեսական ցուցանիշների մակարդակից»,-նշեց Մանուշ Մինասյանը։

Թե ինչով են եղել պայմանավորված տնտեսական աճի ցուցանիշները, Վիճակագրական ծառայության ղեկավարը պարզաբանեց, որ ՀՆԱ-ի արձանագրված 18,2 % աճի շուրջ 10,4 տոկոսային կետը կազմել են արդյունաբերությունը, ներառյալ` էներգետիկան, 1,9 %-ն՝ առևտուրը և ծառայությունները, 9 %-ը՝ գյուղատնտեսությունը, 7%-ը՝ շինարարությանը, 2,7%-ը` արտադրանքի հարկերը: Մ. Մինասյանը բավական դրական գնահատեց արդյունաբերության ոլորտի ցուցանիշները. 2022թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 78,3 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել՝ 72,1 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2022թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 146,4 %, որը ապահովվել է արդյունաբերության հիմնական հատվածներում արձանագրված աճի հաշվին։

Նախորդ տարվա համեմատ աճել են պահածոների, շինանյութերի հիմնական տեսակների, արդյունահանված խտանյութի, որոշ խմիչքների, կաթնամթերքների որոշ տեսակների, բամբակյա գործվածքների, մսի արտադրության ծավալները: Սակայն վերջին տարիների համեմատ բավականին բարձրացել են գների ցուցանիշները։ Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ գրանցվել է 5-8% գնաճ։

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2022թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 29,5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, համադրելի գներով, աճել է 18,8%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 33,6%-ը բաժին է ընկել բուսաբուծության, 66,4%-ը՝ անասնաբուծության ճյուղերին: Այնուամենայնիվ, Մ. Մինասյանն այս ցուցանիշները բավականին ցածր համարեց նախապատերազմական ժամանակաշրջանի համեմատությամբ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 7,1%-ով աճել են շինարարության ծավալները. 2022թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 46,5 մլրդ դրամի շինարարություն։ Իրականացված շինարարության 51,3%-ը կատարվել է պետական բյուջեի, 24,4%-ը՝ մարդասիրական օգնության, 20,3%-ն էլ կազմակերպությունների միջոցներով: Շինարարության ոլորտը, թերևս, այն միակն է, որի ծավալները հետպատերազմական շրջանում ամեն տարի աճում են։ Իրականացված շինարարության 44,9%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը (բնակարանաշինությանը), 20,9%-ը` փոխադրումների և պահեստային տնտեսությանը, 15,5%-ը` հանքագործական արդյունաբերությանը ու բացահանքերի շահագործմանը:

Հաշվետու ժամանակահատվածում տնտեսությունում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 255,8 հազ. դրամ՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 28,7%: Ընդ որում, պետական և ոչ պետական առևտրային կազմակերպություններում զբաղվածների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է համապատասխանաբար` 273,4 հազ. և 214,4 հազ. դրամ:

Ըստ տվյալների` հուսադրող են ժողովրդագրության ցուցանիշները։ Մ.Մինասյանը տեղեկացրեց, որ միայն բնական աճի ցուցանիշը, այսինքն` ծնվածների և մահացածների տարբերությունը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 10 անգամ (գրանցվել է ծնունդների թվի աճ և մահվան դեպքերի նվազում)։

Ամուսնացողների միջին տարիքը 2022թ. հունվար-սեպտեմբերին կանանց համար կազմել է` 25, տղամարդկանց՝ 28 տարեկանը, նախորդ տարվա՝ համապատասխանաբար 24 և 28 տարեկանի փոխարեն: Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ ԱՀ-ում 2022թ. հունվար-սեպտեմբերին եղել է 27 տարեկան, ընդ որում, առաջնեկ ունեցող մոր միջին տարիքը` 24 տարեկան:

Առաջիկայում Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի նաև աղքատության, տարհանված բնակիչների ընտանիքների կենսապայմանների հետազոտությունների տվյալները։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ