[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒՍՈՒՑՉԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԶԲՈՍԱՅԳԻ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

 

Մարտունու շրջանի Քերթ համայնքը շրջանի ակտիվ ու ծաղկուն բնակավայրերից է: Օրերս եղանք Քերթում, գյուղամիջում ականատեսը եղանք  բուռն հողաշինարարական աշխատանքների:     Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Գեղամ Լալայանն ասաց, որ գյուղապետարանի հարևանությամբ մեկնարկել են խաղահրապարակի և զբոսայգու կառուցման աշխատանքներ: Լալայանի փոխանցմամբ` նախաձեռնության հեղինակը «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրով Քերթ համայնքում աշխատող՝ Հադրութից տեղահանված, բանաստեղծ Վիտալի Պետրոսյանն է:

Նա արդեն հասցրել է մի քանի փոքր կրթամշակութային ծրագրեր իրականացնել Քերթ համայնքում, որոնց շրջանակներում այս տարի աշակերտների հետ մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել Արցախի մի խումբ գրողներ:

Խաղահրապարակ և զբոսայգի կառուցելու ծրագիրը բավականին մեծ է ու տպավորիչ, թերևս, սա երիտասարդ ուսուցչի ամենախոշոր ծրագիրն է: Ինչպե՞ս և ինչո՞ւ հարցերի պատասխաններն ունենալու համար զրուցեցինք Վիտալի Պետրոսյանի հետ:

-Ծրագիրը կազմել ենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի շրջանակներում, կոչվում է՝ «ՄԻ ԿԱՐԳԵՆ ՏԵՂ»: Ծրագրով նախատեսված է խաղահրապարակ և զբոսայգի՝ նվիրված զոհված ազատամարտիկների հիշատակին: Նախագիծն իրականացնում ենք դրամահավաքի միջոցով, որոշակի գումար արդեն հավաքվել է, և արդեն իսկ կատարել ենք համապատասխան աշխատանքներ: Մեզ աջակցում է շրջանի վարչակազմը, համայնքի ղեկավարությունը:  Զբոսայգու համար նախատեսված տեղանքից այս ընթացքում կարողացել ենք  տեղափոխել տրանսֆորմատորը և կատարել համահարթեցման աշխատանքներ:

Հավաքագրվել է մեկ միլոն դրամից ավել գումար: Բավականին մեծ աջակցություն են ցուցաբերել ռուսաստանաբնակ քերթեցիները: Դրամահավաքը շարունակվում է, մենք փորձում ենք կապ հաստատել տարբեր մեկենասների հետ՝ աշխատանքները հնարավորինս արագ և օպերատիվ կազմակերպելու համար: Ներկա պահին ունենք հովանավոր, ով նախատեսում է նաև սպորտհամալիր կառուցել, բայց այն արդեն տարածքի պարսպապատումից հետո:

 

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ