[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԱՓ ԿԱՐՈՏՈՎ ԵՎ ՊԱՐՏՔԻ ԲԱՐՁՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ

151003.jpgԲնակվել հայրենիքից հեռու, սակայն հայրենիքի կարոտն ու ցավը սրտներում...։ Ասկերանցիներին քաջածանոթ է բժիշկ Վոլոդյա Թովմասյանի անունը: Բոլորը նրան գիտեն որպես իր մասնագիտության լավագույն գիտակի. հիվանդանոցում հիվանդների հույսն ու հավատն էր բժիշկ Թովմասյանը, իսկ առօրյա կյանքում մարդ՝  օժտված  վեհագույն արժանիքներով: 
Նույն ոգով էլ դաստիարակել է իր երկու զավակներին՝ Կարենին և Վիգենին, ովքեր, ականատեսը լինելով բժշկի բարդ ու պատասխանատու գործին, գնացել են հոր հետքերով: Այսօր նրանք անվանի բժիշկներ են, որոնց անունները լսելով՝ մենք հպարտությամբ ենք լցվում:
Վերջերս Վոլոդյա Թովմասյանի կրտսեր որդին՝ Վիգեն Թովմասյանը,  ընտանիքի հետ կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, եկել է հայրենի Արցախ: Բժիշկ Թովմասյանը երկար տարիներ է, ինչ բնակվում է Ուկրաինայի Վիննիցա քաղաքում: Բժշկական գիտություների դոկտոր Վիգեն Թովմասյանը 2002թ. հիմնադրել է ՙԹՈՎՄԵԴ՚ ՍՊ ընկերությունը։ Օժանդակ այլ աշխատանքներին  զուգահեռ նա նորանոր  բարձունքներ է նվաճել բժշկական ասպարեզում: Տաղանդավոր բժիշկն իր գերնպատակին հասել է 2007 թվականին՝ հիմնադրելով   բժշկական կլինիկա, որի աշխատախումբը ձեւավորվել է լավագույն մասնագետներից։ Հիվանդանոցը կահավորված է ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին: 
Վերջին տարիներին բժիշկ Թովմասյանը մեծ հաջողությունների է հասել բուժման նոր մեթոդի՝ փուլային ֆիբրոտոմիայի  կիրառման ասպարեզում: Վիգեն Թովմասյանի հաշվում հազարից ավելի նման վիրահատություններ են գրացված: Ծննդավայր Ասկերանում էլ երկօրյա անվճար բժշկական ծառայություն մատուցելու եւ տարբեր հիվանդություններից բուժելու այս մեթոդն է կիրառել: Այդ օրերին ընթացքում նա ընդունել է 70-ից ավելի այցելուների, որոնցից 60-ի մոտ հայտնաբերված տարբեր հիվանդությունների դեմ Վ. Թովմասյանը վիրահատություն է կատարել: Հարկ է նշել, որ մեր համերկրացին իր հետ ահագին բժշկական պարագաներ էր բերել, որպեսզի նման առաքելություն իրականացնելու համար Ասկերանի հիվանդանոցին, այսպես ասած,  ՙնեղություն չտա՚: 
Երբ հանդիպեցի Վիգեն Թովմասյանի տիկնոջը՝ Մարինային, եւ երեխաներին, թվաց, թե ամբողջ հավերժություն է, ինչ նրանց գիտեմ: Տիկին Մարինան մի բարեհամբույր անձնավորություն է, ով կյանքի բոլոր փուլերում կանգնած է ամուսնու կողքին, նրա թեւն ու թիկունքն է:  Հիմա էլ, երբ ամուսինն Ասկերանի հիվանդանոցում իր ծառայությունն է մատուցում` խրախուսում է Վիգենի նման մարդասիրական արարքը: ՙՎիգենը, լինելով ընտանիքի լավ հայր եւ սիրված ամուսին, չի կարող անտարբեր լինել իր ժողովրդի նկատմամբ: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուրիս պարտքն է  օգտակար լինել Արցախի հերոսական ժողովրդին՚,¬ ասում է նա:  Մարինան նույնպես բժիշկ է, բժշկությունն այս ընտանիքում ապրելակերպ է: Լինելով արմատներով Ջավախքից՝ իր երկու երեխաներին դաստիարակել է հայրենասիրական ոգով: Դա  է պատճառը, որ չնայած նրանք ծնվել եւ մեծացել են Ուկրաինայում, լավ տիրապետում են հայերենին: Աղջիկը՝ Էմիլիան, ուսանում է Կիեւի Միջազգային հարաբերությունների համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Տղան՝ Էդվինը, սովորում  է 6-րդ դասարանում: Իմ այն հարցին, թե ի՞նչ է դառնալու, նա առանց երկմտալու պատասխանում է. ՙԲժիշկ: Ինչպես եւ իմ հայրը։ Ես նույնպես որոշել եմ հորս հետքերով գնալ՚: ՙՁեզ դո՞ւր եկավ Արցախը՚ հարցի պատասխանը բոլորի համար միանշանակ ՙայո՚-ն էր: Այս կարճ ժամանակում ընտանիքով եղել են Գանձասարում, Շուշիում, Տիգրանակերտում: ՙՋանում ենք ինչքան հնարավոր է  երեխաներին ծանոթացնել մեր հերոս ժողովրդի պատմությանը՝ այցելելով Արցախի տեսարժան ու պատմական վայրերը: Հիասքանչ է Ղարաբաղը,  հիասքանչ են  նրա բնակիչները՚,- ասում է Մարինան:
Հանդիպելով բժիշկ Վ. Թովմասյանին՝ փոքրիկ հարցազրույցի  հրավիրեցինք նրան:
- Բժիշկ, ո՞րն է Ձեր Արցախ կատարած այցի նպատակը:
-Երկար տարիներ է, ինչ երազում եմ երեխաներիս իմ ծննդավայր բերել: Ուզում եմ, որ նրանք տեսնեն, թե ինչ հյուրասեր ու հայրենասեր ժողովուրդ են արցախցիները, ինչ հիանալի բնություն ունենք մենք,  ինչպիսի միջավայրում եմ մեծացել: Միաժամանակ ուզում եմ իմ նպաստը բերել իմ բազմաչարչար ժողովրդին: Մի խոսքով՝ եկել եմ տարիների կարոտն առնելու և օգտակար լինելու համար:
  Շուրջ քսան տարի է, ինչ այստեղ չեմ եղել, բայց ասեմ, որ Ասկերանը գրեթե չի փոխվել: Այստեղ ամեն ինչ իմ մանկությունն է հիշեցնում: Իսկ ահա մայրաքաղաք Ստեփանակերտը շատ է փոխվել:  
- Ո՞րն է փուլային ֆիբրոտոմիայի առավելությունը:
- Նման եղանակով վիրահատություն կատարելու ժամանակ մեծ բացվածք չենք անում, եւ վիրահատությունը կատարվում է տեղային անզգայացման միջոցով, իսկ վիրահատությունից հետո հիվանդը ստացիոնարում չի մնում: Այս մեթոդով վերացնում ենք տեղային մկանային ցավի սինդրոմը՝ մկանների աշխատանքը բարելավելու նպատակով: Վաղ ժամանակաշրջանում մկանային համակարգի խախտումը հայտնաբերելով եւ այն կանխարգելելով՝ մենք կանխում ենք օրթոպեդիկ հիվանդությունները:
- Կուզենայինք լսել Ձեր խորհուրդն ու պատգամը: 
-Առողջությունը մարդուն ի վերուստ տրված գանձ է ու այն պետք է պահել ու փայփայել: Ցավոք, շատերը դա գիտակցում են առողջության հետ կապված որոշակի խնդիրներ  առաջանալուց հետո միայն։ Խորհուրդ կտայի հաճախակի հետազոտվել, քանի որ շատ հիվանդություններ առաջանում են առողջությանն անփութորեն վերաբերվելու արդյունքում: Եվ միշտ պետք է հիշենք, որ հիվանդությունն առավել դուրին է կանխարգելել սկզբնական փուլում: Այնպես որ՝ մի՜ վախեցեք բժշկի դիմելուց:
-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք:
-Պայմանավորվածություն ունենք ԼՂՀ առողջապահության նախարարության հետ, որպեսզի նրանք կենտրոնական ներվային համակարգի խախտում ունեցող երեխաների ցուցակ կազմեն եւ ինձ ներկայացնեն: Ցանկություն եմ հայտնել այդպիսի երեխաներին որոշակի բժշկական օգնություն ցուցաբերել: Հուսով եմ՝ դրանով փոքր-ինչ կթեթևացնեմ նրանց հարազատների հոգսերը: Այնպես որ՝ մոտ ապագայում ես կրկին Արցախում կլինեմ:
- Արցախցիները հույսով ու մեծ ակնկալիքներով միշտ սպասում են Ձեզ: Պարոն Թովմասյան, ի՞նչ կցանկանայիք մաղթել ասկերանցիներին եւ առհասարակ՝ արցախցիներին:
- Շնորհակալություն: Որպես բժիշկ, նախ, ողջ հայերին առողջություն եմ ցանկանում, ապա համերաշխություն ու միաբանություն: Արցախին էլ՝ կայուն ու հարատեւ խաղաղություն: 
Բժշկությունը Վ. Թովմասյանի կյանքի իմաստն է: Իրենց առողջությունն ու կյանքը բժշկին վստահած յուրաքանչյուր քաղաքացիներին նա նախևառաջ ջանում է հավատ ներշնչել, իսկ հավատը բժշկի հանդեպ ամենաթանկ դեղամիջոցն է: Եվ բժիշկ Թովմասյանին հաջողվել է իր ամենամարդասիրական մասնագիտությամբ շահել բազմաթիվ մարդկանց հավատը, հարգանքն ու վստահությունը (անկախ ազգությունից): 
  Ասում են՝ բժիշկը պետք է ունենա արծվի հայացք, աղջկա ձեռքեր,  առյուծի սիրտ: Նման հատկանիշներով է օժտված մեր համերկրացի բարձրակարգ բժիշկը: Այս կարճ ժամանակահատվածում տասնյակ ընտանիքների ցուցաբերած բուժօգնության համար երախտագիտություն ենք հայտնում մեր ականավոր համերկրացուն: Աստված Ձեր բազկին նոր ուժ տա բժի՝շկ, եւ Ձեր բոլոր մտահղացումները հաջողությամբ պսակվեն:
 
Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ք. Ասկերան