[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԸ ՇԵՆ ՊԱՀՈՂԸ ԳՅՈՒՂԱՑԻՆ Է

151001.jpgԱրցախ աշխարհի  յուրաքանչյուր բնակավայր ունի իր առանձնահատկությունները, ազգապահպանության գործում՝ իր մեծ դերակատարությունը։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում արցախյան գյուղը  միշտ էլ պատվով է կատարել իր առաքելությունը. սերունդ է կրթել, հող մշակել, պայքարել հանուն ազգի գոյատևման: 
Մարտունու  շրջանի  Հացի  գյուղն ունի հարուստ պատմամշակութային արժեքներ, դարերով հղկված ավանդույթներ, սովորույթներ ու հպարտանալու բազմաթիվ առիթներ: Ամենախոսուն ու ամենահիշարժան վկան  գյուղի արևելյան կողմում, բլրի գագաթին տեղակայված  Բռի եղցի վանքն է՝ կառուցված 13-րդ  դարում։ Վանական համալիրը կազմված է միմյանց կից երկու միանավ եկեղեցիներից: Արևմտյան  կողմում առանձին վեր է խոյանում ճարտարապետ Խաչենիկ Անեցու կառուցած միանավ եկեղեցին, բլրի արևմտյան  ստորոտում՝ Շահեն ճարտարապետի կերտած համանման եկեղեցին  և երեք խոշոր որմնափակ խաչքարերը (նրանցից մեկն ունի 1270թ. արձանագրություն): Հարավ-արևմտյան խաչքարը ևս Խաչենիկ Անեցու ստեղծագործությունն է: Անիից հրավիրված ճարտարապետի մասնակցությունն արցախյան եկեղեցու և խաչքարի կառուցմանը նպաստել է վանքի շինությունների ճակատների ձևավորմանը, գեղատեսիլ ոճի  կիրառմանը, որը Հայաստանում երևան է եկել 12–13-րդ դարերում և կապված էր քաղաքային, առաջին հերթին՝ Անի մայրաքաղաքի, մշակույթի զարգացման նոր փուլի հետ:
Գյուղի պատմական վայրերից  է նաև Անահիտի աղբյուրը: Ավանդության համաձայն՝ Աղվանից Վաչագան թագավորն այս աղբյուրի մոտ է առաջին անգամ հանդիպել Հացի գյուղի գեղեցիկ,  իմաստուն  օրիորդ  Անահիտին և սիրահարվել նրան: Այդ օրվանից էլ աղբյուրը կոչվում է Անահիտի աղբյուր: 
Չնայած  տեսարժան վայրերի՝ հուշարձանների, աղբյուրների և այլնի բազմազանությանը՝ հինավուրց այս համայնքն այսօր բազում խնդիրներ ունի, որոնք փորձեցինք վերհանել համայնքի ղեկավար Ալեքսանդր Ղազյանի  հետ ունեցած մեր զրույցի ժամանակ:
Գյուղը գրեթե լրիվությամբ գազիֆիկացված է: Ունի բուժմանկաբարձական կետ, ակումբ , որոնք ենթակա են վերանորոգման: Գործում  է  իննամյա դպրոց, որը վերանորոգվել և այսօր գտնվում է բարվոք վիճակում: 2012թ. սեպտեմբերի  1-ի դրությամբ՝  համայնքում առկա  է  63  մասնավոր տնտեսություն, 233 բնակիչ: Համայնքն ունի չորս բազմազավակ ընտանիք:
2011թ. կատարված 61 հա  ցանքսից հնձվել է 37,86 հա  ցորեն,  հա¬ի միջին բերքատվությունը՝ 11 ցենտներ, 22,72 հա գարի, միջին բերքատվությունը՝ 8 ցենտներ: 2013 թվականի բերքի տակ կատարվել է ընդամենը 15 հա հերկ: Համայնքի անդամներն զբաղվում են նաև կարտոֆիլագործությամբ։ 2011 թվականի  աշնանացանի համար տրամադրված վարկերը մարվել  են   99 տոկոսով:
Համայնքի տարածքում առկա են  մեկական կոմբայն,  տրակտորային կցասայլ,  հատիկազտիչ,  շարքացան,  տրակտորային գութան, 6 տրակտորներ, 4 բեռնատար մեքենա:
Անդրադառնալով անասնապահությանը՝ համայնքի ղեկավարը նշեց, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ համայնքն ունի 360 գլուխ  խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից 122-ը՝ կովեր, 300  գլուխ   մանր  եղջերավոր  անասուններ, 163  գլուխ  խոզ, 121 մեղվափեթակ: 
Գյուղի  մենատնտեսներ Արա Գասպարյանը և Վոլոդյա Բարսեղյանն  ունեն շուրջ 50-60 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, մեղվաբույծներ Ա. Ղազյանը և Ժ. Հարությունյանը   խնամում են   40-50 մեղվափեթակ:
Համայնքն ունի անասնաբույժ, ով   կանխարգելիչ միջոցառումներն իրականացնում է  ժամանակին, արդյունքում առայսօր գյուղում  սուր վարակիչ հիվանդություններ չեն արձանագրվել: 
Համայնքային հոգսերից ամենածանրը ջրային ցանցի անմխիթար  և աղետալի վիճակն է. ջրացանցը  կառուցվել է 60-ական թվականներին: Վերջինս  սելավների հետևանքով քանդվել է, խողովակները գրեթե լրիվությամբ շարքից դուրս են եկել, իսկ վերանորոգման համար համայնքը չունի համապատասխան միջոցներ: Սելավների հետևանքով  քանդվել  են նաև գյուղամիջյան որոշ ճանապարհներ, փլվել   հենապատեր: Անահիտ և Ակն կոչվող աղբյուրների անանցանելի ճանապարհներն որոշակիորեն վերակառուցվել են, շուտով կսկսվի նաև գյուղամիջյան ճանապարհների բարեկարգումը: 
Անցյալ տարի  համագյուղացիների մասնակցությամբ կազմակերպվել են  շաբաթօրյակներ և մաքրվել գյուղական գերեզմանոցի տարածքը: Կարևոր է  յուրաքանչյուր ընտանիքից առնվազն մեկ հոգու պարտադիր մասնակցությունն այդ գործընթացին: Մյուս հիմնահարցը Անահիտ և Ակն աղբյուրների հորերի բարեկարգումն է, ինչի արդյունքում կապահովվեն ոռոգման ջրով: Հորերի բարեկարգման համար  դրամական միջոցներ են պետք, ինչը համայնքը չունի։ 
Ասում են՝ հաց ստեղծողը, գյուղը շեն պահողը գյուղացին է, և նա միշտ պետք է պաշտպանված լինի: Այսօր համոզված կարող ենք  ասել, որ դա այդպես է։ Երկրի  կառավարությունը  լուրջ ուշադրություն է դարձնում այսօրվա  մեր գյուղաբնակին: Պատահական չեն գործադիրի  կողմից մշակվող ու  իրականացվող մի շարք ծրագրեր՝ միտված գյուղական բնակչության թվաքանակի աճի և բարեկեցության ապահովմանը։ 
Մնում է հուսալ, որ հնամյա այս գյուղում  առաջիկայում բնակչության աճի ոչ թե հետընթաց, այլ առաջընթաց կարձանագրվի։ 
 
 
Արմինե  ԴԱՆԻԵԼՅԱՆ
ք. Մարտունի