[ARM]     [RUS]     [ENG]

ԳՆԱՑԻ, ՏԵՍԱ ՈՒ ...ՀԻԱՑԱ

Աշունն իր ներկապնակի բազմերանգ գույները շաղ է տվել Խոնաշենի կախարդական հովտին, տարածել զգլխիչ  բույրեր։ Մուշկապատցի Ռուդիկ Բաղդասարյանի փոքրիկ խաղողայգին Խոնաշենի հովտում է, գյուղից ցած, Ճուճուփ քոլ սարի մշտարթուն հայացքի տակ, մի բլրակի արևելահայաց լանջին։ 
Հոկտեմբերյան այդ տաք, արևոտ օրը խաղողայգին պարզապես մի ընդարձակ մեղվափեթակ էր հիշեցնում։ Այգեկութի երկրորդ օրն էր։ Շուրջ երկու տասնյակ համագյուղացիներ ամբարում էին խաղողի առատ բերքը։ Այգու ծայրին մեքենաներ են, որ բեռնված արևահամ խաղողով, տարբեր ուղիներ պիտի բռնեն։ 
Ես բավականության անթաքույց երանգներ եմ նշմարում այգու տիրոջ դեմքին. իր արդար տքնության պտուղներն սպասածից էլ ավելին էին։  
Բարենպաստ  էր տարին։ 
- Վեց տարի առաջ տնկեցի առաջին վազը,- տեղեկացնում է նա։ 
Ամուսիններ Ռուդիկ Բաղդասարյանը և Էլնոր Ուլուբաբյանը Հաղորտիի միջնակարգն են ավարտել։ Կազմել են գեղեցիկ ընտանիք և հիմա  պապիկ-տատիկի կարգավիճակ ունեն։ Ես ծանոթ եմ նրանց կյանքի մանրամասներին։ Ռուդիկը մասնագիտությամբ ավտովարորդ է, կինն ամբողջ կյանքն անց է կացրել գրքերի աշխարհում. գրադարանավարուհի է։ Ճիշտ է, չի հասցրել մասնագիտական կրթություն ստանալ, բայց հոգով նվիրված է իր գործին։ Երկու տարի առաջ, երբ հրո ճարակ դարձան գյուղապետարանի շենքն ու գրադարանը, տեսնել էր պետք, թե նա ինչ փնտրտուքի մեջ էր՝ նոր գրադարան  ստեղծելու համար։ Եվ ջանքերն իզուր չանցան։
Հիշում եմ. Էլնորը տասներորդ դասարանում էր սովորում և ստեղծագործական  շարադրություն էր գրել ՙԻսկական մարդն իմ պատկերացմամբ՚ թեմայով։ Այն շատ դուր եկավ գրականության ուսուցչիս և, առժամանակ անց, տպագրվեց շրջանային թերթում։ 
Հիմա, երբ նախկին սաներս այգեկութին՝ այս հրաշալի տոնին են ինձ հրավիրել, ես  խորհում եմ. Ռուդիկը թերևս այն տղամարդն է, որին պատկերացնում էր դեռատի աղջնակը։
Այգեկութին հրավիրված էր և ստեփանակերտցի ավտովարորդ Վլադիկ Մարտիրոսյանը՝ տիկնոջ հետ։ Ռուդիկն ու Վլադիկը միասին են ծառայել խորհրդային բանակում։ Գնալ-գալ  ունեն։ 
Ես պտույտ գործեցի, տեսա, թե ինչպես խաղողայգու մաս են կազմում, ճոխություն տալիս  մրգատու ծառերը։ Աչք են շոյում դալար, ճաշակով խնամված տնկիները։ Այստեղ առաջինն է ականջօղեր կախում կեռասենին, իսկ ծիրանն՝ ամբարում արևի ոսկին, դեղձենին՝ լաջվարդ շապիկ հագնում, նուռը  ճաքում քաղցրությունից։
Եվ ապա՝ վազը մայրանում։
Միջօրեին, երբ սեղանը լի էր այգու բարիքներով, մի կտոր հաց էինք կտրում, և ամենից քաղցրը խոսք ու զրույցն էր։
- Տղամարդը միայն մահացած վիճակում իրավունք ունի մեջքի վրա պառկելու,¬ Զորի Բալայանի այս փիլիսոփայությունը հիշեցի՝ այդկերպ արտահայտելով իմ խորին զարմանքը լեռնցի մարդու կատարած տիտանական գործի նկատմամբ։
- Ասում են՝ մի աղքատ մարդ,- խոսքի վրա խոսք առավ այգու տերը,¬ մի փորձառուի մոտ է գնում, որպեսզի վերջինս ցույց տա աղքատությունը թոթափելու ուղին։ 
- Գիշերը քնո՞ւմ ես,¬ հարցնում է փորձառուն։
¬ Բա ինչպե՞ս...,- զարմանում է շինականը։
- Դրանից է, որ աղքատ ես։
Մարդը տքնում է օր ու գիշեր, և բարեկեցիկ կյանքն ապահովված է։
Մուշկապատցու մոտ վազը հարգի է ՙէն գլխից՚։ Վկան՝ հարևան Տեմեն տակ բարձունքին գտնվող Վարդան զորավարի մատուռը (7-րդ դար), նրա հարևանությամբ՝ քարե հսկա հնձանը։ Այստեղ դարերն են խոսում։ Այսօր վազն արևահամ խաղող է պարգևում և՜ Մարտիկ Գրիգորյանի ու Հրազդան Ասրիբաբայանի, և՜ Կամո Պետրոսյանի, Օլեգ Ուլուբաբյանի, մյուսների այգիներում։
- Տուր ինձ քո ձեռքը, և ես կհասնեմ արևին,¬ ասում են, իբր այս պայմանն է առաջարկել վազն իր խնամողին։ Ականջդ կանչի, Ջահան Լալայան, այս վերջին միտքը քեզանից է փոխառված... 
 
Նորայր ԱՎԵՏԻՍՅԱՆ 
գ. Հաղորտի