[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

Հանրապետությունում շարունակում են օրակարգային մնալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններում հաշվառված, աշխատանք փնտրող անձանց աշխատաշուկայում մրցունակ դարձնելը, զբաղվածության խնդրի լուծումը՝ հատկապես երիտասարդների և կանանց շրջանում։     
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝  աշխատանք փնտրող անձանց թվաքանակը սույն թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում 3212 է, որից 3052-ը կանայք են: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 328-ով, այսինքն  2011թ. նույն ժամանակաընթացքում աշխատանք փնտրող անձանց թվաքանակը 3540 էր։ Աշխատանք փնտրողների 92,5%-ը կամ 2971 անձ ստացել է գործազուրկի կարգավիճակ:
Նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Վիլեն Բախշիյանի տեղեկատվությամբ՝ հանրապետությունում գրանցված 2971 քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում 324 մարդ: 
Իսկ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 170 մարդ, որից 140-ը՝ գործազուրկ: Նախորդ տարվա  համեմատ այդ ցուցանիշն աճել է 71-ով: Աշխատանքի տեղավորվածների 81,2%-ը կանայք են: 
Դիտարկվող ժամանակահատվածում գործազուրկների թվի մեջ մեծ է քաղաքային բնակչության տեսակարար կշիռը. այն կազմում է 94,7 %: Անդրադառնալով գործազուրկների տարիքային ցենզին՝ մեր զրուցակիցը նշեց, որ գործազուրկների թվի 1,8%-ը պատկանում է 18-22 տարիքային խմբին՝ նախորդ  տարվա 2,4%-ի փոխարեն, 37%-ը՝ 22-30 տարիքային խմբին՝ 27,6%-ի փոխարեն, 42,1%-ը 30-50 տարիքային խմբին՝ 51,2%-ի փոխարեն, 19,1 %-ը՝ 50-ից բարձր տարիքային խմբին՝ նախորդ տարվա 18,7%-ի փոխարեն:
Դիտարկելով գործազուրկների կրթական ցենզը՝ արձանագրվել է, որ բարձրագույն կրթություն ունեցողները կազմել են գործազուրկների ընդհանուր թվի 15,8%-ը՝ նախորդ տարվա 13,5%-ի փոխարեն, միջին մասնագիտական կրթություն ունեցողները՝ 36,4%-ը, նախորդ տարվա 33,2%-ի փոխարեն, իսկ 47,8%-ը ընդհանուր և թերի միջնակարգ կրթություն ունեցողներ են:
2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ գործազուրկների  3,7%-ը եղել են մանկավարժներ՝ նախորդ տարվա 3,5%-ի փոխարեն, 4,6%-ը՝ բուժքույրեր՝ նախորդ տարվա նույն տոկոսային հարաբերությամբ,  9,4%-ը տնտեսագետներ են և հաշվապահներ (հիմնականում՝ միջին մասնագիտական կրթությամբ)՝ նախորդ տարվա 10%-ի փոխարեն, 12,4%-ը վաճառողներ՝ նախորդ տարվա  6,9%-ի փոխարեն, 4,2%-ը մասնագիտություն չունեցող անձինք՝ նախորդ տարվա 3,5%-ի փոխարեն: 
Մեկ տարուց ավելի գործազուրկի կարգավիճակ ունեցող անձանց թվաքանակը կազմում է  28,9%, որը  նախորդ տարվա համեմատ  աճել է 4,8 տոկոսային կետով:
ԼՂՀ զբաղվածության բնագավառում իրականացվում են 6-ից ավել ամենամյա պետական ծրագրեր՝ այս կամ այն կերպ խթանելու զբաղվածության ապահովումը։ Ստեփանակերտ քաղաքի երեք հաշմանդամներ օգտվում են աշխատաշուկայում անմրցունակ խմբերի աշխատավարձի փոխհատուցման ծրագրից: 
Աշխատատեղի առկայության դեպքում գործատուներն էլ իրենց հերթին կարող են դիմել ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժին կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններ և համալրել թափուր աշխատատեղերն իրենց պահանջներին համապատասխանող գործազուրկ կամ աշխատանք փնտրող անձանցով։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ