[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՂՂՎԱԾ ՇՔԱՄՈՒՏՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ

Հոկտեմբերի 18-ին ՙՔաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն՚ հասարակական  կազմակերպությունը հրավիրել է կլոր սեղան, որի ընթացքում ամփոփվել են իրենց կողմից առաջադրված ՙԼուսավոր ու մաքուր շքամուտքեր՚ ծրագրի արդյունքները։ 
Միջոցառմանը  հրավիրված էին Ստեփանակերտի քաղաքապետարանի  բնակարանային հարցերի բաժնի պետ Կ. Գրիգորյանը, ՙԲՇՏ՚ ՓԲԸ տնօրեն  Ա. Ավագյանը, թաղային կոմիտեների նախագահներ, հասարակական կառույցների  ներկայացուցիչներ։ 
Այս օրերին, երբ մենք հանդիսավորությամբ նշեցինք Ստեփանակերտի օրը՝ շեշտը դնելով քաղաքն   ընդհանուրիս տունը լինելու, նրա բարեկեցությանը բոլորիս ակտիվ մասնակցությունն ունենալու  անհրաժեշտության վրա, նման նախաձեռնությունների դերը մեծանում է կրկնակի։ 
Ներկայացնելով կազմակերպության գործունեությունն ու նպատակները՝ ՙՔաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն՚ ՀԿ նախագահ Ա. Ոսկանյանն ընդգծեց, որ պետք չէ  սպասել, որ բոլոր խնդիրները լուծվեն իշխանությունների կողմից։ Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բան դրականորեն փոխելու պարտավորություն պիտի զգա, ձգտի իր ավանդն ունենալ մեր սիրելի քաղաքի բարգավաճումն ապահովելու գործում՚։ 
Կենտրոնը վերոնշյալ ծրագիրը սկսել է կյանքի կոչել անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին ։ Մի քանի  թաղամասերում իրականացրել են մոնիտորինգ, պարզել լավագույն, այսինքն՝ մաքուր, բարեկարգ ու վերանորոգված, ինչպես նաև վատթար վիճակում գտնվող շքամուտքերը։
Վերանորոգման որոշ աշխատանքներ իրականացրել են բնակիչները, որոշները ՝ ԲՇՏ-ի հետ համագործակցելով։ 
ԲՇՏ տնօրեն Ա. Ավագյանը շնորհակալություն հայտնեց նման հասարակական նախաձեռնության համար՝   նշելով, որ բակերի ու շքամուտքերի մաքրության պահպանումը ընկերության գործունեության հիմնական  ուղղություններից մեկն  է, իհարկե, կան խնդիրներ այլ ուղղություններում։ 
Նշվեց, որ հավաքարարների հաստիքները  չեն հերիքում։ Իսկ նոր  հաստիքների համար  գումարներ չկան։ ԲՇՏ-ի վերլուծություններով՝ գործընթացի լիարժեք կազմակերպման համար 55 աշխատատեղ է պետք. ներկայումս այն ընդամենը 11-ն է։ Ինչ վերաբերում է շքամուտքերի վերանորոգմանը, այստեղ վիճակն ահավոր է. ԲՇՏ-ն տնտհաշվարկային կառույց  է, իսկ գործող սակագներով անհրաժեշտ  գումարներ չի  կարող հավաքագրել՝ այդ աշխատանքները կազմակերպելու համար։ 
Նորմալ, ժամանակակից  շքամուտքեր  ունենալու  համար  յուրաքանչյուր շքամուտքին 200-250 հազար  դրամ է անհրաժեշտ։ Դա կարելի է անել, եթե բնակիչներն էլ  ընդառաջեն և որոշակի գումար ներդնեն։ Հարց  բարձրացվեց, թե բնակիչները կարո՞ղ են որոշ ժամանակ չվճարել բնակվարձերը և դրա հաշվին  իրականացնել շքամուտքերի վերանորոգումը։ Պատասխանը միանշանակ բացասական էր՝ բազմաթիվ  խնդիրների  առաջացման պատճառաբանությամբ։ 
Հնչեցին  առաջարկներ  համատիրությունների փորձը կիրառելու, թաղային կոմիտեների աշխատանքը  կանոնակարգելու և նրանց միջոցով բնակիչների հետ աշխատանքներ  տանելու վերաբերյալ։ Պարզվեց, որ Ստեփանակերտի Հեքիմյան փողոցի շենքերից մեկում  գործում  է այդ  համակարգը, բայց այն դեռևս լրիվությամբ չի արդարացնում իրեն։  Ինչ վերաբերում  է թաղային  կոմիտեների  նախագահների  աշխատանքին և նրանց  լիազորություններին, որը մինչև հիմա կատարվում է  հասարակական  հիմունքներով, քաղաքապետարանում քայլեր են ձեռնարկվում այն վարձավճարային դարձնելու ուղղությամբ։ Կհստակեցվեն նաև նրանց պարտականություններն ու իրավունքները։ Համատիրությունները փաստորեն բնակիչների ու  քաղաքապետարանի համար կդառնան միջնորդ օղակ։ 
Խոսք եղավ նաև շենքերի բակերի, տանիքների  վերանորոգման, Ստեփանակերտում ընթացող  ծառահատումների նպատակահարմարության մասին։ 
Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաղաքը հարմարավետ ու բարեկարգ տեսնելու իր  պատկերացումներն ու առաջարկներն ուներ, դրանք  համատեղ քննարկելու  և իրագործելու արդյունքում կարելի է ընտրել լավագույն տարբերակը։ 
Հանդիպման վերջում ԲՇՏ տնօրենը ՙԼուսավոր ու մաքուր շքամուտքեր՚ ծրագրի շրջանակում քաղաքի հաղթող ճանաչված երեք թաղային կոմիտեների նախագահների հանձնեց պատվոգրեր։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ