[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԸ՝ ՇՈՒՇԻԻ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Օրերս վերականգնողական աշխատանքների մեծ թափ ստացած հայոց բերդաքաղաքի թաղամասերից մեկի  երեխաները հերթական գեղեցիկ նվերը ստացան. քաղաքում  գործող 4 խաղահրապարակներին ավելացավ ևս մեկը։  
Խաղահրապարակի կառուցումը սկսվել էր ընթացիկ տարվա գարնանը, Հայ Ավետարանչական ընկերակցության ԼՂՀ մասնաճյուղի ծրագրերի շրջանակներում՝ Բիլեզիքյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Նշենք, որ Բիլեզիքյան ընտանիքը հովանավորում է նաև Շուշիի Հայ Ավետարանչական մանկապարտեզին՝ հոգալով նրա ծախսերը։ Խաղահրապարակը կառուցվել է մանկապարտեզի հարակից տարածքում, բայց այն ոչ միայն մանկապարտեզի, այլև այդ թաղամասի բոլոր երեխաների համար է նախատեսված։ Ինչես մեզ տեղեկացրեց ընկերակցության Արցախի գրասենյակի պատասխանատու Արսեն Մանասյանը, ծրագրի արժեքը մոտ 19 մլն դրամ է։ ՙԱյստեղ մեծ տեղ են զբաղեցրել քանդված, ավերված շինությունները, բարձիթողի վիճակում էր գտնվում տարածքը։ Այժմ այստեղ իրենց ամենօրյա հանգիստը կարող են կազմակերպել թաղամասի երեխաները՚,- ասաց նա։
Խաղահրապարակի բացումը վերածվել էր իսկական տոնախմբության. երգ, պար, հյուրասիրություն, մուլտհերոսների ու ծաղրածուների մասնակցությամբ մշակութային համարներ։ Խաղահրապարակի բացման արարողությանը ներկա էր Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի  պատասխանատու Հարութ Ներսեսյանը, ընկերակցության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը, ինչպես նաև տեր և տիկին Բիլեզիքյանները։ Վերջիններս Հայ Ավետարանչական ընկերության խոշոր նվիրատուներից են։
Չարլզ Բիլեզիքյանը շնորհակալություն հայտնելով հատկապես մանկապարտեզի անձնակազմին՝ իրենց սերն ու հոգատարությունը երեխաներին տալու համար, նշեց, որ հպարտ ու պատրաստակամ է ֆինանսական միջոցներ ներդնելու, որպեսզի նրանք ինչ-որ չափով իրենց ավելի երջանիկ զգան։
Հ. Ներսեսյանը նշեց, որ Հայաստանում Հայ Ավետարանչական ընկերակցությունը, բացի բարեգործական ծրագրերից, սկսել է իրագործել նաև զարգացման ծրագրեր  կրթության, գյուղատնտեսության ոլորտներում։ Առայժմ ԼՂՀ-ում նման ծրագրերի իրականացման շուրջ  բանակցություններ են ընթանում, որից հետո Արցախում ևս կյանքի կկոչվեն նմանատիպ ծրագրեր։ 
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ