Logo
Print this page

ԻՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ՎՏԱՆԳ

Տարբեր երկրներում օրեցօր իր աշխարհագրությունն ընդլայնող՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի (ԽԱԺ) մասին հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվամիջոցներով տրվող տեղեկությունները հոգեբանական լուրջ ազդեցություն են թողնում հիվանդության մասին ամբողջական պատկերացում չունեցող մարդկանց վրա։ 
ԽԱԺ-ի ուրվականը շրջում է համայնքից համայնք, տնից տուն, ալեկոծում մարդկանց։ Ահաբեկված բնակչության որոշակի հատված հրաժարվում է նույնիսկ խոզի միս օգտագործելուց։ 
Որքանո՞վ են հիմնավորված սպառողի մոտ առաջացած խուճապն ու վախը։ Որքանո՞վ է իրական խոզերի աֆրիկյան ժանտախտի վտանգը։ 
Ծանոթացման կարգով նշենք հետևյալը. ԽԱԺ-ը սուր վարակիչ հիվանդություն է, խոզերից բացի ոչ մի կենդանի այդ հիվանդությամբ չի հիվանդանում։ Մարդը ևս զգայուն չէ ԽԱԺ-ի նկատմամբ։ Ուրեմն, այն չի սպառնում մարդկանց, ինչպես հատուկ վտանգավոր հիվանդությունները (սիբիրախտ, բրուցելյոզ, տուբերկուլյոզ, դաբաղ, կատաղություն և այլն)։ ԽԱԺ-ը մինչև 1850-ական թվականներն արձանագրվել է Աֆրիկայում, իսկ այնուհետև՝ աշխարհի այլ երկրներում։ Կովկասյան տարածաշրջանում առաջին անգամ գրանցվել է  2007 թվականին։ Ընդ որում՝  վարակն առաջին անգամ գրանցվել է Վրաստանում՝ ապրիլ ամսում. այստեղ արձանագրվել են խոզերի զանգվածային անկման դեպքեր։ Այնուհետև նույն թվականի հունիս ամսին այն արձանագրվել է Հայաստանում, որտեղից էլ անցել է Արցախ։ Ընդ որում՝ առաջին անգամ՝ Ասկերանի շրջանի տնտեսություններ, որտեղից էլ՝ Մարտունու շրջան.  շրջանի տնտեսությունների խոզերի գրեթե 50%-ը կորստի է մատնվել ԽԱԺ-ից։
Խոզերի աֆրիկյան ժանտախտի նկատմամբ մինչ օրս չկան բուժման և կանխարգելիչ միջոցառումներ՝ վակցինացիա, ինչպես խոզերի դասական ժանտախտի, պաստերիլյոզի, կարմրախտի և  այլնի ժամանակ է արվում։ Խոզերի դասական (կլասիկ) և աֆրիկյան ժանտախտ հիվանդությունները երկուսն էլ սուր վարակիչ են՝ համաճարակային բնույթով։ Հիվանդության նշանները համարյա նույնն են, միայն մի տարբերությամբ.  սովորական (դասական) ժանտախտի դեպքում ծծկեր գոճիները չեն հիվանդանում, հավանաբար՝ մոր կաթից որոշ իմունամարմիններ ստանալու արդյունքում։ 
Հիվանդության նշաններն են.
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 42 աստիճան, մաշկի վրա խոշոր կարմրակապտավուն մեռուկային հատվածների առաջացում, որոնք  մատների սեղմումից չեն անհետանում։ Հիվանդ կենդանու  ախորժակը փակվում է, նկատվում են հևոց, փսխում, բրոնխների և թոքերի բորբոքման նշաններ, կապտում են տեսանելի լորձաթաղանթները, և 2-3 օրվա մեջ վրա է հասնում մահը։ ԽԱԺ-ի դեպքում դիակը  արագ նեխվում ու քայքայվում է։ Այստեղ հատկանշական են որովայնի խոռոչի, կրծքավանդակի, սրտի պարկի  մեջ ջրթողությունները։ Թոքերն  այտուցված ու բորբոքված են լինում, ծայրամասային արյան անոթները՝ սեղմված ու դատարկ, փայծախը՝ փոքր¬ինչ մեծացած, եզրերում՝ մեռուկացված մասեր, միզապարկը՝ դատարկ, առանց արյունազեղումների։
Վարակի տարածման աղբյուրներն են վարակված խոզերը, դրանց մսեղիքը, արտազատուկները և արտաթորանքով ախտահարված իրերը։ Ճանճերը ևս կարող են վարակը փոխանցել, անգամ 40-45 ժամ հետո։ Վարակը կարող է տարածվել նաև փարախային տզերի միջոցով։
Ինչպես գլխաքանակը պաշտպանել խոզերի աֆրիկյան ժանտախտից.
Ս. թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ շրջանի տնտեսություններում ունենք 3280 գլուխ խոզ, որը համեմատած ս.թ. հունվարի 1-ի հետ, ավել է 1489 գլխով։ Սա մեծ հաջողություն է և ուրախալի փաստ շրջանի համար։ Ավելի ուրախալի կլինի, եթե մենք կարողանանք  խոզերին պահպանել  բոլոր տեսակի հիվանդություններից, առավել ևս՝ ԽԱԺ-ից։ Այդ իսկ պատճառով խոզաբուծությամբ զբաղվողները պետք է իմանան և պահպանեն անվտագնության կանոնները, այսինքն՝ ստեղծեն  պաշտպանական պատնեշ խոզերի և նրանց հիվանդությունների պատճառ հանդիսացող գործոնների միջև, ընդ որում՝ այդ գործոնները կարող են լինել ֆիզիկական, քիմիական և կենսաբանական (օրինակ՝ պատվաստանյութերը և ախտահանիչ նյութերը)։
Խոզերի հիվանդության վտանգն այժմ առավել մեծ է, քան երբևէ...  Վերջերս մենք տեղեկացանք, որ Ասկերանի շրջանի որոշ տնտեսություններում արձանագրվել է այս հիվանդությունը, որը սպառնում է նաև հարևան  շրջանների տնտեսություններին։ Ուստի, խոզաբուծությամբ զբաղվողներն առաջին հերթին  պետք է խոզերը պահեն փակ կամ ցանկապատած տարածքում, շինության մեջ, որպեսզի բացառվի առողջ խոզերի շփումը  հիվանդ խոզերի հետ։ Գլխաքանակը պետք է թարմացվի միայն առողջ խոզերով։ Այլ վայրերից բերված խոզերը պետք է 30 օր մեկուսացնել՝ համոզվելու համար (կանխարգելիչ կարանտին), որ նրանք առողջ են։
Էդուարդ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Մարտունու շրջվարչակազմի 
աշխատակազմի ԳՀՀ բաժնի անասնաբույժ
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.