[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ 514 ՀՈԳՈՒ

ԼՂՀ կառավարության 2009-2015 թթ. ռազմավարական փաթեթի շրջանակներում իրագործվում են մի շարք ծրագրեր՝ այս կամ այն չափով բարձրացնելու հաշմանդամների սոցիալական պաշտպանության մակարդակը։ Այդ  շարքում է բնակչության առանձին սոցիալական խմբերի քաղաքացիներին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի տրամադրումը։ 
Համաձայն կարգի, արտերկրի առողջարաններ ուղեգրումներն իրականացվում են ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, իսկ ԼՂՀ և ՀՀ առողջարաններն ու հանգստյան տները՝ տարածքային սոցծառայությունների միջոցով։ Հստակեցվել են հատկացվող ուղեգրերի նպատակային օգտագործման վերահսկողության մեխանիզմը, ուղեգրեր ստանալու իրավունքից օգտվող քաղաքացիների խմբերը, ուղեգրեր ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը։ 
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության բաժնի պետ Սամվել Իսրայելյանի տեղեկատվությամբ՝ այս տարի առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրեր են տրամադրվել առանձին սոցիալական խմբերին պատկանող 514 անձանց։ Նշենք, որ 2011թ. ծրագրից օգտվել է 461 քաղաքացի։ Ուղեգրերի բաշխումն իրականացվել է ս. թ. մայիս ամսից մինչև հոկտեմբերի վերջը։ Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվել են հաշմանդամ զինծառայողներին (հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձինք), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, հաշմանդամ երեխաներին (հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող մինչև 18 տարեկան երեխաներ), խուլ-համր 3-րդ խմբի հաշմանդամներին (3-րդ խմբի հաշմանդամ ճանաչված խուլ-համր անձինք), զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ամուսիններ, ծնողներ), Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, նույն պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին, ՀՀ և ԼՂՀ ազգային հերոսներին և շքանշանակիրներին, ինչպես նաև միայնակ քաղաքացիներին։ 
Այս տարի Ջերմուկ քաղաքի առողջարանային տուն է ուղեգրվել 263 հոգի (12 օր), որից 20-ը ստացել են ՙՄոր և մանկան՚ ուղեգրեր, այսինքն՝ հաշմանդամ երեխայի հետ առողջարանային տուն է մեկնել նաև ծնողը։ ՙԱրզնի՚ առողջարան է մեկնել 100 քաղաքացի, որից 10-ը՝ մոր և մանկան ուղեգրով։ ՙԳրացիա՚ առողջարանում իրենց հանգիստն են վայելել 30 հոգի (14 օր), Սևանի ՙԱյրիք՚ առողջարանում՝ 68  և Դիլիջանի ՙԼեռնային Հայաստան՚¬ում՝ 15 հոգի։ Ս. Իսրայելյանի խոսքերով՝ մյուս հանգստյան տներում և առողջարաններում քաղաքացիների հանգիստը տևել է 7 օր, ընդ որում՝ մեկ ուղեգրով հնարավորություն է ընձեռվել մեկնելու երկու հոգու։ 
Այս տարի արտերկրի մասնագիտացված Սակիի առողջարան է մեկնել 18 հոգի (17 հաշմանդամ և մեկ ուղեկցող)։ Մասնագիտացված առողջարանների ուղեգրերը տրվում են առաջին խմբի հաշմանդամ զինծառայողներին և հաշմանդամ երեխաներին՝ առաջնահերթությունը վերապահելով այն քաղաքացիներին, որոնց հաշմանդամության սահմանման համար հիմք հանդիսացած հիվանդությունը (վնասվածքը, խեղումը) համապատասխանում է տվյալ առողջարանում բուժման հիմնական ուղղվածությանը։ 
Առողջարաններից վերադառնալուց հետո քաղաքացիները նախարարություն են ներկայացրել առողջարանում հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանքը, որովհետև  չներկայացնելու դեպքում քաղաքացին զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։ Այս տարի առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և ընդհանուր ծրագրի համար ԼՂՀ պետբյուջեից հատկացվել է շուրջ 95 միլիոն դրամ։
Սոցիալական աջակցության բաժնի պետի հավաստմամբ՝ ծրագիրը  շարունակական բնույթ կունենա։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ