[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾԵԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ՝ ՍԱ Է ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ

Վերջերս բնակչության շրջանում շատ է խոսվում, միաժամանակ՝  դժգոհություն հայտնվում  մայրաքաղաքի մայթերի ՙխեղդման՚ և  անհարկի  ծառահատման առնչությամբ: Հասարակությանը հուզող հարցերի շուրջ զրուցեցինք Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Արարատ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ:
- Գաղտնիք չէ, որ   մայրաքաղաքի ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է  առաջնորդվել քաղաքի գլխավոր հատակագծով: Ե՞րբ է հաստատվել Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը և ներառու՞մ է այն ներկայիս վարչական տարածքները:
¬ Ստեփանակերտի գլխավոր հատակագիծը, որով առաջնորդվում ենք առայսօր, հաստատվել է 2000-2001 թթ.: Գլխավոր հատակագծի, ինչպես բոլոր ռազմավարական փաստաթղթերի, հաստատմանը հաջորդում է մանրամասն հատակագծման կամ գոտևորման նախագծի ընդունումը: Գոտևորման նախագծում արտացոլված է լինում քաղաքի տարածքների տարբեր նպատակային օգտագործումը. բնակելի շենքեր, հասարակական նշանակության օբյեկտներ, արդյունաբերական կառույցներ, կանաչապատման գոտիներ և այլն: Այդ երկու կարևոր փաստաթղթերը, որոնցում մշակված և հաշվարկված են լինում տեխնիկատնտեսական հիմնավորումները, ենթակառուցվածքների համապատասխան հզորությամբ կառուցումը և մի շարք այլ անհրաժեշտ հիմնավորումներ, նաև երաշխիք են հանդիսանում  քաղաքի ներդաշնակ զարգացման համար, զերծ  պահում կոպիտ խախտումներից: Ցավոք, մինչ այսօր Ստեփանակերտը չունի գոտևորման նախագիծ: Որևէ տարածքի կառուցապատման համար Քաղաքաշինության նախարարության կամ քաղաքապետարանի կողմից պատվիրվում է կառուցապատման նախագիծ: Այսպես, կառուցապատման նախագիծ է պատվիրվել ՙԱրցախ՚ թաղամասի կառուցման և նախկին հակաօդային պաշտպանության գնդի տարածքում բնակելի շենքերի շինարարության համար: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի գլխավոր հատակագծում այսօրվա վարչական տարածքների արտացոլմանը, ապա պետք է նշեմ, որ, չնայած  քաղաքի վարչական տարածքն ավելացել է մոտ 40%-ով, այդուհանդերձ, դրանց մեծ մասը ներառված է գլխավոր հատակագծում: Արտացոլված չեն Աջափնյակ և 41-րդ ու 42-րդ  թաղամասերը: Չնայած դրան, գտնում եմ, որ Ստեփանակերտի գլխավոր հատակագիծն առաջիկայում ևս  կարող է ծառայել որպես քաղաքաշինական գլխավոր փաստաթուղթ: Հատկապես որ՝ գլխավոր հատակագծով նախատեսված են մի շարք շինություններ, որոնք դեռ պետք է կյանքի կոչվեն, մասնավորապես, պետք է կառուցվի կամուրջ, որի միջոցով կբացվի կարճ ճանապարհ Բաղրամյան փողոցից (4-րդ դպրոցի մոտակայքից) դեպի Սասունցի Դավթի փողոցը` միանալով Պ. Սևակի փողոցին:
- Ի՞նչ գործառույթներ է կիրարկում ճարտարապետության և քաղաքաշինության բաժինը:
- Բաժինն օժանդակում է Ստեփանակերտի քաղաքապետին՝ իրականացնելու քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման տարածքային քաղաքականություն: Այդ առումով հիմնականում ուսումնասիրում է շենքերի և շինությունների կառուցման, վերակառուցման վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց հայտերը, դիմումները, գրությունները, տալիս  դրանց վերաբերյալ համապատասխան եզրակացություն և պատրաստում Ստեփանակերտի քաղաքապետի որոշման նախագծերը: Նախագծերի մշակման համար հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծման առաջադրանքները համաձայնեցնում է արդեն իսկ մշակված նախագծերի հետ: Քաղաքի համար նշանակալից դեր ունեցող ճարտարապետական խնդիրների շուրջ քննարկմանը հրավիրվում է քաղաքապետարանին կից ճարտարապետական խորհուրդը, որի կարծիքը հաշվի է առնվում համապատասխան որոշում կայացնելիս: Օբյեկտի կառուցման թույլտվություն ստացած անձը պետք է ներկայացնի ճարտարապետաշինարարական նախագիծ: Դրա քննարկումից և հաստատումից հետո տրվում է շինարարություն սկսելու թույլտվություն: Հատկանշեմ` քաղաքապետարան մուտքագրվող դիմումների 60-70%-ն ուղղված է լինում ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին:
-Հասարակությունը դժգոհություն է հայտնում մայթերի տարածքը շինարարության տրամադրելու, ինչպես նաև նույն նպատակով ծառերի մասամբ հատման համար: Չէ՞  որ լայն մայթերը ծառայում են նաև ժողովրդի անվտանգության ապահովմանը:
-Համաձայն եմ, որ մայթերի նեղացման խնդիր կա: Սակայն այդ ամենը կատարվում է ավտոճանապարհային շինարարական նորմերի և կանոնների շրջանակներում: Մայթերի լայնությունը ստանդարտ չափ չունի, դա կախված է փողոցների նշանակությունից. քաղաքային նշանակության մայրուղու մայթերը, բնականաբար, լինում են ավելի լայն (3,375 մ), շրջանային նշանակության փողոցներինը` 2,25 մ, սովորական փողոցներինը` 1,68 մ, արդյունաբերական փողոցներինը` 1,1 մ: Մենք փորձում ենք չխախտել ընդունված շինարարական նորմերը:
- Ձեր գործունեության մեջ վերջին շրջանում ուրիշ ի՞նչ հանգամանքների  եք կարևորություն տալիս:
- Վերջերս, կապված ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ծառայության աշխատանքների աշխուժացման հետ և կարևորելով  նախապատրաստական այդ աշխատանքները, հասարակական հիմունքներով համագործակցում ենք նրանց հետ: Դա կարևորում եմ նաև այն հանգամանքի հաշվառումով, որ պատերազմ վերսկսելու դեպքում ես պարտավորված կլինեմ դառնալ  Ստեփանակերտի քաղաքացիական պաշտպանության ինժեներական ծառայության պետ:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ