[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում Խոսրով Մկրտչի Մկրտչյանի գերդաստանի պատմությունը շատերը գիտեն, մանավանդ գյուղի տարեցները, ովքեր ականատեսն  են եղել գերդաստանի մեծերի վարք ու բարքին, նրանց ազգանվեր գործունեությանը։ Խոսրովը շրջապատում  առանձնանում էր նաև իր աշխատասիրությամբ, նա լավ էր սերտել հողի լեզուն, ինչը նրա հաջողությունների հիմնական գրավականն էր։ 
Առ այսօր գյուղում պահպանվում է նրա սեփական երկհարկանի տունը՝ քարե բարձր ցանկապատով։ Խոսրովի ամբարները միշտ լիքն էին, որից նա բաժին էր հանում կարիքավոր համագյուղացիներին, առանձնապես բազմազավակ ընտանիքներին։
Samvel_Harutyunian2.jpgՆրա հեղինակությունը Խաչմաչում մեծացավ 1907թ., երբ Շուշիի գավառապետի ներկայացուցիչները գյուղ ժամանելով, հայտնեցին, թե գյուղում դպրոց բացելու համար անհրաժեշտ է գավառապետի գանձարանին կանխավճար մուծել։ Հավաքված տղամարդիկ մատը-մատին  չխփեցին, միայն Խոսրովն էր, որ ֆինանսական աջակցություն ցուցաբերեց։ Նրանք հայտարարեցին, որ այդ գումարով դպրոց կբացվի և հինգ տարի ուսումը կլինի ձրի։ Այսպես Խաչմաչ գյուղում բացվեց առաջին 5-ամյա դպրոցը։ Դպրոցի առաջին աշակերտներից էր նաև Խոսրովի որդի Հարությունը, ով դպրոցն ավարտեց գերազանց գնահատականներով։ Ի դեպ, տեղին է նշել, որ դպրոցի շրջանավարտներից շատերը խորհրդային տարիներին հասան մեծ հաջողությունների։
Հարություն Մկրտչյանը հոր արժանավոր զավակն էր, և նրանից ժառանգած բարեմասնությունների շնորհիվ ավանդապահ ընտանիքի տեր դարձավ, ու ՙինչքան էլ գլխովն ամպեր եկան ու անցան՚, նա մնաց աներեր ու  անսասան։
1920թ. Հ. Մկրտչյանը համագյուղացի, ցարական բանակի սպա, պորուչիկ Խաչատուր Հայրումյանի հետ մեկտեղ գյուղում կազմակերպում է պաշտպանական ջոկատ, Գ. Նժդեհի զինակից Թևան Ստեփանյանի օժանդակությամբ և օգնությամբ զինում նրանց, հերթապահություն սահմանում Խաչմաչի շրջակայքում՝ գյուղը դարձնելով անվտանգ թուրքական հնարավոր հարձակումներից։
 Հ. Մկրտչյանի երեք զավակները կանոնավոր կրթություն են ստանում, դառնում պիտանի մարդիկ, իսկ ավագ որդին՝ Ջումշուդը, հասնելով բարձունքների, պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով, մեկ տասնյակից ավելի մեդալներով։ Կրտսեր որդին՝ Մկրտիչը, ով հատուկ հրամանատարական դպրոցն ավարտել էր գերազանցությամբ, սպայի կոչումով  մեկնում է  ծառայության, մարտնչում Լենինգրադյան ռազմաճակատում,  այլուր։ Անբասիր ծառայության համար պարգևատրվում է Հայրենական մեծ պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով։ Նա բանակից զորացրվում և հայրենի գյուղ է վերադառնում Հայրենական պատերազմի  երկրորդ կարգի հաշմանդամի կարգավիճակով՝ առանց ձախ ձեռքի։ 1943թ. հուլիսին ընտրվում է Խաչմաչի սկզբնական կուսկազմակերպության քարտուղար։ Հետագայում նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Նա իր մահկանացուն կնքել է 1985 թվականին։
Մկրտիչ Մկրտչյանի հինգ զավակները ևս հավատարիմ մնացին Խոսրով մեծ պապի ու հոր հայրենաշեն,  ավանդապահ ՙդրսևորումներին՚...Լաուրա, Վլադիմիր, Իվան, Վիլեն, Լենորա զավակները ոչ միայն օջախին, այլև երկրին նվիրված արժանավոր քաղաքացիներ դարձան։
Մկրտիչ պապի գերդաստանը Արցախյան գոյապայքարին անդամագրվեց բոլորանվեր...Նրա զավակներն ու թոռներն անդամագրվեցին նախ թաղային ջոկատներին, ապա վաշտ - գումարտակներին։ Մկրտիչի երեք որդիները կամավորականների շարքերում էին։ Նրանցից հետ չէին մնում նաև զավակները՝ Արմենը, Սամվելը, Արայիկը, Նորայրը, որոնց մարտական ուղին ջոկատներից ձգվեց ու հասավ մինչև Պաշտպանության բանակ, մինչև զինադադար։ Հարկ է նրանց շարքերից առանձնացնել Սամվել Վլադիմիրի Հարությունյանի անունը, ով հմուտ ազատամարտիկ էր ու քաջ հրամանատար։
Samvel_Harutyunian.jpgՍ. Հարությունյանը սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղում (1988-91)։ 1991-92-ին Ինքնապաշտպանության ուժերում վաշտի հրամանատարի տեղակալ էր, 1992-ի սեպտեմբերից՝ ԿՊՇ երրորդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար։ Ս. Հարությունյանը մասնակցել է Կրկժանի, Խոջալուի, Մալիբեկլուի, Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարու, Մեծ Շենի, Սարսանգի ջրամբարի և շուրջ 12 այլ գյուղերի պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Նա կամավորների խմբով մարտից առաջ թափանցել է թշնամու թիկունք, խուճապ ստեղծել և դրանով ապահովել գումարտակի հաղթանակը։
Զոհվել է 1993թ. մարտի 20-ին, Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի գյուղի մոտ՝ ականի պայթյունից, իր չորս խիզախ ընկերների հետ միասին։
Ս.Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ առաջին աստիճանի շքանշանով և մի շարք մեդալներով։
Այսօր էլ շարունակվում է վերընձյուղվել Հարությունյանների գերդաստանը և իր պատմությամբ հավաստել, որ արցախցին անսասան է ու պատրաստ՝ դիմակայելու խորշակներին։
 
Վագիֆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ