Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

...ՈՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԳՅՈՒՂ ԲԵՐԻ

Chanaparh_2.jpgՄարտակերտի շրջանի Քոլատակ գյուղն ունի  85 ընտանիք,  202 բնակիչ: Նախկին քոլատակցիների մի մասն այսօր օտար ափերում է բնավորվել: Նրանցից մեկի` ռուսաստանաբնակ Հայկ Մաղաքելյանի օժանդակությամբ արդեն լուծվել է գյուղի կարեւոր խնդիրներից մեկը՝ հիմնանորոգվել, ասֆալտապատվել է գյուղը մայրուղուն կապող  շուրջ 6 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որն աշնանն ու գարնանը գրեթե անանցանելի էր դառնում:
Վերափոխված ճանապարհահատվածի պաշտոնական բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին: Քոլատակցիների ուրախությանը միացել է  նախագահ Բակո Սահակյանը՝ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ: Այստեղ էին նաեւ Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Մոսկվայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը: Ճանապարհահատվածի  վերանորոգման, ասֆալտապատման համար 310 մլն դրամ է պահանջվել։  Աշխատանքներն ամռանն են մեկնարկել: Ճանապարհը լայնացվել է, ազատվել ծառերի ու թփերի գերությունից, ասֆալտապատվել: Արդյունքները քաղաքաշինության նախարարն է գնահատում: ՙԺամանակակից նորմերին համապատասխան ճանապարհ է կառուցվել համեմատաբար կարճ ժամկետներում,- ասում է Կարեն Շահրամանյանը,- դժգոհություններ չկան նաեւ որակի առումով՚: ՙՍա մեր բոլորի սպասումների եւ հավատի վարձատրությունն է, հավատ առ այն, որ հակառակ բոլոր դժվարությունների,  մեր փոքրիկ հայրենիքը  պայծառ  ապագա ունի՚,- նշել է Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը:
Ճանապարհի խորհրդանշական բացման պատիվը տրվում է բարերար Հ. Մաղաքելյանին ու Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարն Վ. Խաչատրյանին: Կարմիր ժապավենը կտրելուն առավել անհամբերությամբ սպասողները Քոլատակի երեք տասնյակ մեքենատերերն են: ՙԱնբարեկարգ ճանապարհը լուրջ խնդիր էր դարձել ոչ միայն մեքենատերերի, այլեւ գյուղի բոլոր բնակիչների համար: Պատահական չէ, որ այսօր ողջ գյուղը մի մարդու պես հրճվում է՚,- համագյուղացիների ուրախությունն է ներկայացնում համայնքի ղեկավար Արթուր Բաբայանը: Քոլատակցիներից ոչ պակաս բարերարի հայրը` Գվարդիկ Մաղաքելյանն է ուրախացել: Հակառակ պատկառելի տարիքին, ամեն տարի 2-3 ամիս հայրենի գյուղում է անցկացնում: ՙՏա Աստված, որ սա դառնա գյուղ բերող եւ ոչ թե գյուղից տանող ճանապարհ: Մենք անհամբեր սպասում ենք յուրաքանչյուր վերադարձողի, բոլորի համար էլ անելիք կգտնվի՚,- վստահ է Գվարդիկ Մաղաքելյանը:
Ճանապարհի վերանորոգումը հայրենի գյուղում բարերարի վերջին նախաձեռնությունը չի լինի: Գաղտնիքը մասամբ բացում է ընտանիքի հայրը: Կվերանորոգվի գյուղի  հարեւանությամբ գտնվող սրբավայրին` խոնարհված Հակոբավանքին միացնող ճանապարհը, հաջորդ փուլում`  վանքը, կնորոգվի գյուղի դպրոցը կամ կկառուցվի նորը: ՙԷլի ծրագրեր կան, մեծ ծրագրեր, բայց դրանք դեռ քննարկման փուլում են.  ես չեմ ցանկանում ժամանակից առաջ անցնել՚,- մանրամասնում է բարերարի հայրը:
Իսկ առայժմ գյուղն ու հյուրերը ունեցածով են ուրախանում: Հենց ժողովրդական զբոսահանդեսի ժամանակ էլ ծագեց դեկտեմբերի 3-ը Քոլատակի վերածննդի օր հռչակելու գաղափարը:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ