Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈԽՎԵԼ ԵՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ, ՓՈԽՎԵԼ ԵՆՔ ՄԵՆՔ

Գյուղի դարբնոցը վերակառուցվել է ի հիշատակ մեծթաղերցի վարպետների, որոնց անունները Երևանում փորագրվել են մարմարե սալիկի վրա և որը բերվել ու փակցվել է հիմնովին նորոգված դարբնոցի դռան աջ թևին հարող պատին։ Ու ամեն անցնող, իր կամքից անկախ, մի պահ կանգնում, վերհիշում է (եթե  տարիքով է, իհարկե) այս մարդկանց, որոնք ոչ վաղ անցյալում մեծ համբավ ունեին ոչ միայն հայրենի գյուղում, այլև Տողի ենթաշրջանում, Կարմիր Շուկայի ձորակում, Մարտունիում, ավելի հեռուներում։ Հարգված, ճանաչված արհեստավորներ էին (հիմնականում՝ դարբիններ, պայտագործներ, ղլեչիներ), որոնցից ամեն մեկն իր փոքրիկ  արհեստանոցն ուներ՝ թաղբանդում կամ բակի մի անկյունում։
Լույսը բացվում էր թե չէ՝ քուրան վառում էին։ Հիմա այս մարդիկ չկան։ Ճիշտ է, հիմա էլի դարբին-պայտառներ կան (Ռուդիկ Պողոսյան, Գրիմա Միրզախանյան), բայց դարբնոց-արհեստանոց կոչվածը մեկն է, որ գտնվում է գյուղից  փոքր-ինչ ներքև։ Այստեղ աշխատում է Արթուր Աբաղյանը։ Ընդամենը 36 տարեկան է, բայց բավականին փորձ ունի, հմտություն ու վարպետություն։
- Էս արհեստը սովորել եմ իմ եղբորից՝ Կարենից, որ հիմա ծառայում է Պաշտպանության բանակում։ Առաջին անգամ ծանր մուրճը վերցրել ու սալին եմ զարկել 93-ի վերջերին։ Անցել է մի երկու տարի, զորակոչվել եմ բանակ, զինվորի համազգեստ հագել, բայց ուշքս-միտքս գյուղում է եղել։ Բանակից եկել ու նորից գործի եմ անցել, ամուսնացել, ընտանիք կազմել ու որոշել օջախի ծուխը միշտ վեր  պահել։ Այգի եմ մշակել, հողի վրա քրտինք թափել և քուրայում երկաթ շիկացրել։ Այն ժամանակ կարգին արհեստանոց չեմ ունեցել։ Երրորդ տարին է, ինչ ոտք եմ դրել այս արհեստանոցը։ 
- Ի՞նչ եք անում,-հարցնում եմ։
- Ցախհատ եմ սարքում, արորի խոփեր սրում ու կռում, նորոգում, պատրաստում գյուղատնտեսական տարբեր գործիքներ, կացիններ, օրաղներ, շղթայի պոկված օղակներ, կոմբայնների, տրակտորների, բեռնատար մեքենաների փչացած, կոտրված մասեր, պայտում ձիեր ու ավանակներ...
Մի խոսքով՝ պարապ չեմ նստում։ Առավոտից-իրիկուն քուրան թեժ եմ պահում։
Նա իր մշտական հաճախորդներն ունի։ Հաճախ այստեղ են գալիս նաև հարևան գյուղերից՝ Ազոխից, Տողից, Տումուց, Մոխրենեսից, Ծակուռուց, անգամ՝ Կարմիր Շուկայից։ Գալիս են շատերը։ Մեկը՝ ցախհատ պատրաստել տալու համար, մեկը՝ ձին պայտելու խնդրանքով, մի ուրիշը՝ մի այլ գործով։ 
Ու վարպետը  ջանում է, որ մարդիկ գոհ մնան իրենից։ Այդպես էլ կա։ Մի բան, որ ուրախալի է և՜ իր, և՜ հաճախորդի համար։ Մտահոգիչ է միայն այն, որ աշակերտող չունի, տղան էլ դեռ երկու տարեկան չկա։
- Ընդհանրապես,- մի տեսակ ցավով, դժկամությամբ պատմում է նա,- հիմա արհեստի նկատմամբ փոխվել է ջահելների վերաբերմունքը։ Բոլորը ուզում են խանութ բացել, տաքսի քշել, լավ, հարմար տեղ աշխատել։ Մի տեսակ ամոթ բան են համարում ձի պայտելը, փուքս փչելը, ցախհատ շինելը և այլն։
Դարբնի դժգոհությունը տեղին է։
Այսպես որ գնա, մի տասը, քսան տարուց հետո  Թաղերում էլ պայտառ չի լինելու, այնպես, ինչպես Հակակվում, Թաղուտում, շատ ու շատ գյուղերում։ Ասել է թե՝  ձիերն առանց պայտի են մնալու, գյուղացիները՝ առանց ցախհատի։
Հիմա կասեք՝ ինչո՞ւ։ Շատ պարզ։ Արհեստը, որ չլինի, արհեստավորը, որ չքրտնի, կոտրված օրաղը կամ բահը, առհասարակ բրիչը, քերիչը ո՞վ պիտի շինի։ Դա էլ հո՞ կոշիկ չէ, որ Ստեփանակերտից, Երևանից  բերել տանք։
Բա ի՞նչ անենք։ Պատասխանը մեկն է։ Փոխենք մեր կարծիքն ու երբեք  չմոռանանք, որ մեր պապերը արհեստը կաթ-կաթ ծորող աղբյուր են համարել։ Տեսե՜ք, ժամանակին գյուղում (Թաղերում) 3-4 ղլեչի է եղել։ Հիմա մնացել է մեկը՝ Փաթյան Շուրան, որ արդեն թոշակային տարիքի է։ Ըստ երևույթին, Շուրայով էլ պիտի վերանա, հիշողություն դառնա այդ արհեստը։ Ասել կուզի՝ պղնձե ղազանները, ամանները կլայեկող չի լինելու։ Չեմ խոսում գորգագործության մասին։ Ընդամենը երկու -երեք  տասնամյակ առաջ գյուղում մասնաճյուղ է եղել, Ստեփանակերտի գորգագործական ֆաբրիկայի մասնաճյուղ, ուր երեսունից ավելի կանայք ու աղջիկներ ղարաբաղյան շքեղ գորգեր էին գործում, որոնք հայտնի էին Արցախում ու նրա սահմաններից դուրս։ Այսօր հետքն անգամ չկա։ Ու դա բացատրվում, արդարացվում է հումքի պակասով, արտադրանքի իրացման հետ կապված հազար ու մի խնդիրներով։ Ինչևէ։ Չծավալվենք, նշենք, սակայն, որ դրանից տուժել ու տուժում է ամբողջ գյուղը։ 
Ամփոփենք։ Ժամանակները փոխվել են, փոխվել են բարքերը, սովորույթները, հաց վաստակելու եղանակները։ Բայց բոլոր դեպքերում մենք իրավունք չունենք նկատելիորեն շեղվելու դարերից եկած  մեր ավանդույթներից, մեր պապենական արհեստներից՝ բրուտագործությունից ու պայտագործությունից, պղնձագործությունից ու կաշեգործությունից, թամբագործությունից և այլն։ Մեզ պիտի լրջորեն մտահոգեն վերացման եզրին հայտնված, գրեթե մոռացված արհեստները։ Սա կարևոր խնդիր է։ Ու այս խնդրի նկատմամբ ունեցած ի՜մ, քո՜, նրա՜ վերաբերմունքից է կախված գյուղական բնակչության առօրյան՝ ընդհանրապես և մեծ ու փոքր շեների դեմքը մթագնող խորշոմների կանխումը, խորացումը, երիտասարդին հողի, հարազատ օջախի հետ կապելու հարցի խելացի լուծումը՝ մասնավորապես։
 
Միքայել ԲԱԼՅԱՆ
Մեծ Թաղեր