[ARM]     [RUS]     [ENG]

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ

DSC06071.jpgՄարտի 1-ին Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնում կայացած քննարկումը վերաբերում էր ԼՂՀ պետական երիտասարդական քաղաքականության 2014-2018թթ. ռազմավարության նախագծին։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը ներկայացրեց  նախագծի  նպատակները, ուղղությունները, սկզբունքներն ու գերակայությունները։
 Հանդիպմանը հրավիրված էին երիատասարդական հասարակական բոլոր կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԼՂՀ առողջապահության նախարարության, սոցապնախարարության համապատասխան բաժինների, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական հարցերի բաժնի  աշխատակիցներ։ 
Գայանե Գրիգորյանի պարզաբանմամբ՝ նախագիծն ունի համապատասխան գերատեսչությունների կողմից ներկայացված վերլուծական մաս, որը, սակայն, այս կամ այն չափով թերի էր, այդ պատճառով էլ հրավիրվածները համատեղ պետք է պատասխանեին երիտասարդներին հուզող հարցերին։ ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ ՀԿ-ի նախագահ Սուսաննա Պետրոսյանը ողջունեց նախարարության առաջարկը՝ ոչ ֆորմալ շրջանակներում քննարկելու ներկայացված նախագիծը։ Ի դեպ, բոլոր հասարակական կազմակերպություններին էլեկտրոնային փոստի միջոցով  նախօրոք ուղարկվել էին նախագծի տարբերակները։ 
Գ. Գրիգորյանը նշեց, որ նախագիծը  մշակված է 2014-2018թթ. համար և  նպատակ ունի  նպաստել ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդի ձևավորմանը՝ նրա իրավունքների, հետաքրքրությունների ապահովման և նախաձեռնությունների քաջալերման միջոցով։ Դա իրականացվում է պետական կառավարման գործադիր մարմինների, տեղական  ինքնակառավարման մարմինների, երիտասարդական հասարակական կառույցների, կուսակցությունների երիտասարդական թևերի, ուսանողական խորհուրդների, երիտասարդ քաղաքացիների, ինչպես նաև այն կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից, ովքեր հանդիսանում են համապատասխան երիտասարդական ծրագրերի գործընկերներ և իրագործողներ։ Ռազմավարության անմիջական շահառուներն են հանրապետության 16-30 տարեկան քաղաքացիները։ Սակայն դա չի նշանակում, թե  նշված տարիքը սահմանակետ է։  Կան ծրագրեր, որոնց մասնակցում են դպրոցականները, ու կան ծրագրեր, որոնց մասնակցում են 30-ից բարձր տարիքի քաղաքացիներ։ Ներկայումս Հանրապետությունում գործում են  15 երիտասարդական  կառույցներ, որոնցից երկուսը գրանցված են  շրջաններում (Շուշի, Քաշաթաղ)։ Հետազոտության և ուսումնասիրությունների արդյունքում երևան են եկել երիտասարդության շրջանում առավել ցայտուն արտահայտված հիմնախնդիրները։ Այս համատեքստում կարևորվում է գործազրկության խնդիրը։ Դրա հիմնական պատճառը մասնագիտական կողմնորոշման համակարգի բացակայությունն է, երիտասարդների մասնագիտական կրթության և որակավորման անհամապատասխանությունը աշխատաշուկայի  պահանջներին։  2012թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված աշխատանքային փորձ չունեցող և աշխատանք փնտրող երիտասարդների թվաքանակը կազմել է 172 մարդ, որոնցից 138-ը դպրոցի շրջանավարտներ են։ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է ՙԶբաղվածության կարգավորման 2013թ. պետական ծրագիրը՚։ Քննարկմանը ներկա վերոնշյալ նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի մասնագետ Ռոմելա Իշխանյանը նշեց, որ այդ առումով իրականացվում են մի շարք ծրագրեր, սակայն ինչ-ինչ պատճառներով ոչ բոլորն են ցանկություն հայտնում ներգրավվել դրանցում։ Նախարարությունը կազմակերպում է մասնագիտական ուսուցման տարբեր դասընթացներ, անգամ սահմանափակ կարողություններով մարդկանց համար։ Սակայն խնդիրն այստեղ նաև տեղեկատվության  պակասն է։ Հանդիպմանը քննարկվեցին նաև երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները։ Ներկայումս հիփոթեքային  վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու կամ դրանք վերանորոգելու ֆինանսական աջակցության ծրագիրը մեծամասնության համար մատչելի չէ։ Ի դեպ, քննարկմանը հրավիրվել էին նաև Արցախի ներդրումային հիմնադրամից, որի ներկայացուցիչը ինչ-ինչ պատճառներով չէր  մասնակցել։ 
Պետական երիտասարդական քաղաքականության գերակայություններից են  հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակությունը և կրթությունը։ Այստեղ  ևս  կան լուրջ հիմնախնդիրներ, հատկապես հոգևոր անվտանգության առումով։  ՙՀայ Առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն՚ կրոնական կազմակերպության նախագահ Արմեն Մաղաքելյանը ողջունեց նման քննարկումները։  Եթե երիտասարդը իրապես լինի քրիստոնյա և ապրի հավատքով՝  ունենալով հոգևոր արժեքներ, ապա մի շարք վնասակար ազդեցություններից կարող է զերծ մնալ։ Քննարկման ժամանակ խոսվեց նաև ծխելու, գինեմոլության, թմրամոլության, վերարտադրողական առողջության, մինչ ամուսնական կապերի, հղիության արհեստական ընդհատման, սեռավարակների մասին, որոնց վերաբերյալ տեղեկություններ հաղորդեց ԼՂՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ագապի Հայրունին։ Անդրադարձ եղավ երիտասարդների ժամանցի հարցին։ Ինչ¬որ տեղ խնդիրը լուծում են Արցախի երիտասարդության զարգացման և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնները,  բայց՝ ոչ լրիվությամբ։ Հանրապետությունը լքողների մեջ մեծ է երիտասարդների թիվը։ Հարցվածների 31,93 տոկոսը պատրաստ էր լքել հանրապետությունը՝ սոցիալական անարդարության, գործազրկության և նմանատիպ խնդիրների առկայության պատճառով։ Գրեթե բոլոր ելույթներում ընդգծվեց այն միտքը, որ պետական կառավարման  մարմինները պետք է աջակցեն երիտասարդական պետական քաղաքականության իրականացմանը՝ տրամադրելով տեղեկատվություն, համակարգելով իրենց գործողությունները։ Վերջում ներկաները պայմանավորվեցին կրկին հանդիպել քննարկելու չպարզաբանված հարցերը, որից հետո նախագիծը ներկայացնել կառավարության քննարկմանը։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ