ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՐԻՊԱՆՄԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՃ
ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում ներկայումս տարածված են գրիպի Ա (H1N1, H2N3) և Բ տեսակները։ Յուրաքանչյուր տեսակի կամ ենթատեսակի դեպքում հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացք, ինչին կարող են նպաստել բժշկական օգնությանը ուշ դիմելը, ինքնաբուժումը, ուղեկցող և քրոնիկ հիվանդությունները և այլն։ Առավել խոցելի են քրոնիկ հիվանդություն ունեցողները, հղիները, երեխաները և տարեցները։
ՀՀ ԱՆ¬ի կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքներով՝ վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր-շնչառական վարակների 1,4 անգամ աճ։ Փետրվարին իրականացվել են շուրջ 210 լաբորատոր վիրուսային հետազոտություններ, ինչի արդյունքում 64 նմուշում հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, իսկ 21 նմուշում՝ Բ տեսակը։ Մնացած նմուշներում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Դիտարկման արդյունքները ցույց են տվել, որ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը նկատվում է թե՜ թեթև և թե՜ ծանր հիվանդների շրջանում։
ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը տեղեկացրեց, որ հանրապետությունում այդ ուղղությամբ իրականացվում են դիտարկումներ և վերահսկողություն։ 2013թ. փետրվարի 1-15¬ը ԼՂՀ-ում գրանցվել է վերին շնչառական հիվանդությունների սուր վարակի նվազում՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, սակայն փետրվարի երկրորդ կեսին նկատվել է այդ վարակի և գրիպանման հիվանդությունների աճ։ Փետրվար ամսին ընդհանուր առմամբ գրանցվել է 2082 դեպք, որից 1756-ը՝ մինչև 18 տարեկան երեխաների մոտ։ Շտապ օգնության կանչերը նույնպես աճել են։ Եթե հունվար ամսին գրանցվել է 970 կանչ, որից 68-ը սուր-շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում, ապա փետրվարին՝ 1085 կանչ, որից 96-ը՝ նշված հիվանդություններով։ Փետրվարի 28-ի դրությամբ, հանրապետության տարածքում հոսպիտալացվել է 108 մարդ, որից 98-ը՝ մինչև 18 տարեկան երեխաներ։ Դիտարկումները շարունակվում են բոլոր նախադպրոցական և ուսումնական այլ հաստատություններում։ Պարապմունքներից բացակայողների թիվը կազմում է 3,5-6%։ ԼՂՀ ԱՆ¬ն վերին շնչուղիների սուր հիվանդություններով և գրիպանման վարակներով տառապող անձանց 15 նմուշ ուղարկվել է Հայաստանի համապատասխան բուժհիմնարկներ՝ հետազոտությունների համար. երեքի մոտ հայտնաբերվել է վիրուսային Ա (H1N1) գրիպի ենթատիպը։ Այդ հիվանդները ստանում են տամիֆլյու դեղորայքը։ Նախարարությունը Հայաստանից ստացել է նշված դեղորայքի նոր չափաբաժին ու բժշկի նշանակման դեպքում այն անվճար կտրամադրվի հիվանդներին։
Համաճարակային իրավիճակի բարդացումներից խուսափելու համար նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել մանկապարտեզ, դպրոց և այլն։ Խորհուրդ է տրվում չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, չշփվել գրիպով վարակված մարդկանց հետ, հաճախակի օդափոխել այն սենյակը, որտեղ գտնվում է հիվանդը։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ