[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՅՈՒՀԻՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀ Է…՚

Ղուկաս Սիրունյան: Բանաստեղծ, արձակագիր և լրագրող: Ծնվել է Աշտարակի շրջանի Ուջան գյուղում, ավարտել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Զբաղվել է լրագրությամբ, աշխատել Աշտարակի շրջանային թերթում, ՙԳարուն՚ ամսագրի խմբագրությունում, Մշակույթի հայկական հիմնադրամում, Հայաստանի Ռադիոհեռուստապետկոմում: Ինչպես ինքն է ասում` գրում է մեծերի և փոքրերի համար, հեղինակ է 18 արձակ և չափածո ժողովածուների: Այժմ աշխատում է Քաշաթաղի շրջանի Աղավնատուն համայնքում՝ որպես  դպրոցի տնօրեն։ 
Մեր զրույցը գրողի հետ հայ ընտանիքի զարգացման ուղու, հայ կնոջ կերպարի, դերի ու կոչման և այլ հարցերի շուրջ է:
-Պրն Սիրունյան, քանի որ յուրաքանչյուր ազգի լինելության հիմքը ընտանիքն է իր սրբություններով ու ավանդույթներով, փորձենք պարզել` 21-րդ դարում հայ ընտանիքը զարգացման ի՞նչ միտումներ ունի, կարողանո՞ւմ է ազգի պահպանման հենասյուն դառնալ:
-Այսօր շատ է խոսվում մեր սոցիալական ծանր վիճակի մասին, որի պատճառով խարխլվում են շատ-շատ ավանդական ու գեղեցիկ բաներ` տունը պահող, շենացնող, և դա իր պատճառներն ունի, բայց այդ մասին չեմ ուզում խոսել: Ես ուզում եմ խոսել այն մասին, որ այդուամենայնիվ հայ  ընտանիքը հայ կնոջ շնորհիվ շարունակում է գոյատևել, ապրել ու զարգանալ, ժամանակի փորձություններին դիմանալ: Հիմա մենք բոլորովին նոր իրավիճակում ենք ապրում, ինչ որ էր մի քանի տարի առաջ` մինչև պատերազմը կամ սովետական գոլ տարիներին, երբ տարբեր էին մեր ընկալումներն ու ըմբռնումները: Մի փոքրիկ դեպք  պատմեմ, որպեսզի դուք տեսնեք այն կանանց, ովքեր իմ մանկությունը օրորել են` իմ մայրը և հարևանուհիները: Իմ հայրենի Ուջանում էր. ձմեռ էր` փետրվար ամիսը. ողջ գյուղը ձյան ծածկոցի տակ էր, և թվում էր` ամբողջ աշխարհն է ճերմակ հագել: Մայրս և մի քանի կանայք թոնրատանը հաց էին թխում, ես էլ օգնում էի, ցախը թոնիր հասցնում: Հայրս ծառի տակ ցախ էր կուտակել, որը ձմեռվա ընթացքում օգտագործել էինք, մնացել էր երկու-երեք խուրձ: Վերջին ցախերը որ վերցրեցի, տակից թզաչափ աճած կանաչիներ էին: Չորսբոլորը` ձյուն ու սառույց և հանկարծ` այդ կանաչը: Ես երանությունից սարսափած ճչացի` տեսնելով մի կտոր գարուն, մի կանաչ, գեղեցիկ գորգ իմ դիմաց: Կանայք ձայն տվին` ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեց, մերս արագ սլացավ ինձ մոտ ու ինքն էլ ապշած մնաց այդ տեսարանից: Հիմա տեսնեիք` ինչ կատարվեց այս կանանց հետ. եկան, բոլորեցին` ոնց որ նորածնի, երեխայի շուրջ: Նրանց համար կանաչը այդ պահին ոչ թե ուտելիք էր, այլ կյանք էր, նորածին էր, ինչ-որ մի հրաշք էր: Զարմանալի  էր, թե ինչ քնքշագին գուրգուրանքով, ախ ու վախով էին նրանք նայում համատարած ճերմակության մեջ ծվարած այդ կանաչին: Եվ ի՞նչ արեցին… Այդ նույն խրձերը հետ բերեցին, ծածկեցին կանաչությունը, նույնիսկ շոր ու փալաս գցեցին վրան, որ չմրսեն, չմեռնեն: Սա մարդկային փոքրիկ դրվագ է` կնոջը, մորը շատ բնութագրական. նրանք ամեն կանաչի մեջ երեխա տեսան: Հիմա` նոր ժամանակներում, հավատացեք, ես այդ կանանց տեսնում եմ, տեսնում եմ ընտանիքներում, երիտասարդների մեջ: Եղբորս ընտանիքում 19 տարեկան հարս ունենք, որ արդեն երեխա ունի: Դուք տեսնեք նրա գուրգուրանքը այս երեխայի նկատմամբ, նրա անհուն-անսահման սերը իր ամուսնու նկատմամբ: Սա աշխարհ պահող ընտանիք է` այս պզտիկ հարսիկը, իր բարուրը և դրսի աշխատանքից հոգնած տուն շտապող ամուսինը։  Դուք նկատե՞լ եք, որ մեր մեծերը գնալիս իրար կողքով չեն քայլում, մեկը մի քիչ առաջ է գնում, մյուսը մի քիչ` հետ: Սա մեր կոդի մեջ է մտած, չխախտենք դա: Դա չի նշանակում, թե ես չեմ հարգում իմ կնոջը, ո’չ, նա շողացող թագի նման պիտի դրվի գլխիս, բայց մի քիչ հետուառաջությունը պետք է լինի, սա հրաշալի բան է: Դուք պատկերացրեք հակառակը` որ առջևից գնում է կինը, որ վերջին, վճռական խոսքը ասում է կինը, որ վճիռները արձակում է կինը: Այստեղ մի բան խախտվում է, մի կարևոր, հնուց եկող մի բան, մի գերան ասես ճաք է տալիս, որովհետև, ինչ էլ որ լինի, ավանդականությունը պիտի մնա, իհարկե՝ նոր ժամանակների մեջ, նոր դրսևորումներով: 
-Մենք քամահրում ենք մեր ազգային արմատներին հավատարմությունը` դա համարելով ավելի շատ հետամնացության արտահայտություն: Մենք ի՞նչ ենք անում, որ անքակտելի  դարձնենք կապը արմատների հետ։ 
¬Մենք ի՞նչ ենք անում. ոչինչ էլ չենք անում: Դա թողնված է ինքնահոսի` մեր բնազդներին, ամեն մարդու` իր գիտակցությանը, իր շնորհքին, իր իմացությանը, իր հավատարմությանը հայրենի սովորույթներին և այլն: Ես չգիտեմ` դա հնարավո՞ր է նորմավորել, ինչ-որ չափաբերման հանգեցնել, մեր ապրելակերպի դասագիրք ստեղծել, բայց մեզ օրինակներ պետք է լինեն: Բարոյականության մասին ոչ թե պետք է խոսել, տեսական զրույցներ անել, այլ պետք է ծրագրով ինչ-որ բաներ անել, ինչ-որ բաներ ցույց տալ:
-Այսօր հայկական հեռուստաալիքները ի՞նչ են մատուցում. եթերը հեղեղած անճաշակ սերիալները ավելի շատ ՙօտար խաղեր՚ են հիշեցնում, քան հայ իրականությունը կամ դրա ցանկալի պատկերը ձևավորում: Դրանք դիտողի մոտ այն կարծիքն են ստեղծում, որ Հայաստանը աշխարհի ամենահանցագործ երկրներից մեկն է, որտեղ բռնությունն ու անբարոյականությունը ծաղկում են ամեն քայլափոխի: 
-Երբ ասացի` ցույց տալ, հենց դա նկատի ունեի: Սրանից 50 տարի առաջ ՙԱռաջին սիրո երգն՚ է ստեղծվել Երևանում: Հիմա էլ առանց հույզի չեմ կարող նայել. այդ մաքրությունը, անաղարտությունը, բարոյական նորմերը սերունդներ են ապրեցրել: Հիմա նրանց սարքածը մենք քանդում ենք մեր անհաշվենկատ,  հիմար, առօրեական վարքով: Ժողովրդին մատչելի լեզվով պետք է մոտեցնել ինքն իրեն` հաճելի, հուզական, մարդկային բաներով, ցույց տանք մեր արժեքները, մեր ապրելու ձևը, մեր կռիվն ու խնդությունը: Եվ այդ բոլորով  նպաստենք ընտանիքի, ընտանեկան հարաբերությունների, կնոջ դերի արժևորմանը: Հայուհին ինձ համար մի ամբողջ աշխարհ է անգամ իր տեսքով, իր որոշակի ֆիզիկական ձևերի մեջ, բայց ավելի շատ` ուրույն հոգեկերտվածքով մի գոյություն է ինքը, որն ափսոս է կորցնել, ինչպես ափսոս է կորցնել մեր Մատենադարանը, Սևանը և մեր այլ արժեքներ: Հայուհին այդպիսի արժեք է, հայ տղամարդը` նույնպես: Նա դրսի պատ է, և կարող են քամիները խփել, բայց ներսի պատին չպետք է դրսի քամիները խփեն, նա իր պերճանքի մեջ պետք է մնա: Կինը սիրում է իր չափով պերճանք ունենալ, կարոտ է ջերմության, սիրո, նա ակնկալիքներ ու սպասելիքներ ունի, որոնք չպիտի անտեսի տղամարդը: 
-Դեռևս Շեքսպիրն է ասել. ՙԿնոջը պետք է հոգատարության սիրով սպանել՚:
-Հրաշալի է ասված:
-Խոսենք այն կանանց մասին, ովքեր Ձեր կյանքում նշանակալից դեր են խաղացել:
-Առաջինը` մայրս, բայց ես կասեի նաև իմ ցեղի, իմ գերդաստանի մեջ եղած կանայք մեծ դեր են  ունեցել իմ կյանքում: Բոլորը իմ կյանքի ուղեկիցներն են եղել, ինձ գուրգուրել են, ինձ պահել են: Ես երկրորդ թե երրորդ դասարանի երեխա էի, իմ մորաքույրը ինձ նվիրեց Չարենցի մեծ հատորը և վրան մակագրեց. ՙԿարդա և դարձիր Չարենցի նման ռոմանտիկ բանաստեղծ՚: Աստված իմ, ես նախ չգիտեի, ինչ ասել է ռոմանտիկ, ես նաև բանաստեղծը չգիտեի դեռ ինչ է, և հետո այդ մակագրությունն իրեն էլ վայել չէր, որովհետև հաստատ համոզված եմ` ինքն էլ չգիտեր այդ բաները` ինչ ասել է ռոմանտիկ բանաստեղծ: Մինչ օրս զարմանում եմ, թե իմ վաղ մանկության արշալույսին ինչու մորաքույրս այդպես մակագրեց: Կինը… Ես չեմ կարող անուններով ասել, բայց առանց կնոջ ի՞նչ կլիներ իմ կյանքը, առանց կնոջ ուղեկցության ո՞ւր պիտի գնայի ես, հավատացե’ք, ոչ մի տեղ էլ չէի հասնի: Եվ ես պարտական եմ բոլոր-բոլորին, ովքեր իմ ճանապարհին հանդիպեցին, ժպտացին ու անցան, ես բոլորին երախտապարտ եմ և անհուն սիրով եմ հիշում: Ու երբ հուշերի միջից երբեմն մի դեմք է հառնում, ես, անկեղծ ասած, պատրաստ եմ երկրպագության, Աստծո պարգև եմ համարում ամեն մեկին:
-Կիպլինգն ասում էր. ՙԱմենահիմար կինը կարող է հարմարվել խելոք տղամարդուն, բայց տխմար տղամարդուն կարող է հարմարվել միայն խելոք կինը՚: Համաձայն չե՞ք որ մեր շրջապատում կան ընտանիքներ, որտեղ կանայք շատ բան են հանդուրժում` լքված չլինելու համար:
-Այ դա կյանքի դրաման է, երբ կինը կուլ է գնում իր վիճակին` երեխաներին անհայր չթողնելու համար, այսինքն` իր թևերը ինքը ծալում-կոտրում է, որպեսզի չկորցնի, չկործանի, բայց շատերն էլ խիզախում են, թողնում-հեռանում են` առագաստի պես պարզելով իրենց ինքնասիրությունն ու հպարտությունը: Սրանց էլ մեղադրել չի կարելի: Կնոջ ինքնասիրությունը չպիտի կոտրես, եթե կոտրեցիր, ինքը վերջանում է. ըստ իս` կնոջ ամենամեծ զարդը, ամենամեծ պերճանքը նրա հպարտությունն է, նրա վսեմությունը, նրա փայլը:
-Իսկ երբ ասում են` ՙՅուրաքանչյուր կնոջ սխալի մեջ տղամարդու մեղք կա՞՚:
-Սրան ես լիովին համաձայն եմ: Ապրելն էլ մի քիչ գիտություն է, մանավանդ համատեղ կյանքը իմացություն է պահանջում: Սա միայն զգացական կամ  պոռթկուն վիճակ չի ենթադրում, այլ նաև մի քիչ խոհունություն, կարճ ասած` ավտոմեքենա վարելու պես բան է, ու ճանապարհն էլ` սայթաքուն, սառույցով պատված, պիտի վարել իմանաս, պիտի նուրբ լինես, ոլորանները մեղմ անցնես, որովհետև ոնց էլ անես` ձոր կա, քար կա, խփել ու անցնել կա: Կյանքում ոչինչ հեշտ ու հարթ չի լինում: Տղամարդը երբեք իրեն չպիտի Չինգիզ խան զգա իր ընտանիքում, այսինքն` այս տուն կոչվածի իշխանն եմ, տիրակալն եմ: Ամեն ինչին չափ ու սահման կա:
-Ինձ միշտ թվացել է` բանաստեղծները չափի զգացում չունեն, կամ եթե ունեն էլ, ապա չափազանցն է դա: 
- Կնոջ նկատմամբ միշտ գուրգուրալի պիտի լինել, թե չէ կկորցնես (ծիծաղում է): Ես ինքս բնույթով ընտանեսեր եմ, բայց երբեմն կարող եմ այնպիսի իրավիճակներում հայտնվել (ինքս բնավ չուզելով), կյանք է, ինչ արած, դրա համար էլ ինձ հասկանալը մի քիչ բարդ է, կասեր Համո Սահյանը: Երևի մեզ ամենից շատ պակասում է մի քիչ հանդուրժողականությունը:
-Ներելու Ձեր սահմանի մասին խոսենք:
-Ես անսահման ներող եմ, հիշաչար չեմ: Ասենք` վիճեցի կնոջս հետ, վիճում-վիճում ենք, ու հետո ես չեմ հիշում ինչից սկսվեց, մոռանում եմ պատճառը: Մենակ կնոջ հարցում չէ, առհասարակ ընկերական շրջապատում էլ կարող եմ տաքանալ, բորբոքվել, վիճել, բայց հետո, երբ անդրադառնում եմ, չեմ հիշում:
-21-րդ դարի հայուհուն ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել:
-Ուզում եմ` նախ լավ մայր լինեն, շատ սիրեն, դաստիարակեն իրենց զավակներին, շատ ձևամոլ չլինեն։ Հայ կնոջը ուզում եմ քաղքենիությունից զերծ տեսնել, մի քիչ մարտաշունչ տեսնել, իր նրբությամբ ու գեղեցկությամբ հանդերձ` մի քիչ բռունցքով տեսնել: Ուզում եմ, որ հայուհին համով տատիկ դառնա վերջում, էնքան լավ տատիկ դառնա, որ երեխեքի համար էս ձեր տատ ու պապի նման հոգեղեն մի բան մնա իրենց հիշողության ու գիտակցության մեջ: Իմ տատի ու պապի հուշն ու հիշատակն են ինձ պահում, հետո գալիս են հայր ու մայր, ու լցվում է իմ ամբողջ աշխարհը, շատ հարուստ եմ ես, շատ…Տատեր եմ ունեցել, որ մի տիեզերք են արժեցել: Երկու տատերս էլ անգրագետ են եղել, մեկը` Վանի Արճեշից էր (մայրական տատս), մյուսը` Սասունից: Սասունցի տատս ասում էր. ՙԼաո’, ես դրախտ կերթամ՚: Ասում էի. ՙԻնչի՞, այ տատ, էդ ո՞նց որոշեցիր, որ պիտի դրախտ երթաս՚, ինքն էլ, թե. ՙԵս փողը չեմ ճանչնար, լաո, դրա համար դրախտ կերթամ՚։  Ուսանող էի և Խորենացի, Փարպեցի, Կողբացի գրաբար արտասանում էի, նա հուզվում էր լաց լինելու աստիճան: Մինչև այսօր ես ցնցված եմ` այդպես սիրել գիրը, պաշտել նախնիներին, կրոնը, Աստծուն… Անգրագետ էր, բայց հոգին էր գրագետ, կիրթ: Մի խոսքով` ուզում եմ հայ կինը, ո’ր դարում էլ լինի` 21-րդ դար լինի, թե 22-րդ,   այսպես պիտի լինեն` հողը չմոռանան, նայեն շուրջը, Փարիզը տեսնեն, Լոնդոնը, Նյու Յորքը տեսնեն, վայելեն, քայլեն, բայց այստեղ իրենց ոտքի տակի հողը չմոռանան։ Թող բոլոր հայուհիների օջախում կրակ բոցկլտա, թող բոլոր հայուհիները սիրված լինեն:
 
Հարցազրույցը վարեց 
Մելանյա ՄԻԼՈՆՅԱՆԸ