[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՁԵՌՔԻՆ ԶԵՆՔՆ ԷՐ, ՄՅՈՒՍԻՆ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿԸ

2302.jpgԲնավորությամբ լավատես եմ, եւ սա  ինձ օգնել է  կյանքի ամենադժվար պահերին։ Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մենք դեռ պատերազմող երկիր ենք եւ ունենք ընդհանուր նպատակներ ու անելիքներ,-այսպես սկսեց իր զրույցը Ասկերանի բնակիչ Թաթուլ Շեկյանը՝ մեկն Արցախյան ազատագրական պայքարի առաջամարտիկներից, ով պայքարին անդամագրվել էր և՜ որպես հայրենիքի զինվոր, և՜ որպես բուժաշխատող։ Ասկերանի ինքնապաշտպանական ջոկատում էր։ Մի ձեռքին զենքն էր, մյուսին՝ բժշկական պայուսակը։ 
Եթե նա կռվող տղաների կողքին էր, տղաները վստահ էին, որ ինչ էլ լինի, Թաթուլը կփրկի իրենց կյանքը։  Դաշտային դժվարին պայմաններում ռազմական շրջիկ հոսպիտալում գերմարդկային ճիգեր էր գործադրում  վիրավորների կյանքը փրկելու համար։ Նման անձնվեր մարդկանց մասին են ասում՝ նրանք այս երկրի աղն են…
Թաթուլ Շեկյանը ծնվել է 1956 թվականին Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում։ Մայրը՝ տիկին Վարդանուշը, գյուղի բուժքույրն էր, հայրը՝ Հովհաննեսը, մասնագիտությամբ ուսուցիչ էր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։    Պատանու մասնագիտական կողմնորոշման հարցում մեծ դեր է ունեցել մայրը։ 
-Մայրս իր մասնագիտության ու ժողովրդի նվիրյալն էր,-պատմում է Թաթուլ Շեկյանը,- գիշեր լինի թե ցերեկ, եթե հիվանդը կանչում էր, նա  օգնության էր հասնում։ Գյուղացիների համար փրկիչ էր,-ասում է նա։
 Անսահման բարությունը, գիտելիքի հանդեպ սերը,  մարդասիրությունն ու նվիրվածությունը, իր խոսքով, ժառանգել է մորից։
Ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Ստեփանակերտի բժշկական տեխնիկումը։ Ուսումնառության տարիներին  դրսեւորվեցին նաեւ նրա հակումները սպորտի բնագավառում։ Առանձնահատուկ   սեր ուներ ֆուտբոլի եւ շախմատի նկատմամբ։ Նա երախտագիտությամբ է հիշում Ռազմիկ Պետրոսյանին, ով նրա ֆուտբոլի մարզիչն էր։ Արդեն այդ տարիներից Ռազմիկ Պետրոսյանը հայրենասիրություն էր սերմանում իր սաների մեջ։ 
-Ռազմիկի դպրոցն ուժեղ դպրոց էր թե սպորտի, թե հայրենասիրության առումով,-հիշում է Թ. Շեկյանը։-Երբ գնում էինք Ադրբեջան սպորտային մրցումների, Ռազմիկը միշտ համարձակորեն վիճում, կռվում էր ադրբեջանցիների հետ եւ մեզ էլ ասում.ՙԹուրքին պիտի ծեծես, որ միշտ վախենա քեզնից՚։
Հենց Ռազմիկ Պետրոսյանն ուսումնարանը նոր ավարտած երիտասարդին ուղարկեց Ասկերանի հիվանդանոցում աշխատելու, որտեղ այդ տարիներին գլխավոր բժիշկը Արմո Միրզոյանն էր։ 1975 թվականի մայիսի 22-ին Թաթուլը  մարզային հոգենևրաբանական դիսպանսերում  առաջին անգամ, որպես բուժաշխատող, սպիտակ խալաթ հագավ, ու սկսվեց նրա աշխատանքային կենսագրությունը, որը կապված է Ասկերանի հետ։ Մասնագիտական բնագավառում ուսուցիչ է համարում Արմո Միրզոյանին, ով, զրուցակցիս խոսքերով, բարի, շիտակ ու խստապահանջ էր։ 
Սկսվեց ակունքվել Արցախյան շարժումը, որը  նոր հրամայական դրեց արցախցու առջեւ։  Դեռ ընդհատակյա շրջանից  Շարժման  ակունքներում էր կանգնած նաեւ Թաթուլ Շեկյանը։  Ընդհանուր գաղափարներով ու նպատակներով  մտերիմ ընկերներ դարձան  Շարժման նվիրյալ   Սլավիկ Առուշանյանի հետ։  
Արցախյան շարժման ընդհատակյա փուլին հաջորդեց հրապարակայինը։ 1988 թվականի փետրվարի 22-ին Ասկերանում  առաջին անգամ տեղի ունեցավ հայերի ու ադրբեջանցիների զինված բախումը, որտեղ առաջին շարքում էր  Թ. Շեկյանը։
-Ադրբեջանցիների զինված ոհմակը շարժվում էր Ասկերանի ուղղությամբ։ Իրենց ասելով՝ իբր դա խաղաղ ցույց էր։ Սակայն եթե մենք զինված դիմադրություն ցույց չտայինք, Ասկերանում տեղի կունենար ՙՍումգայիթ՚…Փառք Աստծո, կարողացանք դեմն առնել։
Հրապարակային ելույթներ, ապա՝ զինված պայքար հանուն հայրենիքի… Դեռեւս 1991 թվականի աշնանը, ելնելով անհրաժեշտությունից, Թաթուլ Շեկյանի նախաձեռնությամբ Ասկերանում ստեղծվեց շտապօգնության կայան։ Արդեն հաճախակի էին դարձել հրթիռահրետակոծությունները, եւ վիրավորներն օգնության կարիք ունեին։ Առաջին շոկային ծանր վիճակը, որը վերապրեց մեր զրուցակիցը, Խրամորթի հրետակոծությունից հետո էր, որի ժամանակ վիրավորներից միայն 22-ը երեխաներ էին...
 Թաթուլ Շեկյանի մարտական ուղին ձգվեց Ասկերանի գնդի հետ։ Նա միշտ առաջին գծում էր, զինվորի կողքին։  Շտապօգնության կայանի աշխատանքներին զուգահեռ՝ 1992 թվականի մարտ ամսից նա ստանձնեց նաեւ շրջանային  պոլիկլինիկայի գլխավոր բժշկի պարտականությունները՝ դառնալով ամբողջ շրջանի բուժծառայության ղեկավարը։
Խոսելով պատերազմական ծանր օրերի մասին՝ Թաթուլ Շեկյանն ասում է, որ այդ օրերին միակ սփոփիչ խոսքն այն էր, որ վիրավորի շուրթերից լսում էիր՝ ՙԴու իմ փրկիչն ես՚, իսկ այդպիսի դեպքեր շատ-շատ են եղել նրա կյանքում։ Հոսպիտալում պատերազմի ծանր օրերին նրա հետ կողք կողքի նվիրումով աշխատում էին փորձառու եւ անվախ բուժաշխատողներ Լյուդմիլա Մելքումյանը, Ռիտա Ղարիբյանը, Արմեն Գասպարյանը, Վանյա Հայրապետյանը, Գայանե Գաբրիելյանը, Սվետա Հայրապետյանը, Աննա Հովսեփյանը, երջանկահիշատակ Շուրա Սարկիսովան եւ շատ ուրիշներ։
-Պատերազմի դաշտում վիրավորի հետ գործ ունենալը շատ պատասխանատու գործ է,-ասում է Թ. Շեկյանը։- Քո գործողություններից մարդու կյանք է կախված։ Վայրկյանները նույնիսկ  մեծ նշանակություն ունեն, որովհետեւ խոսքը գնում է արյունահոսության մասին, շոկային վիճակի մասին։ 
Պատերազմական հուշերն անսպառ են, որոնք լի են ե՜ւ տխուր, ե՜ւ ուրախ պահերով։ 
Խոսել Ասկերանի պատերազմական օրերի մասին ու չհիշել Էդմոն Բարսեղյանին, անհնար է։  Սրտի կսկիծով է հիշում Էդմոնի զոհվելու օրը։  1991 թվականի օգոստոսի 28-ին էր. 
-Էդմոնն իմ եղբայրն էր,-ասում է նա,- հարազատը, ընկերը։ Նրա նման մարդիկ ծնվում են հազար տարին մեկ։
Թ. Շեկյանի խոսքով՝ նա իր որդիներին ու թոռներին դաստիարակում է Էդմոնի կերպարով, քանզի Էդմոնը քաջության, ազնվության, բարության, խելացիության, համեստության մարմնացում էր։ Ընդգծված հայրենասիրության խորհրդանիշ էր նա։  
Հաղթանակը թանկ պարգեւ էր արցախցու համար։ Զրուցակցիս աչքերում դաջված տառապանքը պատերազմում կորցրած հարազատների, մտերիմների, ընկերների թողած ցավի մասին է պատմում։
 Արդեն խաղաղ պայմաններում Թաթուլ Շեկյանը նվիրվեց Ասկերանի շրջանի  առողջապահության համակարգի վերականգնմանը։ Մեծ  է նրա ներդրումն այդ աշխատանքում։ Քայլ առ քայլ սկսվեցին լուծվել  հրատապ խնդիրները։ Արդեն 1998 թվականին  շրջանային պոլիկլինիկան վերակազմավորվեց որպես կենտրոնական շրջանային հիվանդանոց։ 
Թաթուլ Շեկյանն իր գործունեությամբ, մարդկային բարձր որակներով վաղուց արդեն արժանացել է ժողովրդի սիրուն, հարգանքին ու վստահությանը։ Եվ հենց այդ սիրո ու վստահության արդյունքում ասկերանցիները  2006 թվականին նրան ընտրեցին Ասկերանի քաղաքապետ։
Թաթուլ Շեկյանն այժմ աշխատում է The HALO Trust  կազմակերպությունում՝ որպես բուժծառայության պետ։
Լավատեսորեն տրամադրված մեր զրուցակիցը համոզված է, որ  Արցախի ապագան ավելի պայծառ է լինելու։
 
 
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ