[ARM]     [RUS]     [ENG]

ՆՐԱ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆԲԱԽ Է

MELORD.jpgՏարիներն անցնում են այնքան աննկատ, որ մարդու ողջ կյանքը մի յուրօրինակ ակնթարթ է թվում: Ահա գալիս է այն երանելի պահը, երբ նա հետադարձ հայացք է ձգում դեպի հետ՝ մտորելով արած-չարածի մասին: Որքա՛ն է մարդու սիրտը փառավորվում և հոգին ջերմությամբ պարուրվում, երբ գիտակցում է, որ տարիները զուր չեն անցել… և կյանքն ավելի է իմաստավորվում: Միթե կա առավել հրաշալի պահ, երբ նայելով կենսագրությանդ, անցած աշխատանքային ուղուդ,  համոզվում ես, որ ապրել ես արժանավայել կյանքով և վաստակել բարի անուն: Կողքից նայելով նման մարդկանց՝ մենք, հիրավի, ավելի ենք գիտակցում նրանց մեծությունը և փաստում, որ ինչքան բան ունենք սովորելու նրանցից, զգում ենք, որ մեր ազգի և երկրի բարգավաճման համար ինչպիսի ավանդ են ունեցել նման մարդիկ: 
Եվ նրանցով հիանում ու հպարտանում ենք միաժամանակ: 
Օրինակելի մարդ, նվիրված աշխատող և հավատարիմ գործընկեր, հոգատար հայր և առաքինի ամուսին. ահա այն ուրույն հատկանիշները, որոնցով կարելի է բնորոշել բոլորիս քաջածանոթ Մելորդ  Ջհանգիրյանին: Մարդ, որին ճանաչում են ամբողջ հանրապետությունում, որի աշխատանքին անմնացորդ նվիրվածության մասին գիտեն շատերը: 
Այսօր Մելորդ Ջհանգիրյանն անվերապահորեն կարող է ասել, որ ինքը  երջանիկ մարդ է: Ի շնորհիվ կյանքի ուղեկից, բոլորիս ծանոթ Ասկերանի Է. Բարսեղյանի անվան դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սիլվա Ջհանգիրյանի, թերևս  նոր երանգ է ստանում  նրա երջանկությունը: Մտավորականների այս ընտանիքում ծնվել և դաստիարակվել են մեր երկրին արժանի զավակներ: Այստեղ իշխում են  սերը, ազնվությունը, համերաշխությունը, աշխատասիրությունը, պատասխանատվության բարձր զգացումը: 
Մելորդ Ջհանգիրյանի հետ ունեցած առանձնազրույցի ժամանակ պարզապես  դրական էներգիայով պարուրվեցի: Որքա՛ն հաճելի է շփվել գրագետ, բանիմաց և մակարդակով բարձր մարդու հետ, լսել նրա հետաքրքիր զրույցն անցյալի ուրախ և տխուր օրերի մասին, իսկ տխուր օրեր իր անցյալում ունեցել է յուրաքանչյուր արցախցի: 
Նրա հիշողություններն անպակաս էին՝ շաղախված հուզմունքով և կարոտով: Այո՜, կարոտում էր անցած օրերը, երբ երիտասարդ էր և աշխատելու ավյունով առլեցուն։ Մարդ, որը կարողանում է առայսօր պատկառանք սփռել իր շուրջը: Իսկ ուսուցչուհի ընկեր Ջհանգիրյանի մանկավարժական ճիշտ մոտեցման և մատաղ սերնդի հայեցի դաստիարակման մեծ ավանդի մասին խոսել կարելի է անվերջ: Նրա և նրա նման վաստակաշատ մանկավարժների շնորհիվ է, որ այսօր ունենք մեր երկրի և հասարակության համար  պիտանի մարդիկ:
Մելորդ  Ջհանգիրյանը ծնվել է 1948 թվականի մարտի 1-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում` կոլտնտեսականի ընտանիքում: Ստանալով միջնակարգ կրթություն՝ 1966թ. դեկտեմբերից մինչև 1967թ. մայիս ամիսն աշխատել է Բաքվի թիվ 1 կոշիկի ֆաբրիկայում որպես ձգան: 1970թ. ընդունվել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը, որի վերակազմակերպումից հետո  ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի կարմիր դիպլոմ և համապատասխան մասնագիտություն: Ինստիտուտն ավարտելուց հետո 1974թ. հունիսից մինչև 1975թ. սեպտեմբերը  աշխատել է Ստեփանակերտի կոմերիտքաղկոմի կազմբաժնի հրահանգչի պաշտոնում, այնուհետև  մինչև 1977թ. հոկտեմբեր ամիսը՝  Դաշբուլաղի ՙՀոկտեմբեր՚ կոլտնտեսությունում որպես  կուսկոմիտեի ազատված քարտուղար: 1977թ. հոկտեմբերից մինչև 1979թ. փետրվար ամիսն աշխատել է ժ/դ Ստեփանակերտի շրջսովետի կազմհրահանգչական բաժնի վարիչի, իսկ 1979թ. փետրվարից մինչև 1982թ. նոյեմբերը՝ ժ/դ Ասկերանի շրջանային խորհրդի գործկոմի քարտուղարի պաշտոնում: 1982-1984թթ. աշխատել է կուսակցության Ասկերանի շրջկոմի կուսհաշվառման սեկտորի բաժնի վարիչի պաշտոնում, իսկ 1984-86թթ. ավարտել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցը:
1986-1995թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ասկերանի  շրջկոմում, շրջսպառընկերությունում,  ԼՂՀ արհմիության ֆեդերացիայում, ԼՂՀ ուսուցիչների կատարելագործման ինստիտուտում, Աստղաշենի գյուղսովետի գործկոմում, իսկ 1995թ. ապրիլից առ այսօր աշխատում է Ասկերանի շրջանի վարչակազմում՝ նախ կազմբաժնի վարիչի, ապա  քարտուղարության պետի, քարտուղարի, իսկ 2004թ. մարտից՝ աշխատակազմի ղեկավարի  պաշտոններում:
Արդարև, սա կենսագրություն է մի պարկեշտ մարդու, ով սովորել և աշխատել է ամբողջ կյանքում: Մի էջի վրա տեղավորվող կենսագրություն, սակայն այն իր մեջ ամփոփում է  ամբողջ մի կյանք՝ լի դժվարություններով, ձեռքբերումներով: Տարբեր բնագավառներում և տարբեր մարդկանց հետ աշխատելով՝ նա կարողացել է հավատարիմ մնալ իր սկզբունքներին, իր դաստիարակությանը:
ՙԻմ հայրական օջախում, որտեղ դաստիարակվել է վեց երեխա, մեծ տեղ էր տրվում աշխատասիրությանը, մշտապես ուշադրության կենտրոնում էր ճիշտ և օրինակելի դաստիարակությունը: Իսկ պատասխանատվության զգացումն իմ մեջ ամրապնդվել է վաղ տարիքում:  Ծնողներս, լինելով հողի մարդիկ, մեր մեջ սեր էին սերմանում դեպի  հողը, գիտելիքը: 
   Աշխատանքի բերումով մշտապես  շփվել  եմ տարբեր խավերի մարդկանց հետ, մեծ բավականություն եմ ստանում, երբ զգում եմ, որ դիմացինս ունի կայուն գիտելիքներ: Սիրտս ուրախությամբ է լցվում, երբ տեսնում եմ մեր երիտասարդ սերնդի վճռականությունը, հայրենասիրությունը: Նաև իմ պարտքն եմ համարում օգտակար լինել նրանց,  ուղղություն ու խորհուրդներ տալ: Այսօր համագործակցում եմ հիմնարկ - ձեռնարկությունների, համայնքների ղեկավարների հետ և տեսնում եմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է՚,-նշում է Մելորդ Ջհանգիրյանը:
Փոքրիկ, սակայն նշանակալից այս զրույցի ժամանակ ավելի արժևորեցի կիրթ և օրինակելի մարդուն՝ նրա մեջ տեսնելով այն արժանիքները, որոնք բնորոշ են իսկական հայրենասերին: 
Հիրավի, Մ. Ջհանգիրյանի պես նվիրյալն արժանի է գնահատանքի, և այդ գնահատականը նրա 65-ամյակի կապակցությամբ թող տան  գործընկերները: 
 
 
 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ