[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԼԵՌՆԵՐԸ՚ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ՝ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

DSC_8190.jpgԱրցախի խորհրդանիշ հանդիսացող՝ ՙՄենք ենք, մեր լեռները՚ (քանդակագործ՝ Ս. Բաղդասարյան, ճարտարապետ՝ Յու. Հակոբյան) քանդակի ու նրա շրջակա տարածքի բարեկարգման հարցը վաղուց է հասունացել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից հետո այն, իր պաշտոնական տեղը գտնելով պետական ատրիբուտներում, նաև արցախցիների տոկունության, իմաստնության, սեփական հողին կապվածության խորհուրդն է ներկայացնում դրսում, իսկ տեղացիների համար դարձել է յուրահատուկ զբոսատեղի, հատկապես  երիտասարդների և նորապսակների համար։ 
Հավանաբար, հենց այս կարևորությունից ելնելով է, որ ԼՂՀ  ԿԱ զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանության վարչությանը կից գիտամեթոդական խորհուրդը նրա բարեկարգումը հանրային քնանրկման է  ներկայացրել։ ՙՄենք ենք, մեր լեռները՚ հուշարձանի բարեկարգման նախագծի հեղինակ, ճարտարապետ  Վլ. Սարգսյանն էլ իր խոսքում նշեց, որ ուրախությամբ է ընդունել նախագիծը՝ հանրային քննարկման ներկայացնելու առաջարկը, քանի որ չափազանց մեծ պատասխանատվություն է նման գործ հեղինակելը։ ԼՂՀ  ԿԱ զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ս. Շահվրդյանը, հիմնավորելով նախագծի՝ հանրային քննարկման ներկայացնելու պահը, նշեց, որ այն բարոյական և քաղաքական նշանակության կոթող է՝ անչափ կարևոր ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության համար։ Նման  հուշարձանների հետ կապված փոփոխություններին հանրությանը  իրազեկելը և նրա կարծիքը հաշվի առնելը, ըստ Ս. Շահվերդյանի, նաև ամրագրված է օրենքով։
Նախագծի պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է, որի ներկայացուցիչ, փոխնախարար Ա. Մկրտչյանը ևս ասաց, որ այդ տարածքի բարեկարգման անհրաժեշտությունը վաղուց կա, նախագիծը 2-3 տարի է, ինչ փորձում են մտցնել կապիտալ շինարարության ծրագիր, բայց այս կամ այն պատճառով միշտ ձգձգվում է, և ՙՏատիկ-պապիկ՚-ի (ինչպես մեզ մոտ ընդունված է ասել) տարածքի բարեկարգման աշխատանքներում այլևս չպետք է հապաղել։    
Վլ. Սարգսյանը  ներկայացրեց նախագիծը, ըստ որի՝ բլուրը, որտեղ գտնվում է հուշարձանը, աշխատել են թողնել անփոփոխ, միայն դեպի հուշարձան սալահատակ ճանապարհ է ձգվելու, իսկ բլրի ստորոտին փոքրիկ պուրակաձև օբյեկտ կլինի. օժանդակ կառույց, սանհանգույց, ցայտաղբյուրներ, փոքրիկ ջրավազան, արցախյան ընտանեկան օջախի խորհրդանիշ հանդիսացող հսկայական երկանք, որը կարող են պտտեցնել հուշարձան այցելող փեսացուները, ապացուցելու, որ իրենք արժանավոր են, պատրաստ՝ իրենց վրա վերցնելու նոր ստեղծվող ընտանիքի ամբողջ պատասխանատվությունը։ Իսկ հյուրերը կարող են կանգ առնել պուրակում և վայելել շրջապատի գեղեցկությունը։ Ճիշտ է, սանիտարական մասի  անհրաժեշտության, և հատկապես ընտրված դիզայներական լուծումների շուրջ  քննարկումները թեժ էին, տեսակետները՝ ոչ միանշանակ։ Գիտխորհրդի անդամների մի մասի կարծիքով՝ նման օբյեկտի անհրաժեշտություն գուցե թե չկա, իսկ  տարածքը մաքուր պահելու համար բավական կլինի միայն վերահսկողության ուժեղացումը՝  ընդհուպ մինչև տեսախցիկների տեղադրում։ Բայց եթե, այնուամենայնիվ, նախագծի հեղինակը և պատվիրատուն միակարծիք են, որ այն (խոսքը օբյեկտի հիմնական մաս կազմող զուգարանների մասին է), այնուամենայնիվ, անհրաժեշտ է, ապա այն չպետք է այդքան ակտիվ լինի բուն հուշարձանի նկատմամբ, և անհրաժեշտ է առավել համեստ լուծում տալ՝ վերացնելով սյուներն ու նախշազարդերը։ Այս տեսակետը պաշտպանեցին գիտխորհրդի շատ անդամներ։ Կարծիքներ հնչեցին նաև ընտրված քարատեսակի մասին. ըստ դրանց՝ այն գունային և ոճային առումով չի համապատասխանում միջավայրին և հատկապես հուշարձանի ոճին ու բովանդակությանը։ Հուշարձանը կոչվում է ՙՄենք ենք, մեր լեռները՚ և խորհրդանշում  մեր կապն արմատներին, ՙիսկ այս պարագայում այնպիսի պատկեր է, կարծես  Տատ ու պապին քաղաք ենք բերել՚,¬ կարծիք հայտնեց ճարտարապետ Մ. Տիտանյանը։ ՙԵվ, վերջին հաշվով,¬ ասաց Վլ. Սարգսյանը, ի պաշտպանություն իր նախագծի,- մենք խորհրդակցել ենք ՀՀ ճանաչված ճարտարապետների հետ, եղել են երկարատև քննարկումներ՝ մինչև նախագիծն  ստացել է վերջնական տեսք՚։
Երկար քննարկումներից հետո որոշվեց նախագծին հավանություն տալ մասամբ և սկսել առաջին փուլի աշխատանքները, իսկ ճանապարհամերձ հատվածի նախագիծը  ենթարկել փոփոխության, որի լրացուցիչ քննարկումից հետո իրականացնել հաջորդական փուլերով։
 
Սրբուհի ՎԱՆՅԱՆ