[ARM]     [RUS]     [ENG]

ԲԻԼԲԻԼԱՔ ԳՅՈՒՂ, ՈՐ ԵՂԵԼ Է...

 Մարտունու շրջանի նախկին Բիլբիլաք գյուղը տարբեր առիթներով երբ հիշվում է, շատերը, հատկապես երիտասարդները, զարմացած հարցնում են. ՙԲիլբիլա՞ք, այդպիսի գյուղ եղե՞լ է՚։ Այո, այդպիսի գյուղ եղել է։

Բիլբիլաքը գտնվում էր Սխտորաշեն գյուղի մոտ, շուրջ 4-5 կմ հեռավորության վրա, մյուս կողմից էլ՝  Մսմնա, Մավաս, Խերխան, Ծովատեղ, Հերհեր գյուղերի հարևանությամբ։ 
Մինչդեռ այդ գյուղերի և Բիլբիլաքի միջև նորմալ ճանապարհներ գրեթե չկային։ Բիլբիլաքի կապը, շփումները հիմնականում Սխտորաշենի հետ էր, առավելապես նաև այն պատճառով, որ Բիլբիլաքի կանայք հիմնականում ժամանակին հարս են բերվել  Սխտորաշենից։ Երկու գյուղերի միջև ազգակցական, բարեկամական կապեր կային, ակտիվ գնալ-գալ գոյություն ուներ, երեխաները Սխտորաշենի դպրոցն էին հաճախում։ Երկու գյուղերն իրար միացնում էր նաև Տընջրին, որի աղբրի ջրից օգտվում էին բիլբիլաքցիները։ 
Բիլբիլաքը փոքր գյուղ էր, ընդամենը 20-25 տուն, բնակիչները՝ հիմնականում ազգակիցներ։ Հայտնի չէ, թե գյուղն ստույգ երբ է հիմնադրվել։ Այդ մասին ոչ մի գրավոր  տեղեկություն  չկա։ Բայց, դատելով գյուղի փոքր գերեզմանոցի քարերի վրայի գրություններից, կարելի է ենթադրել, որ նրա անցյալն այնքան էլ հեռվից չի սկսվում։ Երկարակյացների պատմելով` գյուղը հիմնադրել էին չորս եղբայրներ։ Հավանական է, այդպես էլ եղել էր, քանի որ բնակիչների ազգանունները հիմնականում նույնն էին, կրկնվում էին որպես  ազգականների, բացի դրանից, համերաշխ բարեկամություն կար։ Բիլբիլաքը գտնվում էր բարձր բլրի վրա, Սխտորաշենի կալերի հարևանությամբ, որտեղից երևում էին Շեխեր, Ներքին Թաղավարդ, Սոս, Խնուշինակ, Գիշի գյուղերը։ Այդ գյուղերում երբ հարսանիքներ էին լինում, զուռնայի ձայնը լավ լսվում էր։ Երեկոներին երևում էին գյուղերի ճրագների առկայծումները։ Տները հիմնականում մի հարկանի, ծղոտե տանիքներով, հողե հատակով հյուղակներ էին։ Թիթեղյա տանիք ունեցող երկհարկանի մի քանի տուն կար ընդամենը։ Գյուղում խանութ, բուժկետ, բուժաշխատող, դպրոց, եկեղեցի, գյուղխորհուրդ չկար։ Հիվանդին հիվանդանոց հասցնելը երբեմն անհնար էր լինում։ Գյուղը շրջապատված էր խաղողի, թթի այգիներով, մրգատու ծառերով, մոշի, մասրենու թփերով։ Ամեն ընտանիք ուներ իր այգիները, բանջարանոցը։ Տնամերձ բանջարանոցներում աճեցվում էր խաշխաշ, հատկապես ծաղկելու ժամանակ էր դա աչքի ընկնում, այն խաշխաշը, որը հիմա խստիվ արգելվում է որպես թմրադեղ։ Հաց թխելու ժամանակ խաշխաշի մանր հատիկները ցանում էին հացի վրա։ Գյուղի բնակիչների համար ամենադժվարը խմելու ջրի հարցն էր։ Ոչ գյուղում, ոչ էլ մոտակայքում աղբյուր չկար։ Խմելու ջուրը գտնվում էր գյուղից հեռու ձորում։ Կանայք երեխաների հետ միասին կուժ, կուլա շալակած պետք է իջնեին ձորը ու քարքարոտ բլրալանջով բարձրանային հասնեին տուն։ Տարիներ հետո այդ աղբյուրի ջուրն էլ պակասեց, սպառվեց։
Էլեկտրական լույսի մասին խոսելն ավելորդ է։ Ճրագների համար նավթ ձեռք բերելն էլ դյուրին չէր։ Շաքար, թեյ, օճառ, աղ և այլ կենցաղային կարևոր բաները՝ նույնպես։ Կանայք տնային պայմաններում օճառ պատրաստում էին խոզի ճարպից։ Շաքարի փոխարեն ամբողջ տարին առատորեն օգտագործվում էին թթից պատրաստված բաքմազը, չորացրած թութը, մրգերը, թեյի փոխարեն՝  մասուրը, սեզը, նաև ծաղիկները, զանազան բուժիչ խոտաբույսեր։ Բացի այդ, բոլորն էլ կով, ոչխար, խոզ էին պահում, ապահովված էին կաթնամթերքով։ Երբ գյուղում ստեղծվեց կոլեկտիվ տնտեսություն, մարդիկ զրկվեցին սեփական այգիներից, անասուններից։ Այգիների բերքը հասունանում էր, բայց արդեն այգի մտնելու իրավունք չունեին։ Այն հանգամանքը, որ մարդիկ զրկվել էին իրենց սեփականությունից, չունեին տարրական կենցաղային  հարմարություններ, կտրված էին արտաքին աշխարհից, ժամանակի ընթացքում կորցրեց հետաքրքրությունը, հոգեկան կապվածությունը հարազատ գյուղին։ 
Դպրոց չլինելը մեծ հոգս էր բոլորի համար, այդ պատճառով էլ բնակիչները սկսեցին հեռանալ գյուղից։ Բնակչությունն այնքան պակասեց, որ գյուղը, որպես ինքնուրույն կոլտնտեսություն` ոչ մի կերպ չէր արդարացնում իրեն, այդ պատճառով էլ միացվել էր Սխտորաշենի կոլտնտեսությանը, որը համարվում էր այդ ժամանակի առաջավոր տնտեսություններից մեկը։ Սակայն այդ էլ ոչ մի կերպ չնպաստեց գյուղի գոյատևմանը։ Իսկ երբ սկսվեց Հայրենական մեծ  պատերազմը, գյուղի տղամարդիկ զորակոչվեցին, ռազմաճակատ ուղարկվեցին, ոմանք էլ մեկնեցին կամավոր։ Գյուղում կյանքն ավելի անտանելի դարձավ։ Իսկ երբ պատերազմից հետո գյուղը սկսեց վերջնականապես դատարկվել, ամեն մի հեռացող ընտանիք իր տունը քանդում, շինանյութը տեղափոխում էր այլ տեղ տուն կառուցելու համար, կամ այդ շինանյութը վաճառում էր։ Բնակիչների հեռանալուց հետո քանդված տների տեղը շուտով ծածկվեց բուսականությամբ, թփերով։ Մի քանի տարի անց արդեն դժվար էր գտնել լքված գյուղի տեղը, իսկ 1965թ. Բիլբիլաք գյուղը, արդեն որպես անմարդաբնակ տարածք, Արցախի քարտեզից ջնջվեց Մարտունու շրջգործկոմի որոշման համաձայն։ Ներկայումս անմխիթար վիճակում է նաև Սխտորաշենը, որը նույնպես գրեթե դատարկվել է, մի քանի մարդ է ապրում։ 
 
Էմմա ՊԵՏՐՈՍՅԱՆ