[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՂՈՐՏԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ՏԵՍՆԵԼ

Մարտունու շրջանի Հաղորտի գյուղը 208 բնակիչ ունի, 50 տնտեսություն: Փոքրիկ գյուղի բնակիչները մեծ երազանքներ ունեն, ամենակարեւորը, որ վաղը գյուղն ավելի լավ վիճակում տեսնեն, քան այսօրվանն է: Այս հարցում ավագ ու կրտսեր հաղորտեցիների պատկերացումները գրեթե չեն տարբերվում:
Նեղ ու ծուռումուռ, տեղ-տեղ` քարապատ փողոցներ, մեջք մեջքի տված հին ու նոր տներ: Հաղորտին շատ չի տարբերվում արցախյան մյուս գյուղերից: 2012 թվականը դրական ցուցանիշներով են ամփոփել, 2013-ն էլ մեծ հույսերով սկսել: Գյուղը մայրուղուն կապող ճանապարհահատվածը 2010 թվականին նորոգած բարերար Կարեն Բաղդասարովը հաղորտեցիների համար նվեր էր պատրաստել նաեւ 2012-ին: 
ՙՄինչեւ վերջերս մեր գյուղում ամենաշատը 2-3 հեռուստաալիք էր հնարավոր դիտել,- պատմում է Հաղորտու համայնքի երիտասարդ ղեկավար Նվեր Մարտիրոսյանը:- Այսօր վիճակը բոլորովին այլ է: Առանձին հեռուստաաշտարակ է կանգնեցվել, եւ այդ առումով խնդիրներն արդեն անցյալում են մնացել՚:
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: 50 տնտեսություն ունեցող գյուղում 400-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն կա: Գրեթե ոչ ոք հացահատիկի մշակությամբ չի զբաղվում: Վերին հատվածի հողերի մեծ մասը անասնապահությանն է ծառայում: ՙԻսկ ստորին գոտու հողերը գյուղից բավական հեռու են, եւ սեփականատերերը դրանց մշակումը նպատակահարմար չեն գտնում՚,- պարզաբանում է համայնքի ղեկավարը:
Փոխարենը, այգեգործությամբ  հետաքրքրվողների թիվն է աճում: Ավելանում են խաղողի եւ նռան այգիները: Գարնանացան մշակաբույսերից նախկինում ձեռնպահ էին մնում: Ոռոգման հնարավորություն չկար: Այս տարի նորություն կլինի: Հողերի մի մասում փորձելու են գարնանացան խոտաբույսերի ցանքս կատարել: ՙՇրջանի ղեկավարության աջակցությունն ունենք: Եթե ծրագիրը հաջողվի` անասնապահությունը զարգացնելու նոր հնարավորություններ կունենանք՚,- մանրամասնում է Նվեր Մարտիրոսյանը:
Նաեւ ոչ տնտեսական բնույթի հարցերի լուծման համար 2013 թվականը կարող է վճռորոշ լինել: Համայնքը ջրամատակարարման խնդիր ունի: Երկրի նախագահի վերջին այցից հետո սայլը տեղից շարժվել է, հաղորտեցիների լավատեսությունն ավելացել: ՙԱրդեն տեղյակ ենք, որ մեր գյուղի ջրամատակարարման ծրագիրն էլ է տարվա պլաններում ընդգրկվել,- ասում է համայնքի ղեկավարը:  -Այս խնդրի լուծումը գյուղում բնակվելը շատ ավելի հարմարավետ կդարձնի՚:
 Համայնքապետարանն ու բուժկետը նույն շենքում են տեղավորված: Բուժմանկաբարձական կետի վարիչ Նորա Գասպարյանն ամենօրյա աշխատանքներն է թվարկում: Աշխատում են պետպատվերի շրջանակներում, ըստ կարգի` համագյուղացիներին են տրամադրում դեղամիջոցները: Նույն աշխատանքներն ավելի մեծ սիրով եւ որակով կիրականացնեն՝ շենքային պայմանների բարելավման դեպքում: Հարցն օրակարգում է: Տարվա պլանների մեջ ներառված չէ, բայց այստեղ հույս ունեն, որ 2013-ն այդ առումով փոփոխություններ կբերի:
Առկա խնդիրների լուծումը կնպաստի  նաեւ գյուղի ամենացավոտ հարցի կարգավորմանը: Պատերազմի օրերին գյուղից ոչ ոք դուրս չի եկել: 50 մարդ պատերազմից հետո են մեկնել: Համայնքի  ղեկավարը, սակայն, լավատես է: Գյուղի դպրոցը 24 աշակերտ ունի: Անցած տարի  6 ծնունդ են ունեցել: ՙՄեր գյուղում տարվա մեջ 6 ծնունդ մոտ 20 տարի առաջ ենք ունեցել,- հիշում է համայնքի ղեկավարը:- Հիմա արդեն տարեկան 4, 5, իսկ անցյալ տարի` 6 ծնունդ ենք ունեցել: Ուրեմն` գյուղը կամաց-կամաց կամրանա՚:
Այս ամենի հաշվարկով` հաղորտեցի դպրոցականի երազանքի իրականացումը անհնար չի թվում: Երրորդցի Արեւիկ Քարամյանը, ով Հաղորտու միջնակարգ դպրոցի 24 աշակերտներից մեկն է, երազում է, որ գյուղի մանկապարտեզը վերաբացվի, ու մյուսների հետ իր քույրիկն էլ մանկապարտեզ գնա: Երազում է, որ հարազատ գյուղը հարուստ, մարդաշատ  ու բարգավաճ լինի: Իսկ ինքն այդ ամենի ոչ թե արձանագրողը, այլ անմիջական մասնակիցն է լինելու։ 
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ