[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ

382347_557059674313362_1264641289_n.jpgԱնցած շաբաթ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնում  պետական երիտասարդական քաղաքականության 2014-2018թթ. ռազմավարության քննարկման ժամանակ արծարծվեցին երիտասարդության շրջանում առավել ցայտուն արտահայտվող հիմնախնդիրները։ Այդ համատեքստում անդրադարձ եղավ նաև առողջապահության հարցերին։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանն ըստ վիճակագրության ներկայացրեց երիտասարդներին հուզող հարցերը։ 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկություններով՝ մարդու առողջությունը 70 տոկոսով կապված է կենսակերպի և շրջակա միջավայրի հետ։ Երիտասարդության շրջանում առկա են մի շարք վնասակար երևույթներ. ծխելը, գինեմոլությունը, թմրամոլությունը, հղիության արհեստական ընդհատումը իրենց ազդեցությունն են թողնում երիտասարդության առողջության վրա։ Այս և այլ հարցերի մասին որոշ պարզաբանումներ տվեց ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության բաժնի պետ Ագապի Հայրունին։ 
Ընդհանրապես վերարտադրողական առողջության խնդիրները ոչ բավարար են լուսաբանված։ Լուրջ խնդիր է նաև ժողովրդագրական ներկայիս իրավիճակը՝ կապված հղիության արհեստական ընդհատման դեպքերի աճի հետ։ Աբորտների թիվն օրեցօր շատանում է, ինչը պայմանավորված է ոչ միայն ընտանիքների սոցիալական անբավարար պայմաններով, այլև հղիության վաղ շրջանում երեխայի սեռը նախօրոք իմանալու հետ։ Այսինքն՝ ուլտրաձայնային հետազոտությամբ իմանալով երեխայի սեռը՝ ծնողները դիմում են արհեստական ընդհատման՝ հիմնականում սպասվող աղջիկ երեխաների դեպքում։ Ըստ վիճակագիրների՝ 20 տարի հետո վերարտադրողական առողջության հարցում լուրջ սպառնալիքների առջև ենք կանգնելու։ Այդ կապակցությամբ պետական մակարդակով մշակվում են տարբեր ծրագրեր։ Դրանցից մեկը վերաբերում է ուսանողների նորաստեղծ ընտանիքներին տրվող որոշակի արտոնություններին։ Այսինքն՝ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում երեխա ունենալու դեպքում ուսումը շարունակել ինտերակտիվ ձևով։ 
Սակայն այսօր խնդիրն ավելի շատ հուզում է այն ընտանիքներին, որոնք արդեն ունեն երեխաներ, սակայն կինը հղիանալով ու համարելով ոչ ցանկալի ծնունդ՝ դիմում է աբորտի։ Վերոնշյալ ցավալի երևույթների առաջացման պատճառներից են տեղեկացվածության պակասը, առողջ ապրելակերպի ոչ բավարար քարոզչությունը, սեռական դաստիարակության մշակույթի բացակայությունը։ 
Ագապի Հայրունու պարզաբանմամբ՝ ներկայումս, եթե զույգը որոշում է ամուսնանալ, նախօրոք չի հետազոտվում նաև սեռավարակների առումով, ու երբ կինը հղիանում է՝ պարզվում է, որ առկա են բարդություններ։ 2013թ. տվյալներով՝ արդեն կա մեռելածինների 16 դեպք։ Ու դրանից դաժան բան չկա, երբ կինը 9 ամիս իր կրծքի տակ կրում է երեխային, գտնվում վերահսկողության տակ, սակայն վերջում կանգնում ողբերգության առաջ։ Ու շատ հաճախ նման դեպքերում մեղադրում են կնոջը, հարսին, բայց, վիճակագրական տվյալներով՝ 99,9 տոկոսի դեպքում սեռավարակների տարածման առաջին օղակը երիտասարդ տղան է։ ԼՂՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է մշակել համապատասխան ծրագիր, ըստ որի՝ երիտասարդները մինչև ամուսնանալը կանցնեն մի շարք հետազոտություններ։ Սա հրատապ հարց է։
 Կարևոր խնդիր է նաև ոչ միայն շատ երեխաներ ունենալը, այլև այդ երեխաներին դաստիարակելը, կրթելը։ Այսպես, Քաշաթաղի շրջանում կան ընտանիքներ, որոնք ունեն 10-12 երեխաներ, սակայն երբեք չեն դիմում բժշկի։ Նույնիսկ գրանցվում են տնային ծնունդներ, ու շատ դեպքերում երեխաները դառնում են հաշմանդամ։  
Քննարկումներին խոսվեց նաև Մոր և մանկան պահպանման կենտրոնում գործող՝ արհեստական հղիության ընդհատման կանխարգելմանը վերաբերող ծրագրի մասին։ Ա. Հայրունու տեղեկատվությամբ՝ արհեստական հղիության ընդհատմանը դիմող կանանց հետ ծննդատանը  տարվում են որոշակի աշխատանքներ։ Նշենք նաև, որ այդ ծրագիրը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ  իրականացնում էր նաև Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի նախագահ Սուսաննա Պետրոսյանը։ Վերջինիս խոսքերով՝ ավելի շատ աբորտի դիմում են ոչ միայն անապահով, այլև ապահով ընտանիքները։ Ներկաները համատեղ առաջարկեցին, որ ԼՂՀ առողջապահության նախարարությունն այդ առումով տանի համապատասխան տեղեկատվական ու քարոզչական աշխատանք։ Ա. Հայրունին իր հերթին խոստացավ առաջարկները ներկայացնել  առողջապահության նախարարին։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետազոտությունների տվյալները փաստեցին, որ առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները շարունակական լուծման կարիք ունեն։ 
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ