[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՆՈՐ ՍԱՐՔ ԱՐՑԱԽՈՒՄ

Արդեն երկու ամիս է, ինչ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում գործարկվում է մամոգրաֆիայի սարքը: Որպես նվիրատվություն՝ հանրապետական հիվանդանոցն այն ստացել է Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի կողմից: 
Մամոգրաֆիան կրծքագեղձերը հետազոտելու պարզ, անվտանգ, ցածրաստիճան ռենտգեն-ճառագայթմամբ հետազոտություն է: Այդ սարքն ունի կրծքագեղձի բազմապրոյեկցիոն պատկերներ՝ մամոգրամաներ ստանալու հնարավորություն: 
Ինչպես մեզ տեղեկացրեց ճառագայթային ախտորոշման բժիշկ, ռադիոլոգ  Անահիտ Հակոբյանը, Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը ՀՀ կենտրոնների նման պարտադիր ստանում է երկու պրոյեկցիայով մամոգրամաներ՝ յուրաքանչյուր կրծքագեղձի համար, որտեղ նշվում են գոյացության ճիշտ կոորդինատները:
Մամոգրաֆիայի հիմնական նպատակը կրծքագեղձերի հիվանդությունների՝ գլխավորապես քաղցկեղի վաղ հայտնաբերումն է: Կինը  հաճախ բժշկի է դիմում  գոյացության ի հայտ գալուց հետո։ Այս դեպքում մամոգրաֆիայի խնդիրն է հայտնաբերել ռադիոլոգիական նշանները` գոյացության ձևը, չափսերը, եզրագծերը, հարակից հյուսվածքների վիճակը, անութային լիմֆատիկ (ավշային) հանգույցների ախտահարված կամ ոչ ախտահարված վիճակը, տարանջատում է գոյացությունները բարորակ կամ չարորակ տիպի:
Մամոգրաֆիայի գլխավոր  նպատակը չշոշափվող գոյացությունների հայտնաբերումն է: Ուստի 35 և բարձր տարիքի բոլոր կանայք պետք է դիմեն մամոգրաֆիկ հետազոտության՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք զգում են դրա կարիքը, թե ոչ: Եթե կնոջ հարազատների  (մոր, մորաքրոջ և այլն) շրջանում կան քաղցկեղի  վաղ դեպքեր, ապա կինը պետք է մամոգրաֆիկ հետազոտությունը սկսի 30 տարեկանից և արձանագրի իր կրծքագեղձերի նորմալ վիճակը: 40-ից հետո կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է, դրա համար կինը  պետք է մամոգրաֆիկ հետազոտության ենթարկվի ամեն տարի:
Բժիշկ-ռադիոլոգ Ա. Հակոբյանի խոսքերով՝ մամոգրաֆիայի նպատակահարմարությունը 35 տարեկանից պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մինչև այդ  տարիքը կրծքագեղձի քաղցկեղ ոչ հաճախակի է հանդիպում, իսկ բոլոր բարորակ գոյացությունները (կիստաներ, մաստոպատիաներ) լավ որոշվում են նաև ուլտրաձայնային հետազոտությամբ: Երկրորդ պատճառն այն է, որ կրծքագեղձն ունի տարիքային առանձնահատկություն: Մինչև 30 տարեկանը կրծքագեղձում գերակշռում է գեղձային հյուսվածքը, որի պատճառով գոյացությունները մամոգրաֆիկ եղանակով տարբերակելը դժվարանում  է: 35-40 տարեկանից սկսած՝  գեղձային հյուսվածքը  վերածվում է ճարպային հյուսվածքի, և տեսանելի են դառնում գոյացությունները և կալցինատները, որոնց հայտնաբերումը մամոգրաֆիայի հիմնական առավելություններից մեկն է:
Նախքան մամոգրաֆիային դիմելը կինը պետք է պարբերաբար հետազոտվի ինքնազննմամբ`իր կրծքագեղձերը դիտելու և շոշափելու միջոցով, փնտրելով այտուց, պիգմենտացիա, կնճռոտվածություն, գեղձի ձևի և կառուցվածքի փոփոխություն, ուշադրություն դարձնի ցավի, գերզգայունության, պտուկից արտադրության, կարծրացման առկայության վրա և ցանկացած մտահոգիչ փոփոխության դեպքում դիմի բժշկի:
Կրծքագեղձերի քննության երեք միջոցների համակցմամբ՝ ինքնազննում, քննում բժշկի կողմից և մամոգրաֆիա, հնարավոր է դառնում կրծքագեղձի քաղցկեղի բավականին վաղ հայտնաբերումը և բարձրանում հաջողությամբ բուժելու հավանականությունը: Ճառագայթային ախտորոշման բժիշկ, ռադիոլոգ Ա.Հակոբյանը հավաստիացրեց, որ իրենց մասնագիտական գիտելիքներով և հնարավորության սահմաններում պատրաստ են օգնել Արցախի կանանց:
 
Գոհար ԱՎԱՆԵՍՅԱՆ
ԱրՊՀ լրագրության 4-րդ կուրս