[ARM]     [RUS]     [ENG]

ԺԱՆ ԱՆԴՐՅԱՆ

 Jan.jpgՄարդու աուրան առաջին հանդիպման պահին թերեւս գերակա դեր է խաղում նրա մասին կարծիք կազմելու հարցում, եւ նրանից ստացած առաջին տպավորությունը  երկար ժամանակ  ազդում է այդ մարդու մասին մտահանգման վրա։

Այդպես եղավ եւ ինձ հետ։ Դպրոցական տարիներին գրականությունից օլիմպիադայի առիթով ինձ բախտ վիճակվեց հանդիպել այն ժամանակներում գրեթե լեգենդար Ժան ԱՆԴՐՅԱՆԻ հետ։ Մեկ անգամ տեսնելով՝ ես այլեւս չմոռացա այդ կերպարը։ Եվ դա պայմանավորված էր ոչ այնքան նրա պարթեւահասակ ու գեղեցիկ արտաքինով, որքան՝ հոգուդ ամենախորքերը թափանցող ոգեղենությամբ, այսինքն՝ այն աուրայով, որը թարմացնում, հուսադրում է դիմացինին։ 

Մարդու աուրան առաջին հանդիպման պահին թերեւս գերակա դեր է խաղում նրա մասին կարծիք կազմելու հարցում, եւ նրանից ստացած առաջին տպավորությունը  երկար ժամանակ  ազդում է այդ մարդու մասին մտահանգման վրա։ Այդպես եղավ եւ ինձ հետ։ ԴպրոցականԱյսօր, երբ մենք տոնում ենք մեր Շարժման 25-ամյակը, իրավունք չունենք մոռանալ, որ արցախցիների բոլոր սերունդներն իրենց բաժին ներդրումն են ունեցել մեծ Հայրենիքին վերամիավորվելու գործում։ Այդ առումով ես չեմ մոռանում խրուշչովյան ՙձնհալոցքից՚ ոգեւորված ղարաբաղցիների տրամադրությունները եւ, արդեն որերորդ անգամ, նրանց համակած այն հավատը, որ  այս անգամ կհաղթի արդարությունը, եւ մեր իղձերը կիրականանան։ Թվում էր՝ 60-ականների վերջին իրադարձությունները պետք է որ հատեին ամեն մի հույս, բայց... Եվ այստեղ վերհիշում ես Ս. Գորոդեցկու խոսքերը ղարաբաղցիների մասին։

 ՙՀուժկու թափ, անմնացորդ քաջություն, համարձակություն, ինքնավստահություն, ինքնատիպ համառություն, ուղղամտություն, հայրիշխանություն ընտանիքում. ահա ղարաբաղցիների այն համակրելի գծերը, որոնք հայկական հնագույն սխրանքների համադրությունն են, սխրանքներ՝ որոնք չեն մթագնվում ժամանակի հարվարծներից եւ իրենց զտարյուն տեսքով պահպանվում են Ղարաբաղում՚։

Ըստ երեւույթին, հենց ղարաբաղցիներին բնորոշ այդ համառությունն էլ մեզ ստիպեց նորից ու կրկին ձեռնամուխ լինել մեր արդարացի գործին։ Եթե ոչ, ապա ինչո՞վ բացատրել այն փաստը, որ չնայած դաժան պատմությանը, որի արդյունքում անընդմեջ ոչնչացվում էր ազգի սերուցքը, այդ հողը ծնում էր նորանոր տաղանդավոր որդիներ, որոնց մեծ մասը սփռվում էր աշխարհով մեկ՝ հեշտ կյանք գտնելու, իսկ նրա փոքր եւ քաջարի հատվածը ոչ միայն պարզապես իր վրա էր վերցնում հայրենի հողի վրա կյանքի զրկանքներն ու դժվարությունները, այլեւ  իր մեջ ուժ եւ կամք էր գտնում պայքարելու   երկրամասի ազատության եւ ժողովրդի բարեկեցիկ կյանքի համար։ Ինչո՞վ բացատրել, որ 60-ականների հայտնի իրադարձություններից հետո ի պաշտպանություն  Արցախի ոտնահարված արժեքների՝ նորից իր ձայնը բարձրացրեց Արցախի քաջարի զավակ Ժան Սերգեյի Անդրյանը։ 
Լինելով մշակույթի մարզային վարչության պետի պաշտոնում, հանդիսանալով կուսակցության ԼՂ մարզկոմի անդամ, ինչպես նաեւ մարզային խորհրդի պատգամավոր, 60-ականների դեպքերի մասնակիցների դեմ դաժան հաշվեհարդարների ականատեսը, նա կարող էր թաքնվել եւ ապրել  ապահով կյանքով՝ սեփական ընտանիքի գրկում։  Սակայն   ոչ միայն չթաքնվեց, այլեւ համարձակություն ունեցավ իր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն իր ժողովրդի մշակութային արժեքների՝ մատնանշելով  ինտերնացիոնալիզմի պետական գաղափարախոսության շրջանակներում Ադրբեջանի ղեկավարության կողմից իրականացվող քաղաքականության անարդարացիությունն ու անիրավացիությունը։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին Ժան Անդրյանին, նշում են նրա փաստարկված, տրամաբանական, անառարկելի փաստերով հագեցած խոսքը։ Նշում են նրա հռետորական որակները, անձի խարիզմատիկությունը։ Ահա թե ինչպես է նկարագրում հայտնի արցախագետ, Արցախի պատմության եւ հուշարձանների մասին բազմաթիվ արժեքավոր գրքերի հեղինակ, պատմաբան Շահեն Մկրտչյանը  Ժ. Անդրյանի ելույթը՝ ի պաշտպանություն երկրաբանական թանգարանի.    ՙԻնձնից հետո ելույթ ունեցավ մշակույթի մարզային վարչության պետ Ժան Անդրյանը։ Իր ասպետական կեցվածքով, տրամաբանական փաստարկներով նա ստիպեց մինչ այդ ՙցնծացող՚՝ Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի անդամներին անցնել նոր պաշտպանության՚։
Ժան Անդրյանը ծնվել է 1926թ.՝ գյուղական մտավորականի ընտանիքում։ 1952թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Համակուրսեցիների (ներկայումս՝ հայտնի պրոֆեսորներ) վկայությամբ, գրադարանում չկար մի գիրք, որ նա կարդացած չլիներ։ Նրան առաջարկել էին մնալ ամբիոնում, բայց  գերադասել է վերադառնալ հայրենիք։ Ստեփանակերտում նրան առաջարկել են գլխավորել ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի  կուլտուրայի բաժինը, եւ նա 20 տարի անընդմեջ ոչ միայն թերթի էջերում լուսաբանում էր երկրամասի մշակութային կյանքը, այլեւ բացահայտում շնորհալի մարդկանց, օգնում նրանց՝ ինքնահաստատվելու։ Նրա հոդվածները նոր ուղղվածություն էին տալիս թերթին, բարձրացնում մարզում առկա մշակութային հիմնախնդիրները, ինչը նպաստեց այդ ոլորտի հետագա զարգացմանը։ Շատ հարցեր ստանում էին իրենց լուծումները, որոշները՝ լուծման միտումներ։  Նա հանդես էր գալիս նոր գրքերի եւ թատերական ներկայացումների գրախոսություններով։ Եվ հենց առաջին իսկ  հոդվածներից պարզ դարձավ, որ  ի դեմս նրա երկրամասն ունի խելացի եւ հասուն գրականագետ։ Տարիներ անց նրա ելույթները ցանկալի պահանջմունք էին դարձել Արցախի  բոլոր գրողների համար, որովետեւ նրա մտքերը կենսական էին, հոդվածների վերլուծությունները՝ արհեստավարժ։ ՙ...Եթե վեպ է գրվել, Ժանը պետք է ասեր իր ծանրակշիռ խոսքը, պոեմ է տպագրվել, պետք է բնութագիր տա Ժանը, նոր պիես է բեմադրվել, թատերական քննադատը նա՜ պետք է լինի՚ (Ս. Խանյան, ՙՏաղանդի լույսը՚)։ 
Ժ. Անդրյանի անխոնջ գործունեության վառ արդյունքներից մեկը թվով երրորդ (թատրոնից եւ ԼՂԻՄ երգի-պարի համույթից հետո) գեղարվեստական կոլեկտիվի՝ ՙՂարաբաղ՚ պետական էստրադային համույթի ստեղծմանը համակողմանի աջակցելն էր, համույթ, որը Ժան  Անդրյանի մտահղացմամբ պետք է կոչվեր ՙԱրցախ՚։ Բնականաբար, նման ՙլկտիություն՚ Բաքուն թույլ տալ չէր կարող. համույթի համամիութենական փառքն ու նրա անգերազանցելի գեղարվեստական ղեկավարին՝ բարձր պրոֆեսիոնալ երաժիշտ եւ հրաշալի մարդ Հենրիխ Բարխուդարյանին նույնպես Բաքուն ՙմարսել՚ չէր կարող (քրեական գործ սարքեցին, ղեկավարին ձերբակալեցին եւ խումբը ցրեցին)։ 
Անդրյանի մյուս  սխրագործությունը եղավ հայկական մշակույթի հուշարձանների պահպանության գործը։ Կուսակցության մարզկոմի բյուրոյի եւ մարզգործկոմի համատեղ նիստում ոչ միայն ընդգրկեցին պետության կողմից, ի շարս ադրբեջանականի, պահպանվող ճարտարապետական հուշարձանների ցանկը, այլեւ հատուկ որոշում ընդունեցին Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման մասին։ Եվ ահա ադրբեջանական իշխանությունների դրածո Բ.Կեւորկովը Բաքվի  ղեկավարությամբ սկսում է Ժան Անդրյանին ասպարեզից վերացնելու գործողությունը։  Դա նրան   չվախեցրեց։ Գաղափարապես թրծված էր եւ վստահ, որ իր գործն արդար է։ Կուսակցության ԼՂ մարզկոմի պլենումում (1971թ. դեկտեմբերի 3) Ժան Անդրյանը գաղափարախոսական հարցերի քննարկման շրջանակներում բարձրացրեց Ղազանչեցոց եկեղեցու վերականգնման հարցը, որն Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հանել էր Շուշի քաղաքի՝ պետության պահպանության ներքո գտնվող ճարտարապետական հուշարձանների ցուցակից։ 
ՙԵս պարզ ու հստակ ասացի, որ մեր մարզի գաղափարախոսական աշխատանքում պետք է մեծ ուշադրություն հատկացվի մարդկանց ինտերնացիոնալ դաստիարակությանը։ Երբեմն անգամ փոքր հարցերի ոչ ճիշտ լուծումները պատճառ են դառնում մեծ հարցերի առաջացման համար։ Ահա մի վառ օրինակ. Ադր. ԽՍՀ մշակույթի նախարարությունը Շուշիի՝ պետության կողմից վերահսկվող ճարտարապետական հուշարձանների ցանկից հանեց Ղազանչեցոց եկեղեցին, այսինքն՝ թողեց բոլոր ադրբեջանական հուշարձանները եւ հանեց միակ հայկական հուշարձանը՚ (ԽՄԿԿ ԿԿ-ին Ժ. Անդրյանի հղած նամակից)։ 
ՙԵս հորս եւ նրա ընկերների  զրույցից հիշում եմ, թե նա ինչպիսի հումորով էր պատմում կուսակցության մարզկոմի պլենումի մասին, որտեղ նրան փորձում էին անկյուն քշել՝ կապված  հուշարձանների ցուցակում Ղազանչեցոց եկեղեցին ընդգրկելու հետ։  Փորձում էին իբր անվիճելի փաստարկ բերել. ՙՁեր եկեղեցիներում դաշնակցական գաղափարներ են քարոզվում՚։ Դրան ի պատասխան՝ հայրիկը հանգիստ ասաց. ՙԻսկ ձեզ մոտ մարքսիզմ-լենինի՞զմ են քարոզում՚ ( Ժ.Անդրյանի  դստեր՝ Կարինեի հետ զրույցից)։
Ժան Անդրյանը՝ որպես իր ժողովրդի  քաջարի զավակ, վճռականորեն  էր տրամադրված եւ պատրաստ էր պայքարել առա՜նց բացառության բոլոր ատյաններում, սակայն հաշվի չէր առել կոմունիստական կուսակցության գլխավորած՝ պետանվտանգության կոմիտեի կողմից կիրառվող մեթոդների ողջ ստորությունն ու կանխակալությունը։ Նրան վտարեցին  կուսակցությունից եւ ազատեցին  աշխատանքից։ Սկզբում հնարավորություն տվեցին աշխատել մարզային գրադարանում՝ որպես տնօրեն։ Վերջապես նա ժամանակ գտավ, եւ սկսեց զբաղվել իր՝ ՙՄեր գրական օջախը՚ թեմայով  ատենախոսությամբ, որը պաշտպանեց փայլուն կերպով։ 
Կարելի է պարզապես նախանձել, թե քննադատի ինչպիսի բարեխղճությամբ էր հեղինակն ուսումնասիրում հայկական խորհրդային պոեզիան (ընդհանրապես գրականությունը), որ ստեղծվել էր  Ադրբեջանում՝ սկսած 20-ական թվականներից մինչեւ մեր օրերը։ Դա այդ երեւույթի ուսումնասիրության գծով առաջին լուրջ գիտական աշխատանքն էր։ 
Ժան Անդրյանը միաժամանակ դասավանդում էր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում։ Ականատեսների վկայությամբ՝ նրա դասախոսություններն ունկնդրելու էին գալիս տարբեր կուրսերից, անկախ նրանից՝  անցնում էին այդ առարկան, թե ոչ։ Ըստ երեւույթին, նման փառքը հաճո չէր կեւորկովների քիմքին։ Նրան հեռացրին աշխատանքից ե՜ւ գրադարանում, ե՜ւ ինստիտուտում։ Գիտությունների թեկնածուին հնարավորություն տվեցին աշխատել ընդամենը դպրոցում, այն էլ՝ մի քանի ժամ։ Մի խոսքով, անում էին ամեն ինչ, որպեսզի Ժան Անդրյանն ապրի Ղարաբաղից դուրս։ Նա մեկնում է Երեւան, սակայն չի հանձնվում։ Նամակներ է գրում ԽՄԿԿ Կենտկոմ, ուղարկում հեռագրեր՝ միայն մեկ նպատակով՝ վերականգնել արդարությունը։ Երկրորդ անգամ Մոսկվա գնալուց հետո նա վերադառնում է Ղարաբաղ։ Շուտով Կենտրոնից հեռագիր է ստացվում կուսակցության շարքերում նրան վերականգնելու մասին։
Ինչպես պատմում է Կարինե Անդրյանը, ՙժողովուրդն անմիջապես իմացավ այդ մասին, եւ բոլորը՝ ծանոթ թե անծանոթ, գալիս էին շնորհավորելու։ Շնորհավորական հեռախոսազանգեր էինք ստանում ԽՍՀՄ տարբեր անկյուններից։ Հայրիկն այս անգամ էլ իրավացի էր. կուսակցության շարքերում վերականգնվելու համար նրա պայքարը  ավելի շատ անհրաժեշտ էր ժողովրդին՝ նրա ոգին բարձր պահելու համար՚։
Ցավոք, այդ ապրումներն անհետեւանք չմնացին։ Մի քանի տարվա ընթացքում նա սրտի մի քանի կաթված է ստանում, եւ 1989թ. Ժան Անդրյանը մահանում է՝ փոքր-ինչ հանգստացած այն բանով, որ մայր Հայաստանին վերամիավորման համար պայքարը հուժկու թափ է  առել։
Հնարավոր է՝ ինչ-ինչ ուժեր ուզենային, որ մենք կորցնենք մեր պատմական հիշողությունը, սակայն մենք միշտ վերածնվել ենք շնորհիվ բազում  ազգային ավանդույթների, ըստ  որոնց հայրենիքի քաջարի որդիների հիշատակը  վառ պահելը  համարվել է պատվարժան գործ։ Այսօր մենք  պետք է  հիշատակի տուրք մատուցենք  հայրենասեր այն  զավակներին, որոնք, սկսած 18-20-ական թվականներից եւ հետո, դժվարին  պայմաններում պայքարել են հայ ժողովրդի երկու հատվածների վերամիավորման համար։ Հնարավոր է, դա լինի թանգարանի ստեղծումը, որտեղ կհավաքվեն նյութեր բոլոր այն ականավոր անհատների վերաբերյալ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Միացումի գործին։ 
 
 Էմմա ԲԱԼԱՅԱՆ