[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Համաձայն ԼՂՀ  2013 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերի` փետրվարից մեր հանրապետության շրջաններում սկսել է իրականացվել շարժական ախտորոշիչ կենտրոնի և շարժական թվային ֆլյուրոգրաֆիայի ծառայությունների մատուցման ծրագիրը գյուղական բնակավայրերի բնակիչների համար։ Ծրագիրը մեկնարկել է Ասկերանի շրջանից, և առաջին այցը փետրվարի 16-ին իրականացվել է Խնապատ գյուղում, այնուհետև մարտի 16-ին՝ Նորագյուղում։ 
Նշված վայրերում կազմակերպվել է բաց դռների օր, որի շրջանակներում կատարվել են հետազոտություններ, ընդունելություններ և տրվել համապատասխան խորհրդատվություններ։ Ինչպես մեզ տեղեկացրեց ՙՍտեփանակերտի հակապալարախտային դիսպանսեր՚ ՓԲԸ տնօրեն Կարինե Անդրյանը, 2012 թվականին դիսպանսերը ձեռք է բերել ֆլյուրոգրաֆիկ շարժական մեքենա, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվել շրջել հանրապետության բնակավայրերում և կատարել համապատասխան հետազոտություններ։ Իսկ արդեն 2013 թվականին կառավարության համապատասխան որոշմամբ և ընդունված ծրագրով առողջապահության նախարարության հետ համատեղ տարվա կտրվածքով իրականացվելու են տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով զանգվածային ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններ։ Մարտի 16-ին Նորագյուղում ֆլյուրոգրաֆիկ հետազոտության է ենթարկվել շուրջ 120 հոգի։ Կ. Անդրյանի խոսքերով՝ բնակիչների շրջանում հայտնաբերվել են առողջական վիճակի  որոշակի փոփոխություններ, որոնց մասին տեղեկացվել է շրջանային բուժմիավորման մասնագետներին։ Շարժական ֆլյուրոգրաֆիայի սարքը տեղադրվել է Նորագյուղի դպրոցի բակում, որտեղ իրականացվել են 12 տարեկանից բարձր աշակերտների և ուսուցիչների հետազոտություններ։ 
Ընդհանուր առմամբ՝ Հանրապետական բժշկական կենտրոնի, ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի թերապևտ, նյարդաբան, սրտաբան, վիրաբույժ, ակնաբույժ, մանկաբարձ-գինեկոլոգ մասնագետները կատարել են սոնոգրաֆիկ հետազոտություններ, իսկ շարժական ախտորոշիչ կենտրոնում՝ արյան ընդհանուր քննություններ և արյան բիոքիմիական հետազոտություններ և խորհրդատվություններ։ Շարժական ախտորոշիչ կենտրոնում հետազոտվել է շուրջ 165 հոգի։ Հայտնաբերվել են տարբեր հիվանդություններ. առավելապես թոքաբորբ՝ կապված վերին շնչուղիների սուր վարակի տարածման հետ։ Նշված շրջանում պարզվել է, որ մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունը բարձր մակարդակի վրա է, ինչը  պայմանավորված է երկու մանկաբարձ¬ գինեկոլոգ մասնագետների առկայությամբ։
Ծրագիրը կիրականացվի հանրապետության բոլոր շրջաններում՝ առողջապահության նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն։ Բացի դրանից, հակապալարախտային դիսպանսերը թվային ֆլյուրոգրաֆիկ սարքով այցելություններ է կազմակերպում Ստեփանակերտի ուսումնական հաստատություններ՝ իրականացնում տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման հետազոտություններ։ Իրականացվող ծրագիրն անհրաժեշտ է գյուղական բնակավայրերի բնակիչներին, որոնք ժամանակի, նյութական և այլ խնդիրների պատճառով հնարավորություն չունեն ժամանակին դիմել բուժհաստատություններ։ Իսկ ախտորոշիչ-շարժական կենտրոնները տեղում իրականացնում են առաջին բուժօգնությունը, անհրաժեշտության դեպքում՝ ուղեգրում շրջանային բուժմիավորումներ։ Բժիշկների հաջորդ շրջայցը կընդգրկի  Մարտունու շրջանի գյուղերը։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ