Logo
Print this page

ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՐ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԻ

220302.jpg2013 թվականը խորհրդանշական է Մարտակերտի շրջանի մի շարք բնակավայրերի համար: 20 տարի առաջ այս օրերին են ազատագրվել շրջանի Կուսապատ, Ջանյաթաղ եւ Վարդաձոր գյուղերը: Օրերս Վարդաձորն էր մարդաշատ: Գյուղի բնակիչները եւ հյուրերը հավաքվել էին հուշահամալիրում՝ տոնելու գյուղի ազատագրման 20-ամյակը, հիշելու  ազատության ճանապարհին ունեցած զոհերին:
Ազատամարտից առաջ Վարդաձորը  շրջանի ծաղկուն գյուղերից մեկն էր: Լավատես լինելու բոլոր նախադրյալները կային: ՙ600-ից ավելի բնակչություն ուներ, միջնակարգ դպրոցում մոտ 110 աշակերտ էր սովորում՚,- նախապատերազմյան ցուցանիշներն է հիշում համայնքի ներկայիս  ղեկավար Նելսոն Դանիելյանը:
Եկավ 88-ը: Ինչպես արցախյան բոլոր բնակավայրերում, Վարդաձորում ևս արթնացավ ազգային ոգին: Այստեղ բավական վաղ է զգացվել, որ հայրենիքի համար պայքարը հրապարակում չի ավարտվի: ՙԴեռ 1990-ին էր, որ մեր գյուղից մի խումբ երիտասարդներ, Նորայր Դանիելյանի գլխավորությամբ, հիմնեցին Քաջավան բնակավայրը,- պատմում է համայնքի ղեկավարը:- Նպատակը Մարտակերտի պաշտպանության ամրապնդումն էր: Արդեն այն ժամանակ զգացվում էր, որ դրա կարիքը լինելու է՚:
1992 թվականի ամռանը Վարդաձորը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել: Օգոստոսի 20-ին թշնամին կրկին գյուղ մտավ: Վարդաձորը գերության մեջ  մնաց 208 օր: ՙԸնդհանուր ռազմագործողությունն սկսվել էր ավելի վաղ, մի շարք բնակավայրեր արդեն ազատագրվել էին: Հակառակորդը շատ լավ էր պատկերացնում այս բարձունքների գինը: Գիտեր, որ դրանք կորցնելու դեպքում բացվում է մեր ճանապարհը դեպի Մարտակերտ: Դրա համար էլ հատկապես այս տարածքներում համառ դիմադրություն է ցույց տվել՚,- 20 տարվա հեռվից գնահատում է 1993թ. 3-րդ գումարտակի հրամանատար Իլյիչ Բաղրյանը:
Հակառակորդի համառությունը կոտրելու հարցում մեծ դեր են ունեցել հրետանավորները՝ հատկապես՝ նախապատրաստական փուլում: Վլադիկ Խաչատրյանը՝ շրջվարչակազմի  ներկայիս  ղեկավարը, այդ օրերին Մարտակերտում հրետանավորների աշխատանքն էր համակարգում. ՙՆախօրեին կարողացանք ականանետային դիվիզիոն ուղարկել Կուսապատ, եւ  դիվիզիոնի եւ հրետանու մյուս ստորաբաժանումների օգնությամբ կարողացանք մարտի 16-ին ճնշել ստրատեգիական նշանակություն ունեցող այս բարձունքները՚,¬ վերհիշում է նա։ ՙՈւ վերջապես մարտի 16-ի լույս 17-ի գիշերը եւ արդեն առավոտյան՝ գումարտակի հիմնական ուժերը կարողացան գյուղ մտնել՚,-հավելում  է 1993թ. 3-րդ գումարտակի շտաբի պետ Նիկոլայ Ավագիմյանը:
Վարդաձորցիները եւ շրջակա գյուղերի բնակիչները հիմնականում հենց 3-րդ գումարտակում էին: Մարտակերտցիներն այդ օրերին միայնակ չէին: Վարդաձորի ազատագրմանը նաեւ այլ ստորաբաժանումներ էին մասնակցում. աջ բարձունքում 77-րդ գումարտակն էր, նրանց հետ՝ Մարտունու ստորաբաժանումն էր:
Այդ օրը 3-րդ գումարտակը մեկ զոհ ու 2 վիրավոր է ունեցել: Վարդաձորցիներից զոհեր եւ վիրավորներ չկային: Փոխարենը՝ գյուղն էր անհուսալիորեն վիրավորվել, թալանվել: ՙԳյուղն ամբողջությամբ ավերված էր: Իհարկե, թուրքի ձեռագրին անծանոթ չէինք: Ազատագրված բոլոր գյուղերն էլ ավել կամ պակաս չափով ավերված ու թալանված էին: Սակայն մեր գյուղի նկատմամբ առանձնապես դաժան են գտնվել: Պատճառը հավանաբար այն էր, որ Մարտակերտի պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը՝ Նորայր Դանիելյանը, հենց այս գյուղից է եղել՚,- մանրամասնում է համայնքի ղեկավարը՝ Նելսոն Դանիելյանը:
Այսօր գյուղը կրկին ոտքի է կանգնում: Նախապատերազմյան մակարդակից դեռ հեռու է, բայց լավատեսության հիմքեր ունի: Հենց այդ լավատեսությունն է գյուղի բնակիչներին ու հյուրերին հուշահամալիրում հավաքել, որտեղ, Վարդաձորի ազատագրման 20-ամյակի առթիվ երեկվա ազատամարտիկներին եւ այսօր գյուղը շենացնողներին մեդալներ, նվերներ ու պատվոգրեր են հանձնել Արցախի ազատամարտիկների միությունը եւ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը:
 
 
 Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.