[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՇԱԹԱՂԸ` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ

Քաշաթաղը հանրապետության մշակութային ակտիվ կյանքով ապրող շրջաններից է, ինչի մասին են վկայում անցած տարի կայացած ՙՄշակութային խաչմերուկ՚ մրցույթ-փառատոնին, ասմունքի մրցույթներին և մշակութային տարբեր միջոցառումներին շրջանի համայնքների գործուն մասնակցությունն ու գրաված մրցանակային տեղերը: Տասը տարուց ավելի է, ինչ շրջվարչակազմի մշակույթի, երիտասարդության և սպորտի բաժնի վարիչ Էդուարդ Չուխաջյանն ապրում և աշխատում է Քաշաթաղում: Գրեթե երեք տասնամյակ հայկական հեռուստատեսությունում որպես ռեժիսոր աշխատելուց հետո, եղբոր և շրջանի այն ժամանակվա ղեկավար Ալեքսան Հակոբյանի հրավերով եկել է Քաշաթաղ և հասկացել, որ ինքն ու իր աշխատանքն այստեղ ավելի անհրաժեշտ են, քան Երևանում:
 Որոշել է մնալ և հիմա իր կյանքը չի պատկերացնում առանց Քաշաթաղի, որի վերականգնման ու վերաբնակեցման գործին իր ամենօրյա աշխատանքով նպաստում է նաև ինքը: Մեր զրույցը նրա հետ ծավալվեց իր ղեկավարած բաժնի աշխատանքների, նաև այլ հարցերի շուրջ:
Հուշերը Էդ. Չուխաջյանին մտովի տեղափոխեցին այն օրերը, երբ առաջին անգամ ոտք դրեց Քաշաթաղ` այստեղ ապրելու և աշխատելու մտադրությամբ: Ոչ մի պատկերացում չուներ շրջանի մասին, թեպետ եղբայրն այստեղ էր ապրում: Հայրենիքի ազատագրված այս փոքրիկ հատվածը  նոր-նոր էր փորձում ուշքի գալ պատերազմի թողած վերքերից, ոչ մի բան համարյա չկար, իսկ մշակութային գործի ինչ-որ մակարդակի մասին խոսելն, իհարկե, ավելորդ էր: Երաժշտական դպրոցն արդեն կար: Որոշեց գնալ նորաբաց արվեստի դպրոց և տեսնել` ինչով են զբաղվում: Պարի դասարան մտավ, տեսավ` երեխաները պարում են, և… սիրտը ճմլվեց երեխաների խղճուկ հագուստ-կապուստից, պատռված զուգագուլպաներից: Ու առաջին գործը եղավ այն, որ երկու օր հետո մեկնեց Երևան, դիմեց արտասահմանյան մի ընկերության` խնդրելով օգնել 25 պարահագուստ (13 աղջկա, 12 տղայի) ձեռք բերելու գործում: Ընդառաջեցին: Ուրախությանը չափ չկար: Ու այդպես կամա՛ց-կամաց, ընկեր-բարեկամ-ծանոթների օգնությամբ պակաս-պռատը լրացրեց: Գոհունակությամբ հավելեց, որ այսօր էլ, հարկ եղած դեպքում, սատար են կանգնում իրենց: 
Աստիճանաբար մշակութային կյանքն աշխուժանում էր. ժողգործիքների նորաստեղծ ինքնագործ համույթը մոտ հինգ-վեց տարի պարապելուց և գյուղերում համերգներով շրջելուց հետո պետական կարգավիճակ ստացավ: Անցյալ տարի համույթը 28 համերգ Է  տվել համայնքների համար: Վերոնշյալից բացի` ոլորտը ներառում է նաև շրջանային  թանգարանը և գրադարանը: Տեղացիների նախաձեռնող բնավորության շնորհիվ աշխատանքների պակաս երբեք չի զգացվում: ՙՆույնիսկ եթե մենք չծրագրենք, իրենք են գալիս, առաջարկում, ասում`  սա ենք ուզում անել, այսպես ենք ուզում կազմակերպել, իսկ մենք էլ սիրով ընդառաջում ենք, օգնում` ինչով կարող ենք՚: Էդ. Չուխաջյանը ցավով է նշում, որ շրջանի համայնքներն ակումբներ չունեն, եթե ունենային, անտարակույս, 90 տոկոսով մշակութային շրջան կլինեին, որովհետև շատ շնորհալի երեխաներ և ինքնագործ խմբեր կան, որտեղ մեծերն էլ ակտիվորեն ընդգրկված են։ Օրինակ` տեղացիների կողմից շատ սիրված Վարուժան Գրիգորյանի պարախումբը, որը ելույթներ է ունենում նաև հանրապետության սահմաններից դուրս: Մշակութային միջոցառումները հիմնականում կազմակերպվում են համայնքների դպրոցներում, անգամ երբ բաժնի պետի խնդրանքով դրսից խմբեր կամ անհատ երաժիշտ կատարողներ են հրավիրվում (իհարկե, բարեգործական), նրանք չեն սահմանափակվում միայն Բերձորում ելույթներով, գյուղական համայնքներն էլ անմասն չեն մնում: Ոլորտի դժվարություններն ու խնդիրները շատ-շատ են` չունեն հարմարություններ, դահլիճ. մինչև վերջերս հ.1 դպրոցի դահլիճն էին օգտագործում, այն էլ միայն ամառները, որովհետև ձմռանը չէր ջեռուցվում և անհնար էր այնտեղ պարապել: Վերջապես անցյալ տարի ջեռուցման հարցը լուծվեց, ինչը հնարավոր դարձրեց չընդհատել աշխատանքը: Կապի հարցը ևս մտահոգիչ է, գծային կապ չկա, իսկ բջջայինն էլ տեղ-տեղ է գործում. պատահել է` հինգ օր չեն կարողացել կապվել համայնքներից մեկի հետ, որ տեղեկացնեն, թե գալիս են համերգի: Մանավանդ հեռավոր գյուղերի հետ կապ գրեթե  չկա: Իսկ ոլորտի զուտ մասնագիտական խնդիրները, ըստ բաժնի ղեկավարի, լուծվում են աշխատողների ոգևորության և նվիրվածության շնորհիվ. ՙԵթե մշակույթի աշխատողը ոգևորությամբ չաշխատեց, կարելի է համարել, որ նա աշխատող չի՚: 
Հավելենք, որ անչափ համեստ այս մարդը չուզեց խոսել այն պետական պարգևների մասին, որոնց արժանացել է տարբեր տարիների` բարեխիղճ աշխատանքի համար. ՀՀ կրթության և մշակույթի նախարարությունների ոսկե մեդալներ, ՙԳարեգին Նժդեհ՚  և ԼՂՀ ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալներ: 
Մենք հետաքրքրվեցինք նաև զրուցակցիս հանրահայտ ազգանվան պատմությամբ, և պարզվեց, որ 1868թ. գրված առաջին հայկական օպերայի` ՙԱրշակ Բ՚-ի հեղինակը` Տիգրան Չուխաջյանը, եղել է նրա պապի հորեղբայրը. ՙՉուխաջյանները ծագումով Բիթլիսից են: Պապս ու Վիլյամ Սարոյանի հայրը ընկերներ են եղել, իսկ երբ Սարոյանն այցելել է հայրենիք, հետաքրքրվել է հոր մանկության ընկերոջ ճակատագրով` ասելով, թե իրեն հասած տեղեկությունների համաձայն`  նրանք փախել և ապաստան են գտել Հայաստանում: Կենտկոմի աշխատողներից մեկը թե` Սպանդարյանի շրջանի ժողկրթբաժվարը Չուխաջյան է, կարելի է նրանից իմանալ: Հորս տանում են Սարոյանի մոտ:
- Ասքանազ Չուխաջյան անունով մարդ կը ճանչնա՞ս,- հարցնում է մեծ գրողը:    
- Հայրս է, - ասում է հայրս:
- Եվ վաղո՞ւց է մահացել:
-  Չէ, հայրս ողջէ...
Սարոյանը զարմանքով և ուրախությամբ գրկում-համբուրում է հորս, ու միասին գալիս են պապիս տուն: Ինչ քեֆ-ուրախությամբ է լցվում մեր տունը՚:
Էդուարդ Չուխաջյանն անդրադարձավ նաև իրենց ազգանվան պատմությանը, որը արհեստից է ծագել: Բիթլիսում պապերն ունեցել են փոքր արտադրամաս, որտեղ չուխայի համար կտոր են արտադրել, ու նրանց այդպես էլ կոչել են` չուխաջի (չուհաջի), յան-ը հետո է ավելացել: Չուխաջյանների տոհմը մի քանի ճյուղից է բաղկացած ու թեև սփռված է աշխարհի չորս կողմում (Սիրիա, Ամերիկա և այլուր), բայց իրար հետ կապը պահպանում են: Զրուցակիցս ասաց, որ եկող ամառ մտադիր են ազգահավաք միջոցառում կազմակերպել Գյումրիում, քանի որ մի ճյուղն այնտեղ է ապրում:  Ասենք, որ տոհմում մի առանձին նախանձախնդրությամբ են վերաբերվում ականավոր կոմպոզիտորի հիշատակին և շարունակում են սրբացնել այն` նրա անունով կնքելով իրենց նորածիններին: ՙԵս Տիգրան Չուխաջյանի հայրն եմ և Տիգրան Չուխաջյանի պապը,- անսքող հպարտությամբ փաստեց Էդ. Չուխաջյանը:- Ինձ շատ են հարցնում, թե ինչու և՜ որդուս, և՜ թոռանս անունը Տիգրան եմ դրել, ես էլ ասում եմ. ՙԵս չեմ դրել, ազգն է որոշել` ինչքան տղա ծնվի, Տիգրան կոչենք` մինչև մեկը կոմպոզիտոր դառնա՚: 
Իհարկե, տոհմում երաժիշտների պակաս չկա` թե այստեղ, թե դրսում, բայց հայկական օպերային արվեստի հիմնադիր կոմպոզիտորի փառքը մինչ օրս միայն մեկն է վայելում, նա, ով անժամանակ ու անժառանգ հեռացավ կյանքից, ում` Զմյուռնիայում գտնվող գերեզմանն անգամ թուրքերն ավերեցին` համայն հայության սիրտը դարձնելով նրա հանդեպ չմարող սիրո ու խնկարկումի հանգրվան:
 
Մելանյա   ՄԻԼՈՆՅԱՆ