Logo
Print this page

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ՝ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Բժշկությունը դինամիկ զարգացող գիտություն է, և բժիշկը մշտապես պետք է բարձրացնի իր որակավորումը՝ ընդլայնելով սեփական գիտելիքների շրջանակները։ Հենց այս գիտակցումով էլ ԼՂՀ առողջապահության նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող բժշկական հիմնարկների բժիշկներին առաջարկում է մասնագիտական գիտելիքների կատարելագործում՝ վերապատրաստման տարբեր ծրագրերի միջոցով։
 Ինչպես պարզեցինք ԼՂՀ առողջապահության նախարարությունից, արցախյան բժիշկների շրջանում առավել մեծ  արձագանք է գտել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) վերապատրաստման ծրագիրը։
ՀՕՖ-ը հիմնադրվել է  1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո ու վերջին 20 տարիներին, ի թիվս այլ ծրագրերի, իրականացրել է  մի շարք ուշագրավ նախագծեր Հայաստանում և Արցախում։ Այդ են վկայում գործունեության տարիներին ԼՂՀ¬ի  բուժհիմնարկներին տրամադրված բժշկական պարագաներն ու սարքավորումները։
2005-ից ՙՀայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների միությունը՚  իրականացնում է ՙՄարզային բժիշկների վերապատրաստման՚  ծրագիր, իսկ սկսած 2011 թվականից՝ ԼՂՀ առողջապահության նախարարության և ՀՕՖ-ի հետ համատեղ նույն ծրագրի շրջանակներում սկիզբ է դրվել ԼՂՀ առողջապահության համակարգի և ՙՀայ օգնության ֆոնդի բժշկական շրջանավարտների  միության՚ շարունակական և արդյունավետ համագործակցությանը։  2011թ. մարտ ամսին սկսվեց Ամերիկայի հայ բժիշկների միության Հայ օգնության ֆոնդի շարունակական բժշկական կրթության ծրագիրը Արցախի ու Ջավախքի բժիշկների համար։ Ծրագրի նպատակն է բարձրացնել բնակչության  սպասարկման որակը՝ բժիշկներին ծանոթացնելով  տարբեր հիվանդությունների բուժման, ախտորոշման նորագույն մեթոդներին,  նպաստելով բուժման և հետազոտման ոլորտում ներդրված նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը։
Ինչպես տեղեկացանք ԼՂՀ առողջապահության նախարարության ընդհանուր բաժնի վարիչ Մ. Զաքարյանից, ով և համակարգում է արցախցի բժիշկների վերապատրաստման գործընթացը և մշտական կապի մեջ է ծրագրի կազմակերպիչների  հետ, մինչև 2012 թվականի դեկտեմբեր ամիսը ՀՕՖ-ի վերապատրաստման ծրագրին ԼՂՀ-ից մասնակցել է 56 բժիշկ (34-ը՝  Ստեփանակերտից, 22-ը՝ շրջաններից)։ Մասնակիցների գերակշիռ մասը կազմել են մանկաբույժները և ընդհանուր պրակտիկայի բժիշկները։ 2013 թվականի համար նախարարությունում արդեն առկա է ՀՕՖ-ի վերապատրաստման ծրագրին ընդգրկվելու բժիշկների շուրջ 60 հայտ, որոնց մասնակցությունը  հետագայում որոշվում է մրցութային կարգով։ Մ. Զաքարյանը նաև հավելեց, որ տարվա կտրվածքով ծրագրի մասնակցության հայտերի ընդունման նախապատվությունը տրվում է վերջին 5 տարիների ընթացքում վերապատրաստում չանցած բժիշկներին։ Իսկ ծրագրով նախատեսված բոլոր ծախսերը (բնակարան, սնունդ, տրանսպորտ, դասընթացներ) կատարվում են  կազմակերպիչների կողմից։
ՀՕՖ-ի վերապատրաստման դասընթացներն իրականացվում են Երևանի առաջատար բժշկական հաստատություններում՝ ՙՆորք-Մարաշ՚, ՙԱրաբկիր՚, ՙՔանաքեռ-Զեյթուն՚, ՙՍտրես՚, ՙԷրեբունի՚, ՙՄալաթիա՚, ՙՇենգավիթ՚ բժշկական կենտրոններում, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, ՙԴիագնոստիկա՚ ախտորոշիչ կենտրոնում, ԵՊԲՀ համալսարանական կլինիկաներում, Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ռադիոլոգիայի հանրապետական կենտրոնում, Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, ՙԱռիթմոլոգիական սրտաբանական խումբ՚ կլինիկայում, ՙՆորք՚ ինֆեկցիոն կլինիկայում։
Դասընթացների վերջում բժիշկները հանձնում են համապատասխան գործնական քննություն, ինչպես նաև կլինիկական դեպքի նկարագրության մեկ ռեֆերատ՝ երաշխավորված վերապատրաստման ղեկավարի կողմից։
Ուսումնառության ժամանակ բժիշկները նաև այցելում են Հանրապետական գիտաբժշկական գրադարան, ծանոթանում համաշխարհային էլեկտրոնային բժշկական գրադարանից օգտվելու մեթոդներին։ Տեղեկատվական այս աղբյուրներն օգտագործվում են վերապատրաստման վերջում ներկայացվող ռեֆերատները կազմելիս։ Բժիշկները մասնակցում են նաև բազմաթիվ սեմինարների,
Վերապատրաստման ընթացքում  բժիշկները մասնակցում են համակարգչային դասընթացների։ Ընդ որում, նախապես որոշվում է նրանց բազային մակարդակը, ապա ընտրվում  համապատասխան ուսումնական ծրագիր։ Վերջում՝  թեստավորումից հետո, բժիշկները ստանում են համապատասխան վկայականներ՝ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից։
Միանշանակ  կարելի է ասել, որ նոր մակարդակի վրա է դրված արցախյան բժիշկների շարունակական կրթության կազմակերպումը, ինչն անհամեմատ բարձրացնում է բժիշկների ներուժը և բնակչության սպասարկման որակը։  
 
 
Անահիտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.