[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱԽ ԵՎ ԱՌԱՋ՝ ՉԿՈՐՑՆԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ

original.jpgԿանանց միամսյակին նվիրված բազմաթիվ  մեծարումներ են հնչում լրատվամիջոցներում: Բայց հոգեբանական տեսանկյունից դիտարկելով՝ պարզում ենք, որ դրանց մեծ մասը պատրանքներ են:  Մեր հասարակության մեջ, եթե չփորձենք ինքնախաբեությամբ զբաղվել, քիչ ենք պատահում ուրախ ու երջանիկ աչքերով կանանց: Իհարկե, անարդար կլիներ, եթե մեղքը  բարդեինք հակառակ սեռի վրա:  
Մեր իրականության մեջ հաճախ ենք նկատում, որ երբ կինը ամուսնանում է, կորցնում է հետաքրքրությունն իր արտաքինի, մտավոր ու ֆիզիկական զարգացածության վրա: Նրանցից ոմանք ամուսնությունն ինքնանպատակ են համարում, ինչին հասնելուց հետո մոռանում են ինքնակատարելագործման մասին:
 Հագուկապը դառնում է անշուք, չեն հետևում դիետաների, չեն զբաղվում ֆիտնեսով՝  թեկուզ տնային պայմաններում, գիրք չեն ընթերցում և այլն: Հակառակը, ամբողջ օրը  խրված են  լինում  կենցաղային խնդիրների մեջ ու ցածրարժեք սերիալներ են  դիտում, ինչը ոչ միայն չի զարգացնում, այլ` հակառակը, էլ ավելի է բթացնում նրա միտքը ու կնոջ կերպարը դարձնում խղճուկ:  Իսկ ահա ամուսինը  և՜ ընկերական շրջապատում, և՜ աշխատավայրում համապատասխան պահանջների հրամայականով ստիպված է լինում անընդհատ զարգանալ։ Մինչդեռ ընտանիքում նրան սպասում է աշխարհից անտեղյակ, սերիալային տհասություններով վարակված, վանող  արտաքինով կինը: Զարմանալի չէ, որ նման  պարագայում տղամարդիկ ոչ միայն պատեհ և անպատեհ վիրավորում են իրենց կանանց, այլև հետաքրքրություն են փնտրում դրսում: 
Կինը, որն անկեղծորեն ձգտում է բավարարել ամուսնու բոլոր տրամաբանական և ոչ տրամաբանական պահանջները, դիմանալով նրա ստորացումներին, կոշտ ու կոպիտ վերաբերմունքին, վերածվում է  ստրկուհու` զուրկ սեփական արժանապատվության զգացումից, պահանջմունքներից, ցանկություններից: Այս ինքնազոհողությունն արվում է  հանուն ընտանիքի թվացյալ խաղաղության:  Թվացյալ, որովհետև նման հարաբերություններում դժվար թե տղամարդն ի վիճակի լինի հարգել  կնոջը, իսկ առանց հարգանքի չեն կարող լինել իրական խաղաղություն ու անդորր: Սովորաբար երբ մարդ զգում է, որ կարող է անպատիժ կերպով իշխել  որևէ մեկի վրա, կառավարել, նրա մոտ աստիճանաբար ձևավորվում են բնավորության  սադիստական որակներ: Ենթարկվողը պարտավորվում է կատարել հրամայողի բոլոր կարգադրությունները` ընդհարումներից զերծ մնալու համար: Իսկ ահա  դաժան  որակներ ձեռք բերած մարդու մոտ մշտապես նոր կարգի պահանջներ ու էլ ավելի դժվարհասանելի պահանջմունքներ են ծնվում: 
Եթե եվրոպական երկրներում այս դեպքերում կանայք համապատասխան մարմիններին են դիմում իրենց հարստահարող ամուսիններին կարգի հրավիրելու համար, ապա մեր մշակույթում նման բաներն անընդունելի են: Ուստի կնոջ վիճակն օր օրի վատթարանում է: Ամուսինը կնոջը պարտավորեցնում է մշտապես սպասարկել իրեն ու հյուրասիրել օրվա ցանկացած ժամի այցելության եկած ընկերներին: Նման ընտանիքներում սովորաբար կինը զրկված է աշխատելու հնարավորությունից, իսկ եթե աշխատում է, ապա կոլեկտիվի հետ չի կարող որևէ միջոցառման մասնակցել: Կինը չի կարող ունենալ սեփական հետաքրքրություններ: Զրկված է հեռուստացույց նայելու հաճույքից, հատկապես երբ ամուսինը տանն է: Իրավունք չունի մասնակցել երեխաների  դաստիարակության գործին: Միայն ամուսնու թույլտվությամբ կարող է կարճ ժամանակով այցելել իր ծնողներին, որից հետո էլ հաճախակի սկանդալներ են ծագում: Կնոջ ծննդյան օրն ու տոն օրերը տվյալ ընտանիքներում աննշան են անցնում, քանզի կինն ամուսնու հարգանքին չի  արժանանում: Ցավոք, երբեմն այսօրինակ դաժանություններն ու կամայականությունները չեն բավականացնում որոշ դաժան ամուսինների, որոնցից ոմանք էլ անցնում են էթիկայի և բարոյականության բոլոր սահմանները:  
Նման իրավիճակներից խուսափելու համար կանայք պետք է ի սկզաբանե սեփական արժանապատվության զգացումը չկորցնեն` կեղծ խաղաղություն հաստատելու նպատակով:
Նախ և առաջ պետք չէ ամեն ինչում ամուսնուն արդարացնել: Բոլորն էլ կարող են սխալներ թույլ տալ: Կինն իրավունք ունի ամուսնուն  դիտողություններ անել, հասկացնել, որ նա սխալվել է, աննրբանկատորեն նեղացրել է իրեն և այլն: Պետք է ժամանակ առ ժամանակ հասկացնել տալ, որ դուք ևս ինքնասիրություն ունեք, ու նա պարտավոր է հարգել ձեզ: Չի կարելի թույլ տալ, որ ձեզ վիրավորեն, կոխկրտեն  ձեր մարդկային արժանապատվությունը: Պետք է հասկացնել, որ նման պահվածքը ոչ միայն ձեզ է վիրավորում, այլ նաև իրեն՝ տղամարդուն: Չէ՞ որ իսկական տղամարդը նա չէ, ով ֆիզիկական ուժով գերազանցելով, ստրկացնում է կնոջը, այլ նա, ով, երբեք ինքն իրեն թույլ չի տա վերևից նայել, վիրավորել կնոջը: 
  Այս տիպի կանանց մոտ հաճախ է նկատվում մեղավորության զգացումը: Նրանք ամեն ինչում մեղադրում են իրենց, իսկ ամուսիններին արդարացնում: Իհարկե, յուրաքանչյուրը պարտավոր է գիտակցել մեղքի իր բաժինը և ուղղվել, բայց ամեն ինչում ինքնախարազանվել առնվազն անմտություն է:   Ընտանիքի ամրության ու խաղաղության համար կինը պետք է ոչ թե իր վրա վերցնի աշխարհի մեղքերն ու ընտանիքի ողջ հոգսը ու թույլ տա ամուսնուն մշտապես իրեն վիրավորել, այլ պարտավոր է անընդհատ զարգանալ ու աճել, պաշտպանել իր ինքնասիրությունը: Չէ՞ որ, հարգանքի ու սիրո արժանանում է նա, ով ինքն իրեն սիրում ու հարգում է, ուստի և՝ պահպանում է իր արժանապատվությունը։    
 
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան