[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԻՆ

DSC06228.jpgՄարտի 26-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վազգեն Միքայելյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը մասնակցում էին բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման նպատակն էր քննարկել և համատեղ կյանքի կոչել  բնապահպանական ծրագրեր։ Խորհրդակցությանը ներկա էին  ՙԶեփյուռ՚ բնապահպանական, ՙՀայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի եկեղեցասիրաց  եղբայրակցություն՚ կրոնական, ՙԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚, ՙԱռաջ, Արցախ՚ հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ 
Քննարկվեցին ԼՂՀ բնության հուշարձանների պահպանման գոտիների էկոլոգիական իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների, Հունիսի 5-ի՝ Բնապահպանի օրվա կապակցությամբ ԼՂՀ տարբեր շրջաններում ծառատնկման, ինչպես նաև բնապահպանական տեղեկատվության ու գաղափարախոսության տարածման համատեղ աշխատանքների իրականացման ծրագրերը։ Իսկ նման ձևաչափով հանդիպում առաջարկել է ՙԶեփյուռ՚ ԲՀԿ նախագահ Արամ Մայիլյանը։
  Վ. Միքայելյանը ներկաներին ծանոթացրեց 2013թ. վարչության իրականացվելիք ծրագրերը։ Անդրադարձ եղավ ընդերքօգտագործող կազմակերպությունների աշխատաոճին, որպեսզի տվյալ տարածքները շահագործվեն ըստ պահանջվող նորմերի։ Այդ առումով վարչությունը գրություններ է ուղարկել համապատասխան կազմակերպություններին, նպատակ ով, որպեսզի վերջիններս պատշաճ մակարդակով օգտագործեն հանքավայրերը։ Ընդհանուր առմամբ, 2013թ. ԼՂՀ պետական բյուջեով շուրջ 21,8 մլն դրամ է նախատեսված վարչության բնապահպանական ծրագրերի իրականացման համար։ Դրանցից 8 մլն¬ը նախատեսվել է անտառատնկման ծրագրերին, 3 մլն¬ը՝ անտառաշինական նախագծերին։ Վարչության պետի պարզաբանմամբ՝ 3 մլն¬ը չնչին գումար է այդ ծրագրի համար, սակայն տարեցտարի այն կավելանա, կիրականացվեն  անտառաշինական համալիր ծրագրեր։ Բացի դրանից, անտառային հատվածները պետք է ուսումնասիրվեն, ունենան բնութագրություններ գործափայտի,  վառելափայտի, հատման ենթակա ծառերի և այլնի մասին։ Նշված գումարը  նախագծերի մշակման համար է։ Իսկ անտառային ֆոնդի բնափայտի բնական աճի աջակցման ծրագրով պետբյուջեից հատկացվել է 4,8 մլն դրամ։ Դա կնպաստի բնական աճի ապահովմանը։ Կենդանական աշխարհի պահպանության և վերարտադրության միջոցառումների ծրագրերին հատկացվել է 4 մլն դրամ, 2 մլն դրամ էլ նախատեսվել է ԼՂՀ բնության հուշարձանների՝ երկրաբանական և երկրաձևաբանական, ջրաերկրաբանական, կենսաբանական, բնապատմական հուշարձանների անձնագրերի կազմման համար։ Դրանք ընդգրկված են հատուկ ցանկում։ Վարչության պետի խոսքերով՝ պետք է համատեղ աշխատել նաև այս հարցի շուրջ, քանզի  նշված հուշարձանների անձնագրերն  ունեն իրավական ուժ։ Այս ցանկը կներկայացվի նաև կառավարությանը։ Բյուջեով նախատեսված գումարների, վարչության աշխատաոճի հիմնական ուղղությունների ու նպատակների մասին խոսելուց հետո  Վ. Միքայելյանն անդրադարձավ  կառավարությանը ներկայացվելիք՝ հունիսի 5-ը Բնապահպանի օր անվանակոչելու որոշման նախագծին։ Ընդհանրապես, այդ օրը աշխարհում նշում են որպես Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օր։ 
Այդ ծրագրերին զուգահեռ, պետք է ստեղծվի տեղեկատվական դաշտ, որի շրջանակներում կարծարծվեն բնապահպանական հարցեր։ Իսկ ոլորտում ավելի մեծ թափ պիտի ստանան բնապահպանությանն ուղղված ծրագրերը,  որոնք  էլ հենց պետք է իրականացնել հասարակական կազմակերպությունների հետ։ Հանդիպման մասնակիցները ողջունեցին համատեղ աշխատելու վարչության պետի պատրաստակամությունը, որովհետև վարչության աշխատանքները հասարակությունից դուրս լիարժեք չեն լինի։ Նշյալ կառույցների ներկայացուցիչներին հետաքրքրում էր նաև Կարկառ գետի վիճակը, և ինչպես Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնի նախագահ Սուսաննա Պետրոսյանն ասաց, զբոսաշրջիկներին չես կարող ցույց տալ մայրաքաղաքին  կից հոսող այդ գետը, հրավիրել նրա մերձակայքում զբոսնելու և այլն. էլ չենք խոսում գետը թափվող կոյուղաջրերի մասին։ Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ խնդիրը լուծելու համար։ Վ. Միքայելյանը հավաստիացրեց, որ դեռևս 2009-2010թթ. դիմել էին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, և Ստեփանակերտ քաղաքի համար նախագիծ են մշակել, որի գումարը շուրջ 4 մլրդ դրամ է կազմում։ Նախագծի համաձայն՝ Ստեփանակերտի 7 ձորակներում պետք է կառուցվեն կոյուղու կոլեկտորներ՝ մեծ խողովակներ, որպեսզի կեղտաջրերը դուրս հանվեն քաղաքից ու չթափվեն Կարկառ գետը։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով  նախագիծը ի կատար չի ածվել։ Համենայն դեպս, վարչության պետը խոստացավ կրկին հարց բարձրացնել՝ լուծելու այդ խիստ անհրաժեշտ հիմնախնդիրը։ Ծրագիրն իրականացնելով՝ հնարավորություն կընձեռվի ներգրավել զբոսաշրջիկներին, իսկ  մատաղ սերունդը հենց քաղաքի մոտակա գետում կանցկացնի իր ժամանցը, կկազմակերպվեն ճամբարներ և կլուծվեն բնապահպանական այլևայլ խնդիրներ։ 
Եկեղեցասիրաց Եղբայրակցության ներկայացուցիչներ Արմեն Մաղաքելյանն ու Արմեն Աղաջանյանը իրենց հերթին  պատրաստակամություն  հայտնեցին ակտիվորեն  մասնակցել ոլորտի բազմաբնույթ ծրագրերին։ Մարդկանց մտածելակերպը պետք է փոխվի, պետք է գնահատել հայրենի բնությունը և բնական պաշարները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է տեղեկատվական աշխատանք տանել նաև դպրոցներում, որպեսզի երեխաները  մանկուց սովորեն պահպանել բնությունը, կազմակերպել արշավներ,  նրանց մեջ սեր ներարկել շրջակա միջավայրի նկատմամբ։ Ներկաները կարևորեցին նաև այդ հարցում ԶԼՄ¬ների դերը։ Իսկ հունիսի 5-ին՝ Բնապահպանի օրը կկազմակերպվի համատեղ ծրագիր, հնարավոր է, երթաշարշավ դեպի Քիրս։ Ապրիլին սկզբին էլ ՀԿ¬ների հետ համատեղ կիրականացվի ծառատունկ։ Հանդիպման ժամանակ խոսեցին նաևԴրմբոնի ոսկու հանքի շահագործման աշխատանքների, Սարսանգ լճի, պատմամշակութային կարևորագույն վայրերի պահպանության հարցերի մասին։ ՀԿ¬ների կողմից մաքրման աշխատանքների ակցիաներին պետք է աջակցեն պետական  մակարդակով։ Այսինքն՝ տվյալ համայնքների ղեկավարները պետք է պատասխանատվություն ստանձնեն տարածքը պահպանելու, չկեղտոտելու առումով, այլապես պետք է տուգանել։ Խորհրդակցության ժամանակ առաջարկվեց վարչության կից ստեղծել հասարակական խորհուրդ, որում կընդգրկվեն վարչության և ՀԿ¬ների ներկայացուցիչներ, մասնագետներ։ Վ. Միքայելյանը պատրաստակամություն հայտնեց բնապահպանական բոլոր հարցերում աջակցել և համատեղ աշխատել  ոլորտում արդյունքներ ունենալու համար։  
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ