[ARM]     [RUS]     [ENG]

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՍ ԼՈՒԾԵԼ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Անցած շաբաթ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած՝ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի առաջին նիստում նախանշվեցին տարվա ընթացքում իրականացվելիք աշխատանքները։ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի որոշմամբ ստեղծված այդ հանձնաժողովը պետք է աջակցի հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ստեղծմանը, վերլուծի ծագած խնդիրները և առաջարկի լուծման տարբերակներ՝ սահմանափակ կարողություններով անձանց համար հասարակական կյանքում առավելագույնս ներգրավվածություն ապահովելու, սոցիալապես սատարելու, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության համար՝ դիմելու պատասխանատու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին։ 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարինե Նարիմանյանը նիստում ծանոթացրել է հանձնաժողովի գործունեության ոլորտին, որի անհատական կազմը հաստատել էր ԼՂՀ վարչապետը։ Բացի շահագրգիռ կառույցներից, նրա կազմում ընդգրկվել են նաև սահմանափակ կարողություններով անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։  
Քննարկվող հարցերի շրջանակներում առանձին ուսումնասիրության ենթարկվեցին  հաշմանդամների վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) կիրառման անհրաժեշտությունը և մեխանիզմները։ Բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի (ԲՍՓ) տնօրեն Հակոբ Հակոբյանը մանրակրկիտ պարզաբանեց վերը նշված ծրագրի էությունը։ Այսինքն, բացի մարդուն հաշմանդամ ճանաչելուց, պետք է նաև վերականգնողական ուղղություն տրվի, որպեսզի քաղաքացին կարողանա հասարակությունում լիարժեք կյանք վարել։ Խնդրի առնչությամբ տեղի ունեցան քննարկումներ։ Շատ երկրներում, ինչպես նաև ԼՂՀ-ում գոյություն ունի հաշմանդամների վերականգնման բազային ծրագիր։ Հ. Հակոբյանի տեղեկություններով՝ նշված ծրագիրը ԼՂՀ-ում հաստատվել է 2006 թվականին։ Դրա շրջանակներում իրականացվող վերականգնողական անհատական ծրագրերով պետք է հաշմանդամին հնարավորություն ընձեռել շարունակելու  վարել նորմալ կենսագործունեություն։ Այսինքն, բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական աշխատանքների շնորհիվ պետք է ապահովվի սահմանափակ կարողություններով անհատի սոցիալական միջավայրը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերականգնողական անհատական ծրագիրը հանդիսանում է հաշմանդամների իրավունքների պահպանման և ամենաարդյունավետ վերականգնողական գործընթացներ իրականացնող միակ մեխանիզմը։ ԲՍՓ-ի տնօրենի խոսքերով՝ սահմանափակ կարողություններով անձանց վերականգնողական գործընթացները, բնականաբար, տարբեր են։ Պարզ է, որ թիկնասայլակին գամված հաշմանդամն ու տեսողության խնդիրներ ունեցողները կունենան տարբեր սոցիալական ու վերականգնողական կարիքներ։ Այդ պատճառով էլ հենց վերականգնողական ծրագիրը կոչվում է անհատական։ Այսինքն, հաշվի են առնվում նրանց հոգեբանական, անձնական հատկանիշները, միջավայրը և այլն, որոնց հիման վրա էլ ստեղծվում է այդ ծրագիրը։ ՎԱԾ-ի իրականացման գործընթացում վերանայվում են առկա մեխանիզմները, պահանջմունքները։ Այդ առումով, ըստ Հ. Հակոբյանի, անհրաժեշտություն է առաջացել որոշակի փոփոխություններ կատարել ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվող առողջարանային ուղեգրերի ձեռքբերման կարգում։ Այսուհետ վերականգնողական անհատական ծրագրում պետք է նշվի տվյալ հաշմանդամի հիվանդության ցուցվածությունը այս կամ այն առողջարանում բուժվելու համար։ Այդ կապակցությամբ հաշմանդամը պետք է դիմի սոցիալական տարածքային մարմին, որն էլ կտրամադրի ՎԱԾ-ը՝ համապատասխան գրառումներով։ Նույն ձևով՝ դիմումի համաձայն, սահմանափակ կարողություններով անձինք պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցներ ձեռք բերելու համար դիմում են տարածքային մարմին՝ ստանալու ՎԱԾ-ը։ Այս ծառայություններն իրականացնող կազմակերպություններն իրենց կատարողական աշխատանքների մասին արված գրառումները  հաշվետվությամբ պետք է ներկայացնեն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Ստեղծվող շտեմարանների միջոցով էլ իրականացվելու են վերլուծություններ, ինչի արդյունքում կնախանշվի հաջորդ տարվա իրականացվելիք ծրագրի պլանը։ Հարցի առնչությամբ սահմանափակ կարողություններով անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց կարծիքները  հայտնեցին, պարզեցին որոշ մանրամասներ։ Հատկապես խոսվեց հաշմանդամության խումբ սահմանելու և որոշակի արտոնություններից օգտվելու մասնագիտական տարբերակումների մասին։ Քաղաքացուն հաշմանդամ ճանաչում են կենսագործունեության սահմանափակումների աստիճաններով։ Այսինքն՝ մասնագիտական առումով կան որոշակի տարբերակումներ. եթե դաշնակահարի մատը կտրվի, նրան կճանաչեն հաշմանդամ, որովհետև նա այլևս չի կարող իր մասնագիտությամբ աշխատել, սակայն այդ նույն պարագայում բանվորին հաշմանդամ չեն ճանաչում։ Հարցի առնչությամբ եղան տարբեր կարծիքներ։ ՙՎիտա՚ ՀԿ նախագահ Արևիկ Պետրոսյանը բարձրացրեց հաշմանդամների համար միջավայրի մատչելիության հարցը, հատկապես դպրոցներում սահմանափակ կարողություններով երեխաների համար թեքահարթակների և այլ միջոցառումների կիրառումը։ Չէ՞ որ արդեն երրորդ տարին է, ինչ  ԼՂՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ կիրառվում է ներառական կրթությունը, և հաշմանդամություն ունեցող աշակերտներին  ուսուցանում են հանրակրթական դպրոցներում։ Այդ երեխաների թիվը հասնում է շուրջ 300-ի։ ԼՂՀ ԿԳՆ փոխնախարար Արմեն Սարգսյանի տեղեկատվությամբ՝ այդ առումով նախարարությունում ստեղծվել է բժշկամանկավարժահոգեբանական կենտրոն։ Անդրադարձ եղավ նաև սահմանափակ կարողություններով երեխաների ուսուցման նոր ծրագրերին՝ կետադրական այբուբենին, աշխարհում լայնորեն կիրառվող կետադրական համակարգով համակարգիչներին, հեռախոսներին։ Ու հենց հանձնաժողովի հաջորդ հարցը, որ կքննարկվի հունիսին, ներառական կրթության զարգացման վերաբերյալ կլինի։ Նշենք, որ հանձնաժողովի նիստերը գումարվելու են 3 ամիսը մեկ, իսկ  տարվա ընթացքում մեկ նիստ լինելու է ԼՂՀ վարչապետի մոտ։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ