[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅՈՒՆ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԸ ՄԻԱՀԱՄՈՒՌ ՋԱՆՔԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է

altԱմռանը մեծանում է վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման վտանգը: Իրավիճակի, կանխարգելիչ միջոցառումների և այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԼՂՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի  տնօրեն Օֆելյա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, նույն հաստատության համաճարակաբանության բաժնի վարիչ Գալինա ԱՂԱԲԱԼՅԱՆԻ և սննդի գծով գլխավոր բժիշկ Հասմիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:
Ըստ Գալինա Աղաբալյանի` ամառային շրջանում հաճախակի են արձանագրվում սուր-աղիքային հիվանդություններ, ինչը, բնականաբար, տեղիք է տալիս մտահոգության։ Հուրախություն բոլորիս, այս տարի չկան դիզենտերիայի, որովայնային տիֆի, վիրուսային հեպատիտ Ա-ի դեպքեր, եզակի են սալմանելոզի դրսևորումները: Նման արդյունքների առկայությունը, նրա կարծիքով, պայմանավորված է  մարդկանց կենցաղային պայմանների  բարելավմամբ, որի կարևոր մաս է կազմում բնակչության շուրջօրյա ջրամատակարարման ոչ դյուրին  խնդրի լուծումը, ինչի շնորհիվ անձնական հիգիենայի պահպանման մատչելիությունը տվեց նման տեսանելի որակներ: Համաճարակաբանության բաժնի վարիչի տեղեկատվությամբ` նման իրավիճակ պահպանվում է արդեն 2-3 տարի` չհաշված անցյալ տարվա բռնկումները մի քանի մանկապարտեզներում` կապված ՙԱրցախ կաթ՚ ՓԲԸ-ի հայտնի դեպքի հետ, որին հետամուտ եղան, և միահամուռ ջանքերով հետևանքներն արագ վերացվեցին:
Հասմիկ Հայրապետյանի տեղեկատվությամբ, անկախ տարվա եղանակից, մշտական հսկողության տակ է գտնվում կաթի, կաթնամթերքի և առաջին անհրաժեշտության սննդամթերքի արտադրությունը: Պայմանագիր է կնքված հանրապետությունում գործող երկու խոշոր գործարանների` ՙԱրցախ կաթ՚¬ի և ՙԱռաջնեկ՚¬ի հետ, ըստ որի, ամիսը երկու անգամ նշված գործարանների կաթը ենթարկվում է  մանրէաբանական հետազոտությունների, ինչը բնակչությանը զերծ է պահում տարաբնույթ  վարակներից: Մոտ երեք ամիս է, ինչ համագործակցում են Պաշտպանության  բանակի հետ. պայմանագիր է կնքվել բանակին միս մատակարարող ՙԷլիտ գրուպ՚ ընկերության հետ, համաձայն որի, միսը մինչև բանակային ստորաբաժանումներին հասցնելը պարտադիր հետազոտվում է մանրէաբանական, թունաբանական և քիմիական լաբորատորիաներում: Ըստ սննդի գծով գլխավոր բժշկի, սննդի օբյեկտների վիճակը մշտապես գտնվում է հսկողության տակ, տարեցտարի  բարելավվում են սանիտարահիգիենիկ պայմանները: Եթե սանիտարական չափանիշների խախտում է գրանցվում, այն ակտավորվում է և ներկայացվում  Առողջապահության նախարարությանը կից գործող  հակահամաճարակային տեսչությանը, որն իրավասու է օրինազանցներին ենթարկել վարչական տույժի: 
Իրավիճակը և հաստատության գործունեությունն ամբողջովին ընդհանրացրեց ՊՈԱԿ¬ի տնօրեն Օֆելյա Գրիգորյանը: Նրա խոսքերով, համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի համապատասխան ծառայությունների հատուկ ուշադրության տակ են գտնվում սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ խնդիրները,  ջրի մաքրության հարցերը: Պարտադիր ստուգումներ են կատարվում հասարակական սննդի օբյեկտներում` ռեստորաններում, սրճարաններում,  այլուր: Կարևոր օբյեկտներից են նաև խանութները, մեծածախ առևտրի բազաները, որտեղ նույնպես պարբերաբար կատարվում են ստուգումներ. ուշադրություն է դարձվում  ապրանքների պահպանման պայմանների, հատկապես  ջերմային ռեժիմի վրա։ 
Ամռանը հատուկ ուշադրություն է դարձվում նաև  հանգստյան վայրերում մատուցվող սննդի, խմելու և լողավազանի ջրի մաքրության վրա: Հատուկ վտանգավոր ինֆեկցիաների լաբորատորիան ամեն երկուշաբթի ստուգումներ է կատարում բաց բնական ջրամբարներից: Զննման է ենթարկվում ֆիլտր-կայանի ջուրը: Ջրի բոլոր հետազոտությունները կատարվում են մանրէաբանական և քիմիական լաբորատորիաներում: Չնայած ոչ մի արտառոց դեպք չի հայտնաբերվել հանրապետությունում, այնուամենայնիվ, ըստ կանոնակարգի, ամեն շաբաթ ջուրը հատուկ  հետազոտվում է խոլերա վարակի ուղղությամբ: Ըստ տնօրենի՝ նման կանխարգելիչ միջոցառումները թույլ են տալիս  խուսափել զանգվածային թունավորումներից։ Այս ժամանակաշրջանում գրանցվել է թունավորման միայն մեկ-երկու դեպք, այն էլ` կենցաղային բնույթի: Մի քանի տարի  առաջ ձեռք է  բերվել նիտրատաչափ սարք, որի փոքր չափերը թույլ են տալիս  գրեթե ամենուրեք հետազոտել մթերքները, պտուղ¬բանջարեղենը: Արձանագրվել է, որ եթե երկու տարի առաջ նիտրատների քանակը փոքր¬ինչ բարձր էր Հայաստանից ներկրած որոշ ապրանքատեսակներում և բավականին բարձր՝ Իրանից և Թուրքիայից ներկրած գյուղմթերքներում, ապա այս տարի այն սահմանված չափանիշը գերազանցում է միայն ներկրած սոխի մեջ: Ըստ տնօրենի, այդ  փաստը պայմանավորված է թե՜ գյուղացիների կողմից թունաքիմիկատների ավելի չափավոր օգտագործմամբ և թե՜ պետական մարմինների կողմից ավելի խիստ պատժամիջոցների կիրառմամբ  (եղել են դեպքեր, երբ ձմերուկի ամբողջ քանակն արգելվել է վաճառել):
Տնօրենի հավաստմամբ, կենտրոնն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է ձեռք բերել ժամանակակից  սարքավորումներ: Վերջին տարիներին քիմլաբորատորիայի համար ձեռք բերված PH-մետր սարքի միջոցով ներդրվել են նոր մեթոդիկաներ, որոնք թույլ են տալիս կատարել նոր հետազոտություններ թունաբանական, կոմունալ ու հիգիենայի և սննդի լաբորատորիաներում: Դրա շնորհիվ նյութը զննվում է ավելի շատ ենթաչափանիշներով, ինչը թույլ է տալիս հայտնաբերել այն նորմատիվ խախտումները, որոնք տեխնիկապես ոչ լիարժեք զինվածության պատճառով հնարավոր չէր ի հայտ բերել: Երկու տարի է, ինչ կիրառվում է իմունաֆերմենտային տարրալուծիչ սարքը, ինչը թույլ է տալիս կատարել վարակիչ մոնոնուկլեոզի, լյամբլիոզի պարազիտաբանության, հեպատիտի բոլոր տեսակների լաբորատոր ախտորոշումները: 
Անդրադարձ  եղավ նաև շրջանների վիճակին: Ըստ Օֆելյա Գրիգորյանի, համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնն ունի վիրտուալ կապ ԼՂՀ բոլոր շրջանների հետ, ինչը մատչելի է դարձրել կապը: 
Օֆելյա Գրիգորյանը կարևորեց  Երևան¬Ստեփանակերտ համագործակցության շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակության այցը Ստեփանակերտ, որի ժամանակ հնարավոր եղավ Երևանի հակահամաճարակային ծառայության տնօրենի հետ միասին աշխատել հեռանկարային ծրագրերի շուրջ։ Արդյունքում նշմարվեցին կենտրոնի զարգացման հիմնական ուղիները, որոնք մեծապես վերաբերում են լաբորատոր ծառայության հզորացմանը: Ըստ տնօրենի, իրենք Երևանի հետ  մշտապես գտնվում են կապի մեջ. երևանյան գործընկերներն աջակցում են ծրագրի մշակմանը: Ծրագիրը  պատրաստվելուն պես կներկայացվի Առողջապահության նախարարությանը, որը   ձեռնամուխ կլինի անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման գործին:
Կապը Երևանի հետ իր արտահայտությունն է գտնում նաև այնտեղ կազմակերպվող սեմինարներին մասնակցությամբ: Այսպես, 2012թ. Հադրութի հակաժանտախտային կայանի ներկայացուցիչը մասնակցել է Երևանում անցկացվող սեմինարներին` ուղղված միջազգային հակահամաճարակային կենտրոնների  փորձի, նոր ուղղությունների, մոտեցումների կիրառմանը, ինչը  փորձ է արվում  իրականացնել  նաև մեր պայմաններում: Մոտ ժամանակներս Երևանում կանցկացվեն սեմինարներ՝ նվիրված համաճարակաբանության տարբեր թեմաների, որոնց կմասնակցեն նաև կենտրոնի մասնագետները: 
Վերջին  տարիներին հնարավոր եղավ արդիականացնել լաբորատորիաները, ինչը  բավականաչափ բարձրացրեց  բնակչության անվտանգության նիշը: 
Օֆելյա Գրիգորյանը կարևորեց Ստեփանակերտի քաղաքապետարանի ջանքերը` ուղղված մայրաքաղաքի  բնակչության  սանմաքրման և հիգիենայի պայմանների բարելավմանը, ինչը նպաստում է համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի գործունեության լավագույնս իրականացմանը: Վերջին տարիներին գրանցված հակահամաճարակային կայուն վիճակը, ըստ տնօրենի, պայմանավորված է համայնքի կոմունալ ծառայությունների սերտ համագործակցությամբ, որի շնորհիվ արագ լուծում են ստանում կենտրոնի կողմից ներկայացված խնդիրները:
 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ