[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԻԶԱՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Սոցիալիզացիայի (հանրայնացման) գործընթացն ընկած է անձի ձևավորման հիմքում, որի  ընթացքում անհատը յուրացնում է տվյալ հասարակության սոցիալական դերերը և այն գիտելիքների, նորմերի և արժեքների համակարգը, որը թույլ է տալիս նրան իրականացնել իր կենսագործունեությունը տվյալ հասարակությանը համապատասխան։ 
Մարդը սոցիալիզացվելով՝ կարողանում է տվյալ հասարակության մեջ գործել որպես  լիիրավ անդամ և հետևել ընդհանուր ուղղվածությանը։ Այսինքն՝ սոցիալիզացիան վերջին հաշվով մշակույթի յուրացումն է, որը կարող է ունենալ հարկադրական կամ ազատական բնույթ. մի դեպքում ստիպված հնազանդվում է դրան՝ հետևելով վարքի ընդունված  նորմերին և սովորույթներին, մյուս կողմից` խոսքը մշակույթի ներքին յուրացման մասին է. մշակույթի նորմերն ու արժեքները դառնում են սեփական, իսկ անհատի կողմից դրանց հետևելն ընկալվում է որպես ՙազատ ընտրություն՚։ Անձի ձևավորումն ուղեկցվում է ոչ միայն դաստիարակությամբ, այլև սեփական միջավայրի մշակույթի յուրացմամբ։ Ի տարբերություն բնազդների՝ մշակույթը ժառանգաբար չի տրվում։ Անհատը  մշակույթը յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում՝ իր սոցիալական միջավայրում,  այսինքն՝ ճանաչում է ընդունված նորմեր, արժեքներ, հաղորդակցման միջոցներ։
Սոցիալիզացվելով՝ չափահասների մեծ մասն  ազատ կամ անազատ ձևով հետևում է ընդհանուր ուղղվածությանը։ Սակայն սրանով սոցիալիզացիայի գործընթացը չի ավարտվում, այն շարունակվում է ողջ կյանքի ընթացքում. ի հայտ են գալիս նորանոր ապրանքներ, և դրանց կիրառման ու ընտելացման անհրաժեշտություն է առաջանում։ Այդուհանդերձ, այս գործընթացները տարբեր տարիքային խմբերում տարբեր կերպ են դրսևորվում։ Մասնավորապես, արդի ընդլայնվող փոխհարաբերությունների մշակութային հետևանքները, որոնք նպաստում են աշխարհի ընդհանուր պատկերի ստեղծմանը, առավել սահուն են ընթանում  հատկապես երիտասարդական մշակույթում։ Հենց այս ազդեցությամբ է մշակույթը փոփոխությունների ենթարկվում, որի պատճառն առավել հեշտացված միջմշակութային շփումներն են, որոնց ընթացքում յուրացված մշակութային նորությունները երբեմն ազդում են երիտասարդական մշակույթի վրա։
Երիտասարդությունը, ստեղծելով սեփական արժեքային աշխարհը, դրսևորելով իր առանձնահատկություններն ու կենսաոճը, մշակույթն ու վարքը, ներգրավվելով անընդհատ ընդլայնվող սպառողական շուկայում, հանդես է գալիս որպես ինքնուրույն սոցիալական հանրույթ։ Ինքնադրսևորման ավելի մեծ հնարավորություններ ստանալով՝ երիտասարդությունը դառնում է շուկայում առավել ակտիվ և ինքնուրույն սուբյեկտ։ Ըստ այդմ, նրանք առավել արդյունավետ են օգտագործում նոր սոցիալական կապերը, հաղորդակցության միջոցներն ու նորմերը, կարողանում են յուրացնել բազմարժեք մշակութային տարածությունը։ Այս ամենը հանգեցնում է նյութական և մշակութային փորձի սերնդեսերունդ փոխանցման ՙբնական՚ շարքի խախտմանը։ Նման  
պայմաններում երիտասարդը գործում է  ինքնուրույն, բարոյական սահմանափակումներից կամ ավանդույթներից, ընտանիքից կամ սոցիալական կապերից համեմատաբար ազատ։ Այսպիսի մարդուն թվում է, թե ինքն ազատ է ընտրել այն ամենը, ինչ ուզում է, բայց այդ ըմբռնումը չի կարող լինել համընդհանուր, առավել ևս արդի համաշխարհայնացման պայմաններում։ 
Մշակույթի նման համաշխարհայնացումը երիտասարդներն ընկալում են որպես ամերիկյան կենսաոճի տարածում, որին բնորոշ է անզուսպ սպառողականությունը, ամերիկյան ֆիլմերի և երաժշտության նախընտրությունը, նույն այդ ֆիլմերի  աստղերի վարքի նմանակումը և այլն։ Աճող համաշխարհայնացման գործընթացներում առավել հրատապ խնդիրներից մեկը կապված է մշակույթի պահպանման անհրաժեշտության հետ, որը նույնականության ձևավորման հիմնական աղբյուրներից մեկն է։ Նման իրավիճակում երիտասարդները, որոնցով պայմանավորված է վաղվա օրը, բախվելով օտար դրսևորումներին, հաճախ շտապում են ընդօրինակել դրանք՝ համարելով օգտակար, մինչդեռ թվացյալ օգտակարության հետևում հաճախ կանգնած է լինում այն կործանարարը, որը սպառնում է ազգային մշակույթին։ Մշակույթն ազգային և քաղաքակրթական յուրահատկությունների հիմնական կրողն ու արտահայտողն է։ Համաշխարհայնացման դարաշրջանում մշակույթում ուրվագծվում են երկու՝ եթե ոչ հակադիր, ապա հակասող մտումներ։ Ակնհայտ է, որ քայքայված մշակույթը չի կարող ծառայել ժողովուրդների միասնականացնող քաղաքակրթության միտումներին։
Թեպետ համաշխարհայնացումը, որպես անդեմ և դեռևս չձևավորված հարաբերությունների ամբողջություն, նպաստում է հատկապես տնտեսական  ու սոցիալական առումով թույլ զարգացած երկրների մշակույթների ձուլմանը, այնուամենայնիվ, սոցիալ-մշակութային համակարգերի տարածման և փոխներթափանցման հեռապատկերի  վրա էթնիկ տարաձայնությունները վկայում են ապագայում միակ էթնոսի, միակ մշակույթի ստեղծման անհնարինության մասին։ 
 
 
Նարինե ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Մագիստրանտ