[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՑՈՒԿ ԴԱՌՆԱՆՔ ՄԵԿՍ ՄՅՈՒՍԻՆ

A.jpgՀարցազրույց Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի 
սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ 
-Տիկին Աղաջանյան, ի՞նչ խնդիրներ են դրված Ձեր ղեկավարած ծառայության առջև։
- Գործելով ԼՂՀ-ում իրականացվող սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում, Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի տարածքային գործակալությունն անում է ամեն ինչ՝ հատկացված նյութական և ֆինանսական միջոցները սահմանված ժամկետներում հասցեատերերին հասցնելու համար։ Ամեն տարի կառավարության կողմից շուրջ 3 մլն դրամ է տրամադրվում՝ անապահով և սակավակարող ընտանիքներին հատկացնելու համար։ Ի դեպ՝ գործադիրի համապատասխան որոշմամբ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի տարվա կտրվածքով մեկ անգամ դիմել տարածքային գործակալություն՝ նյութական աջակցություն ստանալու համար։ Պարզ է, որ առաջին հերթին մենք ձգտում ենք աջակցել առավել անապահով կամ տարբեր պատճառներով (այդ թվում՝ հիվանդության) անելանելի վիճակում հայտնված ընտանիքներին։ 
- Որո՞նք են տարածքային գործակալության գործառույթները։
- Մեր ծառայության աշխատանքների հիմնական ծավալը կազմում է նպաստների բաժինը։ Ներկայումս մեզ մոտ հաշվառված է 912 նպաստառու ընտանիք՝ 1172 երեխաներով։  Ասեմ, որ թվերը կրում են հարաբերական բնույթ, քանի որ մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր է դրանք փոփոխվեն՝ հաշվի առնելով հանրապետության տարածքում առկա շարժը, ծնելիությունը, տարածքային ՔԱԿԳ-ի հետ կապված այլ հարցեր։ 
Տարածքային գործակալության սպասարկման ոլորտում են գտնվում միայնակ մայրերը՝ իրենց երեխաներով։ Պահի դրությամբ շրջանում ունենք նման կարգավիճակին պատկանող 104, միակողմանի ծնողազուրկ՝ 97 և առանց ծնողական խնամքի մնացած 6 երեխաներ, ընդ որում՝ երկու ընտանիք Ասկերանում, իսկ մեկ ընտանիք՝ չորս երեխաներով՝ Այգեստանում։ Ունենք նաև ալիմենտ ստացող երեխաներ. նրանք ամուսնալուծված ընտանիքների երեխաներն են։ 
Մեծ ուշադրություն է դարձվում հաշմանդամ երեխաներին։ Բոլոր խմբերի երեխաները մեր ծառայությունից՝ նպաստներից օգտվում են մինչև 18 տարեկան դառնալը՝ բացի առանց ծնողական խնամքի մնացածներից։ Նրանց հանդեպ գործընթացը շարունակվում է մինչև 23 տարեկան դառնալը։ Այդ ընթացքում լուծվում է նաև նրանց բնակարանային խնդիրը։ 
Ունենք 1-ին կարգի 8 հաշմանդամ երեխա։ Ի դեպ՝ հաշմանդամության նպաստ ստանում են միայն 1-ին և 2-րդ խմբերին պատկանող երեխաները. 3-րդ խմբին պատկանող երեխան հաշմանդամության նպաստից չի օգտվում։ Ընդհանուր առմամբ՝ շրջանում ունենք ի ծնե 44 հաշմանդամ երեխա։ Մինչև 18 տարեկան դառնալը նրանք ստանում են իրենց պետական նպաստը՝ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով 18 հազար դրամ, ինչպես նաև ստանում են թոշակ՝ սահմանված բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից։ Պետությունը նրանց, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին մշտապես պահում է ուշադրության կենտրոնում. սանատոր բուժում, տարաբնույթ օգնություններ՝ նյութական և ֆինանսական, ինչպես պետության, այնպես էլ տարբեր բարերարների կողմից տրվող։  Բացի այդ, հաճախակի այցելություններ ենք կազմակերպում նրանց ընտանիքները՝ աջակցելով նաև բարոյապես։ Վերջերս այդ ընտանիքներին օգնություն է տրամադրվել գերմանական ՙՀույսի պատկեր՚ կազմակերպության կողմից՝ սննդամթերքի տեսքով։ 
Այս տարի պետության կողմից հաշմանդամ երեխաներին հատկացվել է երեք ուղեգիր՝ երկուսը ՙՋերմուկ՚, իսկ մեկը՝ ՙԱրզնի՚ առողջարանների համար։ Եվս 9 ուղեգիր է հատկացվել Սևանի լճափին գտնվող ՙԱրևիկ՚ պանսիոնատի համար, որոնք բաշխվել են հատուկ ծրագրով։ ԲՍՓ կենտրոնում ներկայումս գործող հաշմանդամի վերականգնման անհատական ծրագրի համաձայն՝ ուղեգրերը հաշմանդամներին տրվում են համապատասխան հետազոտությունից հետո, քանզի այս կամ այն առողջարանում բուժվելը կարող է նրան հակացուցված լինել։ 
Զոհված ազատամարտիկների ընտանիքների մասով նշեմ, որ այս տարի 16 տեղ ունենք նրանց հատկացված՝ հիմնականում ՙՋերմուկ՚ և ՙԱրզնի՚ առողջարանների համար։ Ունենք նաև ուղեգրեր  ԿԽՄԿ-ին պատկանող՝ Երևանում գործող ՙԳրացիա՚ վերականգնողական կենտրոնի համար, որոնք տրվում են օրթոպեդիկ՝ ոսկրային, ողնաշարային հիվանդություններով տառապողներին։ Այստեղ բուժվողները միշտ էլ գոհունակությամբ են խոսում Կենտրոնի մասին, ինչը նշանակում է, որ բուժումն արդյունավետ է կազմակերպվում։  
Շրջանում կան 4 և ավելի երեխա ունեցող 398 ընտանիքներ, 5 և ավելի՝ 204 ընտանիքներ, դրանք բազմազավակ ընտանիքներ են։ Կառավարության որոշմամբ՝ նպաստ ստանում են 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, իսկ վերջերս սկսել է գործել այն դրույթը, ըստ որի՝ երբ ընտանիքի չորս երեխաներից մեկը դառնում է չափահաս՝ մյուս երեքը շարունակում են օգտվել պետական նպաստից։ Ունենք 56 նման ընտանիք, որտեղ 3-րդ երեխայի 18 տարին դեռ չի լրացել։ Ընդհանուր առմամբ՝ մեր հանրապետությունում երեք երեխա ունեցողը պետական նպաստից չի օգտվում։ 
Շրջանում ունենք մինչև երկու տարեկան թվով 521 երեխա։ Ծննդյան օրվանից այդ երեխաները ստանում են նպաստ՝ մինչև երկու տարեկան դառնալը։         
- Բնակչության թվի ավելացման նպատակով ի՞նչ խթանիչ ծրագրեր եք իրականացնում։
- Շրջանի բնակչության թիվն անցնում է 18 հազարից։ Բայց դրան զուգահեռ ունենք բնակարանաշինության, ամուսնության, ծնելիության խթանման ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս նպաստել ազգաբնակչության աճին, երկրի զարգացմանն ու շենացմանը։ Հունիսի 1-ի դրությամբ մենք ընդունել ենք ամուսնության վերաբերյալ ընդամենը 43 գործ։ Այս նվազ ցուցանիշը պայմանավորված է մի հանգամանքով, այն է՝ հասարակության շրջանում պտտվող լուրերով, իբր, կրկին մեծ հարսանիք պիտի կազմակերպվի… Դե, շատերն այդ պատճառով չեն ամուսնանում, սպասում են… 
Ծնելիության խթանման ծրագրերից է ընտանիքում երրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ ավանդային հաշվի բացումը, ընդ որում՝ 500 հազար դրամ որպես նպաստ տրվում է ծնողին, իսկ 500 հազարը փոխանցվում է ՙԱրցախբանկում՚ երեխայի անվամբ բացված հաշվեհամարին, որից նա կարող է օգտվել 18 տարեկան դառնալուց։  Իսկ ընտանիքում ծնված 4-րդ և ավելի երեխաների ծնողները միանշանակ ստանում են 700 հազար դրամ, ևս 700 հազարը փոխանցվում է երեխայի ավանդային հաշվեհամարին։ Ներկայումս նմանատիպ 45 ավանդային հաշիվ ունենք՝ երեքը՝ 6 երեխատեր, հինգը՝ 5, վեցը՝ 4, մեկը՝ 9 և  30-ը՝ երեք երեխատեր։ 
Շրջանում ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով գործում է նաև բնակարանաշինության ծրագիրը։ Անկախ այն հանգամանքից՝ ունևո՞ր է տվյալ ընտանիքը թե ոչ՝ վեցերորդ երեխան ծնվելուց հետո այդ ընտանիքի համար բնակարան է կառուցվում։ Սա ոգևորում է մարդկանց։ Ընդհանուր առմամբ՝ կարող ենք փաստել, որ շրջանում բնակչության թվի աճ կա։      
Վերջում կուզենայի ասել հետևյալը. մեկս մյուսին նեցուկ լինելը մեր միասնականության առհավատչյան է, ուստի դժվարին այս պայմաններում ձգտենք լինել կուռ և ամբողջական, համախումբ մեր սիրելի հայրենիքի անկախության գաղափարի շուրջ։ Տա Աստված՝ կյանքն Արցախում այնքան բարելավվի, որ ոչ ոք այլևս օգնության կարիք չզգա…
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ