[ARM]     [RUS]     [ENG]

ՔՈԼԱՏԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՎՐԱՆԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ

124.jpgԱրդեն երկու տարի է, ինչ Արցախում լայն թափով աշխատանքներ են իրականացվում՝ վերածնելու մանկապատանեկան տուրիզմն ու տուրիստական միջոցառումները։ Դեռևս խորհրդային տարիներին արցախցի տուրիստները բավականին մեծ հաջողությամբ մասնակցում էին համամիութենական տուրիստական մրցություններին, զբաղեցնում առաջնային տեղեր։ 
Տուրիստական տեխնիկայի իմացությունն ու վարպետությունը մեծ նշանակություն ունեցան Արցախյան պատերազմի տարիներին։ Բացի տեխնիկական մասից, պատանիները տեղեկանում էին հայրենի բնության աշխարհագրությանը, ուսումնասիրում երկրագիտություն, քարտեզագրություն։ Այդ ունակություններն էլ օգնեցին տուրիզմով զբաղվող երիտասարդներին՝առավելագույն պատրաստվածությամբ կողմնորոշվելու տարբեր իրավիճակներում։ Այս առումով էլ Արցախի տուրիզմի վետերանները նախաձեռնեցին կրկին վերածնել և զարգացնել տուրիզմը մեր հանրապետությունում, հատկապես մանուկների և երիտասարդների շրջանում։ Եվ հենց այս տարի էլ ԼՂՀ-ում վետերանների համատեղ ուժերով ստեղծվեց սպորտային տուրիզմի ֆեդերացիան, որի նախագահ ընտրվեց ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ, տուրիզմի նախկին մարզիչ, վետերան Ալբերտ Անդրյանը։ Նորաստեղծ տուրիզմի ֆեդերացիայի և ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի ՙԱպագա սերունդների հիմնադրամի՚ ջանքերով այս տարվա հուլիսի 15-ից Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մերձակայքում մեկնարկեց տուրիստական վրանային ճամբար։Kolatak_13.jpg
Սակայն նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հունիս ամսից, որին մասնակցում էին ԼՂՀ տուրիզմի վետերանները։ Նշենք նաև, որ փորձնականորեն անցած տարի Քոլատակում կազմակերպվել էր տուրիստական վրանային ճամբար, որին աջակցել էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՙԶեփյուռ՚ բնապահպանական հասարակական կազմակերպությունը և տուրիզմի վետերանները։ Հենց ճամբարի ղեկավարն էլ  85.jpgԱլբերտ Անդրյանն էր։ Իսկ արդեն այս տարի, ստեղծելով ԼՂՀ տուրիզմի ֆեդերացիան, ավելի լայնածավալ կիրականացվի ճամբարային կյանքը։ Նշենք, որ ճամբարին կմասնակցեն տարբեր տարիքի պատանիներ, երիտասարդներ, տուրիզմի սիրահարներ, այսինքն՝ կձևավորվեն տարիքային խմբեր, իսկ առաջին խումբը, որ մեկնեց հուլիսի 15-ին, Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տուրիզմով զբաղվող պատանիներն էին։ Այս շաբաթվա ընթացքում նրանք տուրտեխնիկայով կմասնակցեն երթարշավների, կծանոթանան տուրիզմի նրբություններին, իսկ զբոսաշրջային տեխնիկայի, քարտեզագրության, բնապահպանական թեմաների վերաբերյալ սեմինարներ կանցկացնեն տուրիզմի վետերանները, համակարգողները և ՙԶեփյուռ՚ ԲՀԿ-ի անդամները։ 
Տարբեր տարիքային խմբերի վրանային տուրիստական ճամբարը կկազմակերպվի մինչև օգստոսի վերջը։ Այդ ժամանակաընթացքում երիտասարդները կծանոթանան հայրենի երկրի պատմամշակութային կոթողներին, կմաքառեն բարձունքներով, կսովորեն ճիշտ կողմնորոշվել արտակարգ պայմաններում։ Ա. Անդրյանի խոսքերով՝ վրանային ճամբարների նպատակն է ներկա սերնդին դաստիարակել հայրենասիրական ոգով, որ ճանաչեն հայրենիքը, սիրեն և պահեն այն, միաժամանակ լինեն ֆիզիկապես ու հոգեպես կոփված հայրենյաց պաշտպաններ։  
 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ