ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

vospitanie_v_seme.jpgԴաստիարակության հիմնական նպատակը երեխայի անձի ձևավորումն ու նրա հետագա զարգացումն է: Դաստիարակությունից  են կախված երեխայի կողմից իրականության ընկալումը, նրա հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ:
Երեխայի դաստիարկությունն իրականացվում է և՜ գիտակցաբար, և՜ անգիտակցաբար:
 Իմա` գիտակցաբար դաստիարակությամբ զբաղվում են ընտանիքն ու դպրոցը, անգիտակցաբար` շրջապատը, հեռուստատեսությունը, համացանցը և այլն: 
Դեռևս նախնադարյան հասարակության մեջ տոհմը, մարդկային հանրությունը երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք քիչ թե շատ hետևողականորեն կազմակերպում էին տվյալ հանրության աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության, վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասունություն:
Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են երեխայի մտքերի, արարքների և  աշխարհընկալման  վրա: Երեխաներն սպունգի պես ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Մեծ հաճույքով կրկնում են շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Երեխաների դաստիարակության ընթացքում նրանց  բնավորության այն գծերն ու   պահվածքը, որոնք հակասում են ծնողի սկզբունքներին, հարկավոր է համապատասխանեցնել դրանց։ Շատ ծնողներ հատկապես առաջին երեխան ունենալու  ժամանակ հիմնականում  անվստահ են լինում`  վախենալով սխալ դաստիարակել, անվճռականություն են դրսևորում, ինչի արդյունքում ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ: Երբ երեխան զգում է ծնողի անվստահությունը, սկսում է մանիպուլյացիայի ենթարկել նրան, ինչն էլ, բնականաբար, հիմք է ստեղծում համապատասխան բացասական վարքագծի ձևավորման:
Կարելի է պայմանականորեն առանձնացնել դաստիարակության ավտորիտար, դեմոկրատական և  լիբերալ ոճերը: 
Այն ծնողները, որոնց հատուկ է  ավտորիտար դաստիարակությունը, սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ, սահմանափակ են իրենց հույզերում և այլն: Ավտորիտար ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքեր ասելը  ճոխություն է և անընդունելի: Նման հարաբերություններում ծնողը միշտ ճիշտ է, որին պետք է  երեխան անվերապահորեն ենթարկվի: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ, վախկոտ, ջղային, հեշտությամբ են հասակակիցների ազդեցության տակ ընկնում: Նման դաստիարակության արդյունքում տուժում են երեխա-ծնող հարաբերությունները, անխուսափելի են վեճերն ու տարաձայնությունները: Սովորաբար այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաները զուրկ են լինում մարդկային երջանկությունից, հոգեկան խաղաղությունից: 
Լիբերալ ոճով գործող ծնողները ջերմ են և ծայրահեղ հուզական, բայց շատ սահմանափակ հսկողությամբ. քիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ տեղի տալիս նրա քմահաճույքներին: Լիբերալն առավել շահագրգռված է, որ երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանի: Նման ընտանիքներում մեծացող երեխաները լինում են անհանգիստ, ինքնագլուխ, իրենց կամքն են թելադրում ծնողներին, ինչպես նաև՝  թերահավատությամբ վերաբերվում նրանց: Ժամանակակից ընտանիքներում այսօր շատ հաճախ ենք հանդիպում լիբերալ ընտանիքների, որոնցում ծնողները գրեթե չեն մասնակցում երեխայի առօրյային: 
Դեմոկրատ ծնողները զգացմունքներով ջերմ են, հանգիստ, հսկողության մեջ՝ չափավոր, քաջալերում են երեխային, հաճախ զրուցում  նրա հետ, ինչի հետ մեկտեղ կողմնակից են նաև երեխայի անկախությանը: Դեմոկրատական ընտանիքներում ծնող-երեխա հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը: Այսպիսի ընտանիքներում մեծացած երեխաներն ինքնավստահ են (չշփոթել ինքնահավանության հետ), ի վիճակի են պատասխանատվություն կրել, անկախ են, անկեղծ: Բնականաբար,  երեք ոճերից ամենաարդյունավետը հենց վերջինն է, որում կան մի շարք նրբություններ և կանոններ. 
 ¬     հարկավոր է երեխայի հանդեպ լինել սիրալիր: Փոքրիկի հանդեպ սերն ու  գուրգուրանքը թույլ են տալիս նրան պաշտպանված զգալ, վստահ` իր անձի նկատմամբ: Ցավոք, հաճախ ենք նկատում, որ հատկապես տղա երեխաների հանդեպ որոշ ծնողներ զգուշությամբ են գուրգուրանքով վերաբերվում՛ սխալմամբ մտածելով, որ դա նրանց մեջ տղամարդկային գծեր չի ձևավորի: Մինչդեռ իրականում փոքր տարիքում դաստիարակության հարցում նշանակություն չունի երեխայի սեռը, բոլորն էլ զգում են ծնողների ուշադրության, հոգատարության ու սիրո կարիքը: Գրկախառնությունը թույլ է տալիս երեխային պաշտպանված  ու սիրված զգալ, ինչն էլ ապահովություն է ստեղծում նրանց համար. 
    ¬ ծնողների կողմից առաջադրված պահանջները  պետք է լինեն  մշտական, այսինքն`  դրանք չպետք է տրամադրության հետ փոխվեն: Բացի այդ, բոլոր տեսակի պահանջները պետք է համապատասխան լինեն երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգեկան հնարավորություններին: Հակառակն անհնար կլինի իրականացնել, միաժամանակ  կխեղաթյուրի երեխայի կամքի ձևավորումն ու նպատակասլացությունը.
   ¬ հարկավոր է թողնել, որ փոքրիկն ինքնուրույն գնահատի իր արարքները: Նույնիսկ սխալ գործելու դեպքում, ինչն, իհարկե, անխուսափելի է, պետք չէ շտապել սաստելով նրան կանգնեցնել: Թույլ տվեք ավարտին հասցնի այն, հետո նոր բացատրեք, թե ինչը ճիշտ չի արել: Իհարկե, խոսքն այն սխալների մասին չէ, որոնք կարող են վնաս հասցնել շրջապատին կամ երեխային: Դաստիարակության մեջ այս ռազմավարությունը  կնպաստի փորձի ձեռքբերմանը և կբարձրացնի երեխայի ինքնագնահատականը:
Ձախողումը փորձ է, որն անհրաժեշտ է ապագա նպատակներին հասնելու համար: Եթե  երեխան պարտվել է որևէ մրցույթում, բացատրեք նրան, որ իր ժամանակավոր անհաջողությունը շատ մեծ փորձ է ապագայում ավելի լավ արդյունքների հասնելու համար: Երեխան պետք է ժամանակին տեղեկանա, որ ամեն մարդ ունի կոնկրետ ընդունակություն և, որքան շուտ նա սկսի զբաղվել դրանով ու զարգացնել, այնքան ավելի մեծ հաջողության կհասնի: Այս նպատակով պետք է  երեխային թույլ տալ իր ուժերն ու հնարավորությունները փորձել տարբեր բնագավառներում, որից հետո նոր եզրակացնել, թե որտեղ կարող է նա առավելագույնս դրսևորվել:
Դաստիարակությունը այնպես պետք է կառուցել, որ երեխայի մոտ գիտելիքի պահանջ ձևավորվի: Երեխան պետք է իմանա, որ նա կարող է ճանաչել աշխարհը, ինչ-որ նոր հետաքրքիր բան հայտնաբերել, կարևոր հայտնագործություններ անել, ինչից հաճույք կստանա: Դրանով ձևավորվում է հետաքրքրությունը: Օգնեք երեխային ընտելանալ կարգուկանոնի: Խոսքը ոչ միայն դպրոցական կամ ընտանեկան կարգապահության մասին է, այլև՝ շրջապատող աշխարհի, արտաքին միջավայրի: Մշտապես և ամենուր  կարգապահությանը հետևելուց, այս որակը կվերածվի սովորության: 
Որոշ սնոտիապաշտ և վախկոտ ծնողներ, մտածելով, որ կարող են կորցնել իրենց զավակներին, ինչը երբեմն պայմանավորված է նրանց որոշ քրոնիկ հիվանդություններով կամ հաճախակի հիվանդանալով, թույլ են տալիս նրանց անցնել անթույլատրելիության սահմանները, միայն թե իրենց լավ զգան: Սա շատ վտանգավոր երևույթ է դաստիարակության մեջ, ինչը երեխայի մոտ ձևավորում է եսասիրություն, կամակորություն և այլ բացասական որակներ:
Դաստիարակության ոլորտում ամուսինների միջև ընդհարումների առկայությունը նույնպես վնասում է երեխային: Այս դեպքում ծնողները երեխայի դաստիարակության հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ինչն էլ  անընդհատ բախումների առիթ է հանդիսանում: Արդյունքում՝ երեխան դուրս է մնում հսկողությունից` չկողմնորոշվելով, թե ծնողներից ով է ճիշտ:
Որոշ դեպքերում  ծնողները, տեսնելով, որ  երեխան մեծանում է, վախենում են նրանից հեռանալուց, ինչն էլ թաքնված պատճառ է հանդիսանում, որպեսզի նրա մոտ   սերմանեն  մանկական որակներ: Այսպես, կարող են նույնիսկ դեռահասության տարիքում չափից դուրս հոգատարություն դրսևորել, նրանց հետ խոսելու ընթացքում ձայնի ելևէջների մեջ փոփոխություն մտցնել, ամեն քայլափոխի մանուկի տեղ դնելով՝ հետևել և այլն: Այսօրինակ պահվածքը կարող է հանգեցնել ծնող-երեխա հարաբերությունների խաթարմանը, քանի որ ամեն տարիք ունի դաստիարակության իր պահանջները: 
Երեխայի հետ հաճախ զրուցելը,  նրա կարծիքն ու խորհուրդը հարցնելը կարևոր պայման են դաստիրակության գործում: Սա կբարձրացնի նրա ինքնագնահատականն, ու նա ավելի շատ կվստահի ծնողին:
Կարողացեք սիրել ուրիշի երեխաներին: Երբեք օտարին մի արեք այն, ինչ չէիք ցանկանա, որ ձեր երեխային անեն:
 
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան