[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍՊԻՍԻՆ Է ԸՆԿԵՐ ԳԱԼՅԱՆ

10.jpgԾննդյան 90-ամյակի առթիվ
Լրացավ գրի ու գրքի մեծ բարեկամ, ճշմարիտ մտավորական, վաստակավոր ուսուցչուհի, 20-րդ դարի Արցախի լավագույն  մանկավարժ Գալյա Բադասյանի  ծննդյան 90 տարին։  90 տարի, որ թռան գնացին (իր բառերն են) 90 վայրկյանի պես։ Այդ ինը տասնյակ տարիներն օրացույցի թերթիկների նման բազմազան ու բազմիմաստ են եղել՝ լի  ուրախություններով, ձեռքբերումներով,  դառնություններով ու դժվարություններով... 
Ինչքա՛ն շատ բան է հիշում կյանքի խոր աշունն ապրող ուսուցչուհին։ Ինչքա՛ն է ուրախանում ու թախծում,  հպարտանում ու ափսոսում շահածի, ունեցածի ու մոռացության  տվածի համար` դժվար է ասել։ Մի բան, սակայն, պարզ է ու որոշակի։ Նույնիսկ հիմա, երբ մարել է աչքերի լույսը ու ձյուն  իջել վարսերին, երբ դժվարանում է անգամ քայլել՝ էլի երազում, մտովի դասարան է մտնում, տեսնում երեխաների  զվարթ ծիծաղը, լսում նրանց ուրախ կանչերն ու հաճելի  աղմուկը և.... Եվ շա՛տ է ուզում  նորից կարդալ նրանց ազատ շարադրությունները, բանաստեղծություն հիշեցնող չափածո տողերը, բայց մի հանգամանք խանգարում է՝ տարիքը։
Տարիքը, որ այնքա՛ն շատ բան է  խլել, տարել նրանից, բայց  զարմանալիորեն  ու հաճելիորեն միտքը, ուղեղը թողել է նույնը. պայծառ ու արթուն։
- Աշակերտը,- ասում է,- փոքրիկ  դյուրաթեք շիվ է, պետք է իմանալ, ինչպես թեքել, որ չկոտրվի, բոյ քաշի, մեծանա, բարունակ ծառ դառնա։ 
Տարիներ շարունակ  այս հավատքով նա մտել է  դասարան, հոգու գանձերը բաժանել իր սաներին  ու չի  աղքատացել։ Հակառակը՝ հարստացել է ամեն տարի... պատվոգրերով, գովասանագրերով։ Բարի անվանը մի նոր,  բարի անուն է ավելացրել՝ վաստակավոր ուսուցչի կոչումը։ 
Ընկեր Գալյան... Նրան պարզապես ճանաչում, հարգում ու սիրում են բոլորը։  Ե՜վ հայրենի  Մեծ Թաղերում, և  շրջանում ու ողջ հանրապետությունում։ Ճանաչում են իբրև մայրենիի անուն հանած  նվիրյալի, իբրև սովորողների կրթության ու  դաստիարակության գործում  անգնահատելի վաստակ ունեցողի, իբրև ուսման գինը լավ իմացողի։ Նշենք, որ  40-ականների վերջերին ավարտել է Բաքվի մանկավարժական  ինստիտուտը առաջին կարգի  դիպլոմով։ 
Համեստությունը,  ջանասիրությունը, առարկայի  խոր իմացությունը, պատասխանատվության բարձր զգացումն օգնել են նրան` մանկավարժական գործունեության առաջին իսկ տարիներից, առաջին իսկ օրերից վաստակելու  աշակերտների, ծնողների,  գործընկերների հարգանքը, սերն ու  վստահությունը։ 
Դասը նրա համար ասես նվիրումի արարողություն լիներ, ու  տարիների  փորձով իմաստնանալուց հետո անգամ  դասարան էր մտնում  մի յուրահատուկ  երկյուղով ու սրտի տրոփով, ոգևորության բարձր զգացումով։
Կարելի է ասել, որ նրա համար ավելի հրապուրիչ բան չի եղել, քան երեխաների առջև մայրենիի  գեղեցկությունն ու հմայքը բացահայտելը։ Նա միշտ ջանացել է  սաներին սովորեցնել անսխալ հայերենով արտահայտել իրենց մտքերն ու զգացումները, հոգեհարազատ դարձնել մեր քնարերգության սքանչելի գանձերը։ 
Ո՞րն է լավ մարդ դառնալու չափանիշը, ի՞նչ է պետք դրա համար. այս  հարցերն են շարունակ   հետաքրքրել ընկեր Գալյային։ Ահա թե ինչու նա աշխատում էր  զարգացնել աշակերտների գեղագիտական ճաշակն ու զգացումները, նրանց մեջ դաստիարակել  գաղափարաքաղաքական վեհ հատկանիշներ, բնավորության ու վարքագծի հաստատուն գծեր։ Աշակերտներից շատերն են հետևել նրա օրինակին, դարձել մայրենի լեզվի ու գրականության հմուտ ուսուցիչներ, լրագրողներ. Արտաշես Ղահրիյան, Շարմաղ  Կիրակոսյան, Շուշիկ Բեջանյան, Էլզա Խալափյան, ուրիշներ։ Տողերիս հեղինակն անձամբ շատ բան է սովորել նրանից:
Նրան հիշում են մի առանձնակի սիրով, կարոտով, քանզի բոլորի մեջ նա մեծ էր ոչ միայն տարիքով, այլև խելքով։ Դե իսկ, խոստովանենք, այս վերջինը շատ է կարևոր։ ՙՆա անընդհատ որոնումների մեջ էր ու ամեն զանգի ղողանջի հետ կարծես տեսնում էր սաների վաղվա օրը, նրանց  ինքնուրույն ու անվարան քայլերը՚,- վերհիշում է դպրոցի շրջանավարտներից մեկը։ 
Այսպիսին էր մեր ընկեր Գալյան, որն այժմ հանրապետական կարգի անհատական թոշակառու է և ունի ՙԱշխատանքի վետերան՚ մեդալ։ Ասել է թե՝ ըստ արժանվույն գնահատվել է նրա ավանդը կրթության համակարգում։ ՙԳրականության դասավանդման ընթացքում,- ընդգծում է նա,- ուսուցիչը պիտի ձգտի, պետք է կարողանա սաների առաջ բացել գրողի աշխարհը՚։
Շեշտում ու համոզիչ օրինակներ էր բերում՝ իր միտքն ավելի պարզ ու հասկանալի  դարձնելու համար։ 
Նորը, գեղեցիկը տեսնող ու գնահատող, ակտիվ, ջանասեր ու  նախաձեռնող ուսուցչուհի էր։ Նրա ամեն մի դասը, ինչպես ընդունված է ասել, մի հոյակապ ստեղծագործություն էր, քանզի նա դասագրքից ու գրատախտակից, նախատեսված թեմայից շատ ավելի հեռուն էր տեսնում, շատ բան մատուցում, ուսուցանում։ ՙՈւսուցիչը լավ դասի համար պատրաստվում է ամբողջ կյանքի ընթացքում՚. ականավոր մանկավարժ Սուխոմլինսկու այս խորիմաստ տողերն ընկեր Գալյային շատ են պատշաճում։  
Ընկեր Գալյան մի քանի տարի ղեկավարել է դպրոցը, բայց դա նրան առանձնապես չի հրապուրել ու, պատկերավոր լեզվով ասած, իր ՙիշխանությունը՚ ցույց չի տվել։ Ողջ էությամբ մնացել է նույն  ուսուցչուհին։ Ավելին. շատ հաճախ զգացել է, որ պաշտոնը երբեմն իրեն զրկում է (նկատի ուներ ժամանակի կորուստը) գրական գոհարների հրապույրն ամբողջությամբ վայելելուց, մանկավարժական աշխատանքի փոքր թվացող հարցերի մեջ պատշաճ ձևով  խորանալուց։ Եվ դա նկատելի է եղել շատերի համար։ Թերևս  պատահական չէ, որ  ՙԻնչ կանեի, եթե  հրաշագործ  լինեի՚ վերնագրով  տրված շարադրությունում  աշակերտուհիներից մեկը գրել էր. ՙԵթե ես հրաշագործ լինեի, Ձեզ, ընկեր  Բադասյան, նորից ուսուցչուհի կդարձնեի, որպեսզի Ձեր ձայնը դասարանում ամեն օր լսեի ու Ձեր դեմքը երբեք մտահոգ չտեսնեի՚։ 
Թվում է՝ աշակերտուհու այս միամիտ ցանկությունը ևս շատ բան է հուշում նրա՝ ընկեր Գալյայի մասին, պարզ  ու շիտակ մի մարդու, ով հիսուն ու ավելի տարիներ  քայլել է դպրոց տանող ճանապարհով և սաների սիրտն ու հոգին ջերմացրել մեր բառ ու բանով, ասմունքելու իր անգերազանցելի շնորհքով, գիտելիքների ծով պաշարով,  մեսրոպյան գրի ու դպրության հանդեպ ունեցած  սիրով ու պաշտամունքով։ 
Մեր խոսքն ավարտելուց առաջ գոհունակությամբ շեշտենք, որ բոլորովին վերջերս  (ծննդյան օրը) դպրոցում տեղի է ունեցել տոնական արարողություն, որին մասնակցում էին մանկավարժական մեծ կոլեկտիվի գրեթե բոլոր անդամները։ Ներկա էին նաև Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, կրթության շրջանային բաժնի վարիչ Էդիկ Պետրոսյանը, գյուղապետ Վլադիկ Դանիելյանը, ուրիշներ, որոնք եկել էին բարի խոսք  ասելու, հոբելյարին մեծարելու, նրա վաստակը հավուր պատշաճի գնահատելու համար։ 
Բոլորը հիացմունքով, երախտագիտության զգացումով խոսեցին  նրա վարած դասերի, նրա մարդկային նկարագրի մասին։ 
 
Միքայել ԲԱԼՅԱՆ