[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՁՄՌԱՆԸ

Alyosha.jpgԱրդեն զգացվում է ձմռան շունչը. այդ իսկ հանգամանքը հաշվի առնելով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակառուցվածքում գործող կոմունալ ծառայություններից հետաքրքրվեցինք, թե որքանով է մայրաքաղաքը պատրաստ ձմռանը: ՙԱԱ՚-ի զրուցակիցն է ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ի տնօրեն Ալյոշա ՍԵՅՐԱՆՅԱՆԸ:
Տեղեկացնենք` գրեթե 7 տարի է, ինչ Ա. Սեյրանյանը ղեկավարում է այդ հիմնարկությունը, և ստեփանակերտցիներն ականատես են, թե ինչպես հենց այդ տարիներին քաղաքապետարանի և ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ի համատեղ ջանքերով ոլորտում առկա խնդիրները պարբերաբար  ստանում են իրենց լուծումը: Ասվածի մասին է վկայում նաև Ստեփանակերտ այցելողների կարծիքն առ այն, որ մայրաքաղաքն իր մաքուր տեսքով ստեղծում է  հաճելի տպավորություն:
Մինչ բուն հարցին անցնելը, տնօրենն իրազակեց կազմակերպության ձեռքբերումների մասին: Մասնավորապես, մոտ երկու տարի է, ինչ սանմաքրման աշխատանքները համակարգվել են նաև ծայրամասերում` Նոր Արեշում, Կրկժանում, Աջափնյակում, Հին Արմենավանում, այլուր: Կառուցվել են  նոր աղբահարթակներ, որտեղ տեղադրվել են համապատասխան քանակի աղբարկղեր: Երկու-երեք օրը մեկ աղբահանություն է կատարվում ծայրամասերից, բացառությամբ Կրկժանի` ելնելով յուրահատուկ պայմաններից. աղբն այստեղից տեղափոխվում է ամեն օր: Բնականաբար, կենտրոնական փողոցներից նույնպես աղբը հավաքվում է ամեն օր, տարվա այս եղանակին էլ` երկու անգամ: Չնախատեսված դեպքերի համար էլ կազմակերպությունում հերթապահում են աղբահավաք երկու մեքենաներ, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել: ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ը  ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում տոնական օրերին և շաբաթօրյակներին:
Ըստ Ա. Սեյրանյանի` գրեթե ամեն տարի թարմացվում է կազմակերպության ավտոպարկը: 2013թ. ԼՂՀ կառավարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ ձեռք են բերվել ՙԿամԱԶ՚ մակնիշի մեկ աղբատար և մեկ ջրցան մեքենա: Ավտոպարկը կընդլայնվի նույն տիպի մեքենաներով, որոնք նախատեսված է ձեռք բերել  2013թ. վերջին կամ 2014թ. սկզբին: Մեքենակազմի ամենամյա թարմացումը մեծապես նպաստում է հիմնարկի աշխատանքների արդյունավետ  կազմակերպմանը: Այսօրվա դրությամբ ավտոպարկը հագեցած է 26 միավոր տեխնիկայով: Լուծված է նաև վառելիքի հարցը` հիմնականում սեփական միջոցների շնորհիվ, առանձին դեպքերում` քաղաքապետարանի աջակցությամբ:
Տնօրենի տեղեկատվությամբ` վերջին տարիներին տեսանելի առաջընթաց է գրանցվել աղբահանման դիմաց վճարների հավաքագրման գործում: Եթե անցյալում պլանը կատարվում էր մոտ 65%-ով, այժմ հնարավոր է դառնում կատարել գրեթե 85%-ով: Համակարգված աղբահանումը տվել է իր արդյունքները` բնակչությունն սկսել է բարեխղճորեն կատարել աղբահանման դիմաց վճարումները: Սակայն դեռևս կան հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք հրաժարվում են կատարել պայմանագրով կնքված՝ աղբահանման դիմաց վճարումները: Ժամանակին վճարումները չկատարելու դեպքում կազմակերպությունն ստիպված է լինում դիմել դատարան` պատասխանատվության հրավիրելու համապատասխան հիմնարկ-ձեռնարկությանը:
Վերջերս էլ Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանների համագործակցության շրջանակներում ՀՀ մայրաքաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ, նվիրել համակարգիչ և ծանոթացել աշխատանքների գործընթացին, որի մասին մեծ գոհունակությամբ է արտահայտվել` գտնելով, որ այն ընդօրինակելու տեղ ունի: Հյուրերի ուշադրությունից չվրիպեց այն քարտեզների առկայությունը, որոնց միջոցով հիմնարկությունը հստակեցնում է թե՜ աղբահավաք մեքենաների երթուղիները, թե՜ մաքրման ենթակա տեղամասերը, թե՜ դրանք սպասարկող բրիգադները:
Ինչ վերաբերում է 2013-2014 թթ. ձմռան նախապատրաստմանը, Ա. Սեյրանյանը հավաստեց, որ կազմակերպությունն արդեն իսկ պատրաստ է պատշաճ մակարդակով կատարելու իր պարտականությունները. Երևանից բերված է 40 տոննա տեխնիկական աղ, 20տ էլ մնացել էր անցյալ տարվանից, կուտակված է նաև համապատասխան քանակի ավազ: Ըստ տնօրենի` այդ քանակը բավարար է, որպեսզի լուծվեն Արցախին բնորոշ ձմեռային խնդիրները: Պատրաստված են նաև անհրաժեշտ քանակի ֆաներայից բահեր, որոնցով մաքրվում է մայթերի ձյունը: Աղցան և ձյունահավաք երկու մեքենաներն էլ գտնվում են սարքին վիճակում։ 
Քանի որ հիմնարկի գործառույթների մեջ է մտնում նաև թափառող շների և շնագայլերի ոչնչացումը, հետաքրքրվեցինք նաև այդ աշխատանքների արդյունքներով: Պարզվեց, որ գործընթացն  իրականացվում է գիշերը կամ վաղ առավոտյան ժամերին: Ունեն երկու հաստիքային որսորդ, անհրաժեշտության դեպքում էլ պայմանագիր են կնքում այլ որսորդների հետ: Ոչնչացրած շների և շնագայլերի քանակը մեկ ամսվա կտրվածքով 25-30 է: Դրանք պարտադիր նույն օրը տեղափոխվում են կենտրոնական աղբանոց, գցվում նախապես փորված փոսերի մեջ ու ծածկվում հողով:
Վերջում տեղեկացնենք, որ քաղաքապետի որոշմամբ կենտրոնական նոր աղբանոցի շահագործումը ժամանակավոր դրված է ՙՍանմաքրում՚ ՀՈԱԿ-ի վրա:
 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ