[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ. ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԳԱԼԻՔԻ ՀԱՎԱՏՈՎ

image_cr.jpgՀայրենասիրությունը՝ գործողության մեջ
Դեռևս  խորհրդային  ամբողջատիրության  ժամանակաշրջանից արցախյան որոշ բնակավայրերի միայն անուններն են մնացել։ Դրանցից են Հայադը, Ուլուբաբը, Քյաթուկը, Քարագլուխը, Սխտորաշենը, Պետրոսաշենը և այլն։ 20-րդ դարավերջին նույն տխուր հեռանկարն էին կանխատեսում Մարտակերտի շրջանի Չափար, Գառնաքար և մի շարք այլ գյուղերի համար։ 
Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը խթանեց գործընթացը. մոմի պես հալվող որոշ բնակավայրերում կտրուկ նվազեց բնակչությունը, որոշներն էլ ծերացան։
Պետության ՙգրպանում՚ եղած գումարը չէր հերիքում վտանգավոր այդ միտմանը դիմագրավելու համար։ Ու եթե փակուղուց դուրս գալու այլ տարբերակներ կյանքի չկոչվեն, հաստատ նշված ու չնշված բնակավայրերի մեծ մասը կդատարկվի։
Ծննդով Չափար գյուղից  Վարուժան Գրիգորյանի անունը ձորակի բնակիչների կողմից ընկալվում էր որպես փրկության հոմանիշ։ 2002 թվականից նա սեփական միջոցներով Գետավան գյուղում հիմնադրեց կենցաղի տուն,  կահավորեց անհրաժեշտ  գույքով, Վերին Հոռաթաղում նորոգեց  մշակույթի տունը, Զարդախաչում կառուցեց կենցաղի տուն, ծննդավայրում չորս կիլոմետր հեռավորությունից  ջրագիծ անցկացրեց, իր բոլոր հարմարություններով կենցաղի տուն կառուցեց, գյուղին նոր երթուղային ավտոբուս նվիրեց։ Եթե ասվածին գումարենք նաև այն, որ հայրենի բնօրրանից զոհված ազատամարտիկների ընտանիքներին պարբերաբար դրամական օգնություն էր ցուցաբերում (ամեն գալուց՝ 200¬300¬ական ԱՄՆ դոլար), ապա պատկերն ամբողջական կդառնա։
Թվում էր, թե արվածը քիչ չէ, և մարդն իր բարեգործական առաքելությունը կատարած՝ կարող է հանգիստ խղճով...անկողին մտնել։
Բայց՝ ոչ։ Դա Վարուժանի  համար չէր։ Մանավանդ որ ականջի ծայրով որսում էր այն՝ դեռևս թույլ տագնապներն  ու ահազանգերը, որ չափարցի որոշ երիտասարդ ընտանիքներ մտադրություն ունեն լքել գյուղը։ Պատճառները ծանրակշիռ էին. կարգին դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն չկար, մի խոսքով՝ գյուղում տեղը-տեղին ոչինչ չկար։
Երկար, շա՛տ երկար խորհեց Վարուժանը. այդ ամենն ունենալու համար անչափ մեծ գումարներ էր պահանջվում։ Կկարողանա՞ մինչև վերջ ձգել, թե կմնա կեսճանապարհին։ Պատվախնդիր մարդու համար դա պարզապես ձախողում չի լինի։
Մյուս կողմից էլ՝ նրան ոգևորում էր այն հանգամանքը, որ նորանկախ Արցախի Հանրապետությունում արդեն իսկ կան մարդիկ, բարեգործներ, ովքեր այս կամ այն բնակավայրում (կապ չունի՝ իրենց ծննդավայրն է այն, թե  ոչ) նմանատիպ գործեր են ձեռնարկել, երկրի ղեկավարությունն էլ (ի մասնավորի՝ առաջին դեմքը)  ողջունում է նման քայլերը։ 
Այդ տեսանկյունից 2007 թվականը շրջադարձային եղավ. Վարուժան Գրիգորյանը կատարեց մեծ կառուցապատման  անդրանիկ քայլը, այն է՝ սկսեց երկհարկանի շենքի շինարարությունը, որի 1-ին հարկը պետք է ծառայի 22 երեխայի համար գյուղական մանկապարտեզին, 2-րդ հարկը՝ 130¬ տեղանոց ակումբին։ Հետո հաջորդեցին երկրորդ քայլը, երրորդը...
Վերջին այս տարիներին լսել էի չափարցի բարերարի աննախադեպ ձեռնարկումների մասին։ Ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր՝ սեփական աչքերով տեսնելու այդ ամենը։ Եվ ահա բոլորովին վերջերս խմբագրության մեր մեքենան ուղղություն վերցրեց դեպի նպատակակետ։ Մի քանի ժամվա ճանապարհից ու հերթական ոլորանը հաղթահարելուց հետո մեր առջև բացվեց անսովոր մի տեսարան. անտառածածկ  գեղատեսիլ գոգավորությունում ընկած Չափար գյուղը մի հսկայական շինհրապարակ էր հիշեցնում։ Քիչ անց համայնքի ղեկավար Վաղինակ Սարգսյանը մի առանձին ոգևորությամբ սկսեց ներկայացնել կիսակառույց կամ ավարտման փուլում գտնվող   շինությունները. երկհարկանի շենքը, որի տանիքի վրա են արդեն աշխատում շինարարները, դպրոցն է՝ 84 աշակերտի համար (կառուցումն սկսվել է ս.թ. մայիս ամսից), քիչ այն կողմ ավարտուն տեսք ստացած երկհարկանին  մանկապարտեզ-ակումբն է, լայնացվող ու խճապատվող կենտրոնական փողոցի հարևանությամբ՝ հրշեջ-փրկարարական կետն է՝ իր մեքենակազմով, ապա գալիս է հսկայական մի շինություն, ուր տեղաբաշխված կլինեն գյուղապետարանը, 250. տեղանոց հանդիսությունների սրահը, ՙՉափար՚ հիմնադրամի գրասենյակը, դիմացը կառուցվող հյուրատունն է, այստեղ-այնտեղ վեր խոյացող միհարկանի-երկհարկ բնակելիները։
 Մեկ այլ՝ զուգահեռաբար իրագործվող ծրագիր. Ռուսաստանում և Հայաստանում ոչ քիչ նախկին չափարցիներ կան։ Վարուժան Գրիգորյանը նրանցից շատերին մի գեղեցիկ օր հավաքել և կոչ է արել վերականգնել հայրական օջախները։ Ռուսաստանաբնակ Վալերի Կարապետյանն արդեն ավարտել է հայրական տան կառուցապատումը, հայաստանաբնակ Վաղարշակ Սևումյանի պապենական օջախի վերականգնումն ընթացքի մեջ է։ Կոչին միացել են ևս երկու-երեք հոգի։
Այս գյուղի վերականգնման ընդհանուր համայնապատկերին ևս մեկ շտրիխ. տարիներ շարունակ բջջային հեռախոսակապը գրեթե հասանելի չէր չափարցիների համար։ Այսօր գյուղի ու նրա հարակից ողջ տարածքում բջջայինը գործում է, ևս 66 բաժանորդներ ստացիոնար բջջային հեռախոսակապից են օգտվում։ Բացի այդ, Վարուժան Գրիգորյանի միջամտությամբ և ՙՂՏ՚-ի գործադիր տնօրեն Գ. Օդաբաշյանի բարի կամքով գյուղում լիարժեք գործում է ինտեռնետ-կապը, 15 ընտանիք օգտվում է համացանցից։ Ընթացքի մեջ է նաև Մեծ Հայրենականում ու Արցախյան գոյամարտում նահատակված չափարցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի կառուցապատումը։
Մեր զրուցակցի տեղեկատվությամբ՝ զոհված երկու ազատամարտիկների ու սոցիալապես անապահով երկու ընտանիքների բնակարանների վերանորոգում է իրականացվում։ Չափարն ունի 83 տնտեսություն՝ 330 շնչով. Վարուժան Գրիգորյանի՝ ամեն անգամ գյուղ այցելելուց տեղի ողջ բնակչությունը որոշակի գումար, մթերքներ է ստանում. 2011-ին 9 մլն դրամ է տրվել գյուղաբնակներին (յուրաքանչյուր բնակչի՝ 35 հազ. 500 դրամ), ևս 10 մլն դրամ՝  երիտասարդ ընտանիքներին (մեկ շնչին՝ 78 հազ. 740 դրամ)։ Գյուղապետը դժվարանում է չափարցիներին վերջին տարիներին  բարերարի կողմից ցուցաբերված  օգնության կոնկրետ թվերն ասել, բայց այս տարվա վերջին երկու օգնությունները թվարկում է. յուրաքանչյուր շնչի՝ 25կգ ալյուր, 5կգ շաքարավազ, 3լ ձեթ, 50կգ կարտոֆիլ և այլն։
Թվում է՝ ամեն ինչ ասված է։ Չնայած ինձ անհանգստացնում է միանգամայն այլ միտք։ Բանն այն է, որ Վարուժան Գրիգորյանի հետ մեր ծանոթությունից անցել է ավելի քան մեկ տասնամյակ։ Այդ տարիներին  իմ մոտ տպավորված է մնացել նրա՝ այն ժամանակ ասած անչափ  հետաքրքիր միտքը։ Նկատի ունենալով Արցախյան պատերազմում կռած մեր հաղթանակը՝ նա ասել է. ՙՏարածքը, հաղթանակները նվաճվում են զենքով, բայց այդ ամենը հետագայում ամրագրում է... մոր արգանդը՚։
Ու բացել է փակագծերը. բարեգործությունը՝ բարեգործություն, բայց դրա հիմքում պետք է ընկած լինի ծնելիության խթանման համակարգված ծրագիր, առանց որի ցանկացած գյուղ դատապարտված է։
Ուրեմն՝ ի՞նչ է ստացվում. մի՞թե Վարուժան Գրիգորյանը մոռացության է մատնել անչափ կենսական այդ հիմնադրույթը։
Այդ մասին ես հարցնում եմ համայնքի ղեկավարին և հուրախություն ինձ՝ ստանում հետևյալ պատասխանը. իհարկե, բարերարը ոչ միայն չի մոռացել, այլև երիտասարդ ընտանիքներին մշտապես սատարումը համարում է իր գերակա խնդիրը։
- Երիտասարդ ընտանիքում ծնված յուրաքանչյուր 4-րդ երեխային Վ. Գրիգորյանը միանվագ տալիս է 5 հազար ԱՄՆ դոլար. 2013 թվականին 4 ընտանիք օգտվել է այդ գումարից։ Միաժամանակ՝ նույն այդ բազմազավակ  ընտանիքները բարերարից ստացել են 5-հազարական դոլար նոր տուն կառուցելու համար։ Երկու  տուն  արդեն կառուցված է, մեկի տանիքն էլ այս օրերին է դրվում, 4-րդ տան հիմքերը  նոր են գցել,- տեղեկացնում է համայնքի ղեկավարն ու հավելում,-2013-ին ևս 5 նորածիններ պետք է համալրեն  այդ շարքը։ Իսկ ծրագրում մոտակա տարիներին ամենամյա ծնունդները պետք է հասնեն երկու տասնյակի։
Որքանո՞վ է դա իրատեսական. այս հարցն է ահագնանում իմ հայացքում։ Բայց մեկեն այն տեղի է տալիս, գնում-միանում գյուղի վերընձյուղման աշխույժ եռուզեռի, տարատեսակ շինտեխնիկայի ու մեծաթիվ շինարարների աղմուկ-աղաղակի հետ, որպես կասկածի վերջին նշույլ՝ լուծվում ձորից դեպի բարձունք ձգվող ամպի ծվենին։
Ու այդ ամենը գալիս է հաստատելու, որ  գյուղի թիկունքում բազմած Հակառակաբերդի հովանու ներքո կծնվեն նոր Վարուժաններ, ովքեր հասակ կառնեն, կզորանան ու իրենց արծվենի հայացքով  կվերահսկեն հայրենի բնօրրանի անդորրը։    
 
* * *
Մոտենում է գյուղից հեռանալու պահը։ Մի վերջին անգամ հայացքով ընդգրկում եմ նորակառույց շինություններն ու վաղվա օրվա հավատով լցված ահել ու ջահել չափարցիներին, երբ նրանցից զատվում ու ինձ է մոտենում տարիքն ուսած մի տղամարդ. ես նրան գիտեմ շա՛տ վաղուց՝ 20-րդ դարի Արցախի լավագույն մանկավարժ, հանրապետության վաստակավոր ուսուցիչ Նիկոլայ Սաղյանն է, ով երկար տարիներ տնօրինել է տեղի դպրոցը և, իհարկե, դասավանդել Վարուժանին։ Խնդրում եմ  գնահատել իր նախկին սանի կատարածը. ուրիշ ո՞վ, եթե ոչ նա կարող է արժանին գնահատել գյուղում ծավալված գործընթացն ու այդ ամենի հիմնական ՙմեղավորին՚։
-Սա նույնպես հայրենասիրության վառ դրսևորում է, բոլորս երախտապարտ ենք նրան՝ ծննդավայրին երկրորդ շնչառություն պարգևելու համար։ Նա փոքրուց էլ գործի մարդ էր,¬ ասում է վաստակաշատ մանկավարժն ու հավելում,¬ այսօր Վարուժան Գրիգորյանի ուսերին նոր պարտականություններ են դրված՝ նա ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչն է, վերջերս էլ ընտրվեց ՙԱրցախ՚ հայրենակցական միության նախագահ։ Հաջողություն մաղթենք նրան՝ հավատացած, որ պետական,  հայրենակցական ու բարեգործական աշխատանքներն իրար չեն խանգարի, ընդհակառակը՝ միմյանց կլրացնեն։
Մենք նույնպես միանում ենք այդ բարեմաղթանքին։  
 
 
Նիկոլայ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ