ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ՝ ՏԵՍՉԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Հարցազրույց ԼՂՀ  ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետ Սևակ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ 
-Ի՞նչ վերահսկողական գործառույթներ ունի բնապահպանական տեսչությունը:
- Տեսչությունը վերահսկողություն է իրականացնում մթնոլորտային օդի պահպանության, ջրային ռեսուրսների, կենդանական ու բուսական աշխարհի օգտագործման ու պահպանության, հողերի պահպանության, ընդերքի օգտագործման ու պահպանության, վտանգավոր նյութերի, արտադրական ու սպառման թափոնների նորմերի պահպանության ու պահանջների կատարման նկատմամբ:
 Տեսչության կողմից վերահսկվում է նաև բնապահպանական պետական  փորձաքննության, բնապահապանական և բնօգտագործման վճարների հաշվառման կարգը, իրականացվում է բնապահպանական վարչական վիճակագրություն: Այս գործառույթները ճյուղաբաժանված են, սակայն տեսչությունը հիմնական գործունեություն է ծավալում շուրջ 10 ենթագործառույթների շրջանակներում, որոնց մասին նշվեց սկզբում: Մեր տեսչությունն իր վերահսկողական գործառույթներն իրականացնում է թեմատիկ ստուգումների և հանրապետության տարածքով շրջագայությունների միջոցով: Մեզ համար հիմք են ծառայում նաև տեղական ինքնակառավարման և պետական մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների բողոքները: Կազմակերպվում են նաև համապատասխան օրենսդրության կատարման   ստուգումներ:
- Ի՞նչ լիազորություններ ունի բնապահպանության տեսուչը:
- Բնապահպանության պետական տեսուչն իր պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվում է ՙԲնապահպանության մասին՚ օրենքով, ԼՂՀ այլ օրենքներով ու իրավական  ակտերով և լիազոր մարմնի սահմանած մեթոդական ցուցումներով: Տեսչության ներկայացուցիչներն իրականացնում են անկողմնակալ վերահսկողություն բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ, արձանագրում բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իրավասության սահմաններում տալիս համապատասխան ընթացք: Բնապահպանական օրենսդրության խախտում հայտնաբերելու դեպքում մենք անց ենք կացնում քննություն, իսկ հանցագործության հատկանիշներով բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի մասին իրազեկվում են իրավապահ մարմինները: Մեր տեսուչներն իրավունք ունեն ստուգվող սուբյեկտներից պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և անհրաժեշտ այլ փաստաթղթեր, ինչպես նաև վերցնել փորձանմուշներ և կատարել կապարակնքում: Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով որոշ դեպքերում առգրավվում են ապօրինի ձեռքբերված բնական ռեսուրսները և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռքբերված որսը և որսագործիքները: Բնապահպանական օրենսդրության վերաբերյալ մենք նաև իրականացնում ենք բացատրական աշխատանքներ, եթե անհրաժեշտություն կա` ներգրավելով մասնագետների և փորձագետների:
 - Տարվա ընթացքում ձեր կողմից իրականացված ստուգումներով ու շրջայցերով ի՞նչ բացահայտումներ եք արել:
- Ստուգումների արդյունքում գործերի քննության գրանցամատյանում գրանցվել է 60 գործ: Պետք է ասել, որ բացահայտված  խախտումները կրում են ՙավանդական՚ բնույթ, այն է` բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների պահպանության կանոնների խախտումներ: Համեմատաբար մեծ թիվ են կազմում անտառախախտման (16) և  ապօրինի ծառահատման (7) գործերը: Ջրօգտագործման թույլտվության ստուգման արդյունքում բացահայտվել է  17 խախտում՝ լիցենզիայի  մասով: Գրանցվել է ապօրինի որսորդության 12 դեպք, հիմնականում` արգելված որսաշրջանի ընթացքում գործելու համար, ապօրինի  ընդերքօգտագործման 1 դեպք. քաղաքացին Մարտունու ճանապարհահատվածի շինարարության ժամանակ  անօրեն զբաղվել է խճի արդյունահանմամբ: Մեր տեսուչները բացահայտել են նաև ապօրինի ձկնորսության  4 դեպք:
- Որքա՞ն է կազմում քննության առնված գործերի տուգանային չափը:
- Առգրավված գումարների չափի մասին հնարավոր կլինի խոսել տարվա արդյունքներն ամփոփելուց հետո: Պետք է ասել, որ բնապահպանական խախտումներ գործած քաղաքացիները հաճախ խնդիրներ են ունենում վճարունակության առումով: Տուգանքների գանձմամբ անմիջականորեն զբաղվում են դատաիրավական մարմիններն ու ԴԱՀԿ ծառայությունը: 2012թ. արդյունքներով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 55 399,5 հազար դրամ:  
- Կա՞ն ոլորտներ, որտեղ ավելի մեծ է տեսչական միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը:
-Բոլոր ոլորտներում էլ տեսչական վերահսկողությունն անհրաժեշտ է: Թերևս կարելի է առանձնացնել հանքարդյունաբերությունը, քանի որ այս ոլորտում բնօգտագործման որևէ չափանիշ չպահպանելը կարող է աղետալի ու անդառնալի վնաս պատճառել բնությանը: Ի դեպ, տեսչության կանոնադրությամբ սահմանված վերահսկողական բոլոր գործառույթներն ընդգրկում են այդ ոլորտը:
 - Ըստ Ձեզ, մեր հանրապետությունում հանքարդյունաբերության զարգացումը որքանո՞վ է ընթանում բնօգտագործման և շրջակա միջավայրի պահպանության նորմերի  պաշտպանությամբ:  
- Հանքարդյունաբերական ցանկացած նախագիծ ունի բնապահպանական մաս, որտեղ նշվում է մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վնասի հնարավոր չափը: Նախատեսվում են բոլոր  միջոցառումները բնապահպանական սպառնալիքները նվազեցնելու կամ բացառելու համար: Տեսչության կողմից ուսումնասիրությունների ժամանակ բնապահպանական վնասներ կամ ի հայտ չեն գալիս, կամ ի հայտ գալու դեպքում չնչին են լինում: Ընդհանրապես, վնասակար ազդեցություն գործող յուրաքանչյուր օբյեկտի համար միջազգային չափանիշներով սահմանված են ազդեցության գոտու չափերը, որոնք կոչվում  են սանիտարապաշտպանական գոտիներ: Սահմանված են կողմնորոշիչ  չափեր, որոնք նախագծման ժամանակ հաշվի են առնվում: Բացի այդ, այսօր աշխարհում ընդերքի շահագործման նոր տեխնոլոգիաներ կան, որոնք հնարավորություն են  տալիս շրջակա միջավայրին պատճառվող  վնասը  հասցնել նվազագույնի:
- Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության կողմից իրականացված դիտարկումներից հետո խոսվեց ձեր կառույցի թերություններից, նշվեց, որ դրանք  նաև օբյեկտիվ պատճառներ ունեն: Ի՞նչ թերացումներ էին դրանք, և ի՞նչ է արվում ավելի արդյունավետ աշխատելու համար:
- Տեսչական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած վերջին տարիներին արձանագրված դրական միտումին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է էլ ավելի կատարելագործել և բարեփոխել տեսչական աշխատանքների համակարգման անհրաժեշտ իրավական դաշտը, բարձրացնել տեսչության տեխնիկական հագեցածության աստիճանը, ընդունել և հաստատել ՙԲնապահպանական վերահսկողության մասին՚  օրենքի կիրարկումն ապահովող բոլոր ենթաօրենսդրական ակտերը: Արձանագրված թերություններն, իրոք, օբյեկտիվ պատճառներ ունեն. սարքերի, սարքավորումների բացակայություն, մասնագետների պակաս և այլն: Տեսչական անհրաժեշտ աշխատանքների ընթացքում մենք առաջնորդվում ենք, ինչպես ասում են, դարն ապրած միջոցներով ու սարքավորումներով: Մենք չենք կարողանում վերահսկել մթնոլորտի օզոնային շերտը, քանի որ չկան համապատասխան սարքավորումներ, լաբորատորիաներ: Այսօր մենք չենք կարող ասել, թե մեր հանրապետությունում գործող արդյունաբերական կազմակերպություններն ինչ չափով են վնասում այդ շերտը: Բնապահպանության ողջ աշխատակազմն օգտվում է մեկ մեքենայից, ահազանգերի դեպքում մենք հաճախ սեփական փոխադրամիջոցներով ենք դեպքի վայր հասնում: Շրջանների ստորաբաժանումներում ընդամենը մեկական ներկայացուցիչ ունենք, քանի որ մեր աշխատավարձերը ևս  առանձին հետաքրքրություն չեն առաջացնում մարդկանց մոտ: 
- Ունե՞ք կադրերի խնդիր: Ո՞ւմ հետ ակտիվ և արդյունավետ համագործակցության օրինակներ ունեք: 
- Համագործակցում ենք իրավապահ մարմինների, հատկապես ԼՂՀ  ոստիկանության, ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության և պետական կառավարման այլ մարմինների  հետ: Մեր աշխատակիցները պարբերաբար ներգրավվում են ՀՀ-ում կազմակերպվող տարբեր մասնագիտական դասընթացներում, կազմակերպվում են փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումներ: ՀՀ բնապահպանության նախարարությունը  մեր տեսչությանը ավտոմեքենա, տեսչական համազգեստներ և համակարգիչներ է նվիրել: 
- Նախատեսվող աշխատանքների մասին։ 
- Կազմված են կիսամյակային ծրագրեր, որոնցով հիմնականում առաջնորդվում ենք: Ծրագրից դուրս կատարում ենք նաև այլ աշխատանքներ` համաձայն ՙԲնապահպանական վերահսկողության մասին՚ ԼՂՀ օրենքի 25-րդ հոդվածի: Մեր խնդիրն է նաև  ուժեղացնել միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը։       
 
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ